Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.136.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0274/02/11

2011թ.   

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0274/02/11

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղունիկ Ասլիյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Արթուր Խաչատրյանի, Արուսյակ Տոնոյանի հայցի ընդդեմ Աղունիկ Ասլիյանի, երրորդ անձ Գյումրու քաղաքապետարանի՝ սեփականատիրոջ իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Խաչատրյանը և Արուսյակ Տոնոյանը պահանջել են պարտավորեցնել Աղունիկ Ասլիյանին վերացնել իրենց սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները, ազատել սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող տարածքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 16.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «պարտավորեցնել պատասխանող Աղունիկ Լևոնի Ասլիյանին վերացնել հայցվորներ Արթուր Մամիկոնի Խաչատրյանի և Արուսյակ Հարությունի Տոնոյանի սեփականության իրավունքի խախտումները՝ սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 1-ամսյա ժամկետում հայցվորներին պատկանող՝ ք. Գյումրի, Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող հողամասի թիվ 139/006 ժամանակավոր կացարանով զբաղեցված տարածքն ազատել և տնակը հեռացնել նշված հողամասից»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.08.2011 թվականի որոշմամբ Աղունիկ Ասլիյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղունիկ Ասլիյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արթուր Խաչատրյանը և Արուսյակ Տոնոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ, 53-րդ, 91-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել է այն հանգամանքը, որ Աղունիկ Ասլիյանին պատկանող թիվ 139/006 տնակը գտնվում է Գյումրիի Մուսայելյան փողոցի վրա, իսկ Արթուր Խաչատրյանին և Արուսյակ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը` Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում: Այսինքն` թիվ 139/006 տնակն Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի սեփականության իրավունքը չի խախտում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ թիվ 139/006 տնակը Գյումրիի Մուսայելյան փողոցի վրա տեղադրված է օրինական կարգով դեռևս 1989 թվականից, իսկ Արթուր Խաչատրյանը և Արուսյակ Տոնոյանը Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող տարածքը գնել են 05.02.2009 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 16.02.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2647418 վկայականի համաձայն` Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող վարչական շենքը և 0,25հա հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Խաչատրյանին և Արուսյակ Տոնոյանին: Ըստ նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա հատակագծի` հողամասը 1-2 հատվածով սահմանակից է Մուսայելյան փողոցին, իսկ Մուսայելյան փողոցից մինչև շինությունն ընկած հատվածը կազմում է 21մ (գ.թ. 6-8):

2. «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի 24.01.2011 թվականի թիվ Ա-009 հաշվետվության համաձայն` Գյումրիի Թումանյան փողոցի թիվ 143/2 հասցեում գտնվող վարչական շենքի ճակատային մասն ուղղված է դեպի Մուսայելյան փողոց, որի դիմաց առանձնացված հողամասի լայնությունը դեպի Մուսայելյան փողոց կազմում է 21,0մ, իսկ երկարությունը՝ 50,65մ, այդ հատվածում տեղադրված է թիվ 139/006 տնակային տնտեսություն, որը հողամասի 1-2 հատվածից հեռացված է մոտ 9մ, շինության ճակատային մասից` 15,0մ, իսկ նախամուտքի մասը՝ 13,7մ (գ.թ. 9-13):

3. Ապացույցը դրա գտնվելու վայրում զննելու և հետազոտելու մասին Դատարանի 23.03.2011 թվականի արձանագրության համաձայն` զննությամբ պարզվել է, որ թիվ 139/006 ժամանակավոր կացարանը գտնվում է Գյումրիի Մուսայելյան փողոցի վրա՝ արևելյան կողմի մայթեզրին կից, փողոցի բանուկ մասից 5,3մ հեռավորության վրա: Նշված տնակի մյուս՝ արևելյան կողմում գտնվում է հայցվորներին պատկանող Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող վարչական շենքը: Վարչական շենքից մինչև 139/006 տնակի մուտքն ընկած հատվածը կազմում է 15մ, իսկ մինչև տնակի արևմտյան կողմի պատը կազմում է 22,20մ: Նշված տնակի հյուսիսային կողմի պատից մինչև Թումանյան փողոցի բանուկ մասը կազմում է 40մ (գ.թ. 48):

 4. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 06.07.2010 թվականի վճռով մերժվել է Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի հայցն ընդդեմ Աղունիկ Ասլիյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է, որ «Ա. Խաչատրյանի և Ա. Տոնոյանի պատճառաբանությունը, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Թումանյան փողոցի 143/2 վարչական շենքի տարածքում պատասխանող Ա. Ասլիյանի թիվ 139/006 տնակը խանգարում է իրենց կողմից շինարարական աշխատանքներ կատարելուն, տարածքը բարեկարգելուն, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որ «Սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից» չեն ներկայացրել համապատասխան ապացույց թիվ 139/006 տնակը սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում տեղադրված լինելու, շինարարական աշխատանքներին և տարածքը բարեկարգելուն խոչընդոտելու վերաբերյալ» (գ.թ. 29-30):

 5. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշմամբ մերժվել է Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշմամբ հաստատվել է, որ 16.02.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2647418 վկայականի «մասնավորապես դրա հողամասի հատակագծի /գ.թ.7/ բաժնի ուսումնասիրության արդյունքում չի հիմնավորվում, որ վիճելի տնակը տեղադրված է հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող տարածքում» (գ.թ. 31-34):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դատարանը վճիռ կայացնելիս հետազոտել և պատշաճ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` 16.02.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2647418 վկայականը, «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊ ընկերության 24.01.2011 թվականի թիվ Ա-009 եզրակացությունը և դրան կից ներկայացված սխեմատիկ հատակագիծը, դատարանի կողմից կատարված՝ տեղատեսության արձանագրությունը:

Մինչդեռ, սույն գործում առկա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 06.07.2010 թվականի վճռով մերժվել է Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի հայցն ընդդեմ Աղունիկ Ասլիյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին: Նշված վճիռն օրինական ուժի մեջ թողնված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշմամբ հաստատվել է, որ Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի 16.02.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2647418 վկայականի հողամասի հատակագծի բաժնի ուսումնասիրության արդյունքում չի հիմնավորվում, որ Աղունիկ Ասլիյանի թիվ 139/006 տնակը տեղադրված է Արթուր Խաչատրյանին և Արուսյակ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող տարածքում:

Ավելին, սույն գործում առկա փաստերի համաձայն` Աղունիկ Ասլիյանին պատկանող թիվ 139/006 տնակը գտնվում է Մուսայելյան փողոցի հատվածում, իսկ Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի հողամասը` Գյումրիի Թումանյան փողոցի թիվ 143/2 հասցեում: Ընդ որում, Արթուր Խաչատրյանին և Արուսյակ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող Գյումրիի Թումանյան փողոցի թիվ 143/2 հասցեում գտնվող վարչական շենքից մինչև թիվ 139/006 տնակի մուտքն ընկած հատվածը կազմում է 15մ, իսկ մինչև տնակի արևմտյան կողմի պատը կազմում է 22,20մ:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար գործում առկա յուրաքանչյուր ապացույց չեն հետազոտել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ և չեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում ի վերջո չեն պարզել` արդյոք Մուսայելյան փողոցի հատվածում գտնվող թիվ 139/006 տնակը որևէ առնչություն ունի Գյումրիի Թումանյան փողոցի թիվ 143/2 հասցեում գտնվող տարածքի հետ, ինչպես նաև քննության առարկա չեն դարձրել այն փաստը, որ Արթուր Խաչատրյանի և Արուսյակ Տոնոյանի կողմից Գյումրիի Թումանյան փողոցի 143/2 հասցեում գտնվող տարածքը գնելիս թիվ 139/006 տնակն արդեն իսկ 1989 թվականից տեղադրված է եղել Գյումրիի Մուսայելյան փողոցի հատվածում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան