ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ2/0173/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0173/05/10 |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.08.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գառնիկ Սարգսյանի (այսուհետ՝ Գառնիկ Սարգսյան)՝ 717.707 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Գառնիկ Սարգսյանից 717.707 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է՝ Գառնիկ Սարգսյանից բռնագանձվել է 276.741 ՀՀ դրամ, այդ թվում՝ 175.000 ՀՀ դրամ՝ սոցիալական ապահովագրության վճարի գծով ապառք, 96.315 ՀՀ դրամ՝ տույժ, 5.426 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրք, իսկ 446.392 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 333-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդրությունը սահմանել է պարտադիր պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն անհատ ձեռնարկատերը կարող է օգտվել օրենսդրությամբ սահմանված արտոնությունից: Տվյալ դեպքում Գառնիկ Սարգսյանը գործունեությունը դադարեցնելու մասին գրավոր դիմում չի ներկայացրել և չի հանձնել պետական գրանցման վկայականը:
Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության դրույթները, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական իրավահարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառելի չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 19.08.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը սոցիալական ապահովագրության վճարների մասով և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 05.08.1997 թվականի թիվ 01 Ա 034739 վկայականի համաձայն՝ Գառնիկ Սարգսյանը 05.08.1997 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռներեց (գ.թ. 5):
2) Գառնիկ Սարգսյանը 02.09.1997 թվականին Տեսչությանը ներկայացրել է հաստատագրված վճարումների տվյալների գրանցման մասին հայտարարություն (գ.թ. 4):
3) Գործում առկա Տեսչության մնացորդների վերաբերյալ տեղեկանքի համաձայն` 07.06.2010 թվականի դրությամբ Գառնիկ Սարգսյանի սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունը կազմել է 479.360 ՀՀ դրամ, որից ապառք` 320.000 ՀՀ դրամ, տույժ` 159.360 ՀՀ դրամ, իսկ հաստատագրված վճարի գծով` 238.347,4 ՀՀ դրամ, որից ապառք՝ 145.782,4 ՀՀ դրամ, տույժ՝ 92.565 ՀՀ դրամ (գ.թ. 10):
4) 15.07.2010 թվականի թիվ 92 դրամարկղային մուտքի օրդերի համաձայն՝ Գառնիկ Սարգսյանը վճարել է 238.348 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գծով պարտավորության գումարը (գ.թ. 26):
5) Գառնիկ Սարգսյանի անձնական հաշվի քարտի համաձայն` վերջինիս նկատմամբ 2005-2010 թվականների համար հաշվարկվել է նվազագույն սոցիալական վճար` 5.000 ՀՀ դրամ (գ.թ. 45-55):
6) Տեսչության 06.08.2010 թվականի թիվ 1050 գրության համաձայն՝ Գառնիկ Սարգսյանը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել և չի հանձնել պետական գրանցման վկայականը (գ.թ. 56):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա:
«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:
Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):
Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի դիմումները և պետական գրանցման վկայականները հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներ` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու և նրանց վկայականներն օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար:
«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի):
Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):
Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել:
Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող կրել օրենքով չնախատեսված պարտականություններ: Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության օրենսդրությունների տեսանկյունից օրենքով չնախատեսված պարտականություն է համարվում նաև օրենքով նախատեսված որևէ արտոնությունից օգտվող անձին այդպիսի արտոնության անտեսմամբ պարտավորություններով ծանրաբեռնելը: Մասնավորապես, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսել է արտոնություններ՝ անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից: Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանվել է 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք: Միաժամանակ, նույն նորմով հարկային մարմինները ծանրաբեռնվել են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ՝ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեղամ Թումանյանի՝ պետական բյուջեի օգտին 542.440 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ3/0088/05/09 որոշումը):
Սույն գործով Դատարանը 2005 թվականից մինչև 25.06.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված 208.045 ՀՀ դրամ սոցիալական վճարի մասով հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 2005 թվականի համար հաշվարկված և չվճարված 68.959 ՀՀ դրամի (55.000 ՀՀ դրամը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճար գումար և 13.959 ՀՀ դրամը՝ այդ գումարին հաշվարկված տույժ) մասով կիրառելի է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունը: Մնացած պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների գումարները դատական կարգով բռնագանձելու նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը, քանի որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքը հատուկ ժամկետ սահմանած չլինելու հետ մեկտեղ չի սահմանել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրության նորմերը կիրառելի չեն պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը բռնագանձելու գործերով դատարան դիմելիս:
Սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2005-2010 թվականների համար Գառնիկ Սարգսյանի նկատմամբ հաշվարկվել է նվազագույն սոցիալական վճար: Հետևաբար, Գառնիկ Սարգսյանն օգտվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնություններից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն մերժել է 2005 թվականի համար հաշվարկված 55.000 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 13.959 ՀՀ դրամ տույժը բռնագանձելու Տեսչության պահանջը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 333-րդ, 335-րդ, 337-րդ հոդվածները կիրառելու մասով Դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մեկ կողմի՝ մյուսի վարչական կամ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային՝ ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո:
Վերը նշված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները կիրառելի չեն վարչական, իշխանական ենթակայության վրա հիմնված հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների հաշվարկման կարգը սահմանված է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.08.2010 թվականի վճռի` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով 208.045 ՀՀ դրամի չափով հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |