Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.51
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0090/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ2/0090/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի (այսուհետ` Մարզային կենտրոն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Մարզային կենտրոնի հայցի ընդդեմ «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Ռիտա Ժամհարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարզային կենտրոնի` վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարզային կենտրոնը պահանջել է արձակել վճարման կարգադրություն` Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանից 500.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Մարզային կենտրոնի պետի 24.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 829 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզային կենտրոնը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածը, 85-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը, 99-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 102-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է ստուգմամբ հիմնավորված այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր ունեցող 10 աշխատող նույն գործատուի մոտ աշխատում են նաև համատեղությամբ` առանց աշխատանքային պայմանագրեր կնքելու: Բացի այդ, նշված աշխատողները համատեղությամբ աշխատանքը կատարել են իրենց հիմնական աշխատաժամանակում և ոչ թե դրանից դուրս:

Դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` անօրինական է համարվում նույն օրենսգրքի, օրենքի և այլ իրավական ակտերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը: Մինչդեռ, Դատարանը գտել է, որ Ընկերության 10 աշխատող նույն գործատուի մոտ աշխատում են համատեղությամբ և նշել է, որ Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանը ներկայացրել է նշված աշխատողների դիմումները` Ընկերությունում աշխատանքի անցնելու մասին, վերջիններիս աշխատանքի նշանակելու մասին հրամանները, ինչպես նաև նրանց «համատեղությամբ աշխատելու մասին համաձայնագրերը»:

Դատարանը հաշվի չի առել ստուգմամբ հիմնավորված այն հանգամանքը, որ Ընկերության 10 աշխատող համատեղությամբ կատարում են նաև այլ աշխատանք, որն իր բնույթով և վերջիններիս համար սահմանված գործառույթներով նոր աշխատանք է, որի դեպքում գործատուն պարտավոր էր նշված աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, դրանք գրանցել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում, նրանց գրավոր ծանոթացնել նոր աշխատանքային իրավունքներին, պարտականություններին, գործառույթներին և այլ աշխատանքներ կանոնակարգող գործատուի ներքին կարգապահական կանոններին:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հակընդդեմ հայցը վարույթ է ընդունել 07.04.2010 թվականի որոշմամբ, գործը դատաքննության է նշանակել 22.04.2010 թվականին, իսկ վճիռը հրապարակել է 27.04.2010 թվականին: Մինչդեռ, Դատարանը, անտեսելով գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջը, անհրաժեշտ չի համարել անգամ հրավիրել նախնական դատական նիստ, որպեսզի ճշտի կողմերի դիրքորոշումները և վերջիններիս հնարավորություն ընձեռի ներկայացնել լրացուցիչ ապացույցներ: Այսինքն` Դատարանն ըստ էության իրականացրել է արագացված դատաքննություն` չունենալով դրա համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը:

 

3) Դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի` մինչև 17.01.2008 թվականը գործող խմբագրությունը: Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ 17.01.2008 թվականից նշված հոդվածն ունի այլ բովանդակություն: Մասնավորապես` տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է ոչ թե առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելուն, այլ առանց աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող պահելուն: Ստուգման ակտում հստակ նշված է, որ Ընկերության 10 աշխատող աշխատում են ոչ թե առանց ձևակերպման, այլ առանց աշխատանքային պայմանագիր կնքելու: Հետևաբար, Դատարանը վճռում կատարել է ակնհայտ չհիմնավորված եզրահանգում` նշելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տուգանք է սահմանվում ոչ թե աշխատանքային պայմանագրում որևէ պայման կամ պայմաններ ներառած չլինելու, այլ առանց սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.04.2010 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը նշել է, որ Դատարանը գործի քննության ընթացքում խախտել է մի շարք նյութական և դատավարական նորմեր, ինչպես նաև գործը քննել է արագացված դատաքննության կարգով, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես, վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումը թվագրված է 22.03.2010 թվականով, որպիսի ամսաթվով Դատարանն արձակել է վճարման կարգադրություն: 06.04.2010 թվականին ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում, որի հիման վրա Դատարանը 07.04.2010 թվականին կայացրել է որոշում` վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու և գործը դատաքննության նշանակելու մասին: Նախնական դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն չի առաջացել այնքանով, որքանով որ հստակ էին ինչպես հայցի, այնպես էլ հակընդդեմ հայցի հիմքերը, առարկան և վեճի լուծման համար կիրառելի իրավական նորմերը: Գործի դատաքննությունն իրականացվել է 22.04.2010 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 27.04.2010 թվականին: Այդ ընթացքում Դատարանը որևէ դատավարական նորմ չի խախտել, ինչպես պնդում է բողոք բերած անձը:

Բողոք բերած անձը, թվարկելով Ընկերության 10 աշխատողի անուն-ազգանունները, պնդում է, որ վերջիններս համատեղությամբ աշխատանքը կատարել են իրենց հիմնական աշխատաժամանակում և ոչ թե դրանից դուրս: Մինչդեռ, նշված պնդումը հիմնազուրկ է և այդ առումով որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել:

Բողոք բերած անձը պնդել է նաև, որ Դատարանը խախտել և սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջները: Մինչդեռ, վճռի թե' նկարագրական և թե' պատճառաբանական մասերում Դատարանն անդրադարձ է կատարել նշված նորմերին և դրանք մեկնաբանել է դրանցում տեղ գտած բառերի տառացի նշանակությամբ, ինչի արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նույն գործատուի մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող նույն աշխատողի համար ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, որ համատեղությամբ կատարվող աշխատանքի համար պետք է կնքվի բոլորովին ինքնուրույն, հիմնական աշխատանքային պայմանագրից անկախ և դրա հետ կապ չունեցող պայմանագիր, այլ ոչ թե հիմնական աշխատանքային պայմանագրի անբաժանելի մասը կազմող մեկ այլ փաստաթուղթ:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը: Մինչդեռ, նման պնդումն անհիմն է, քանի որ նշված իրավանորմը կիրառողը հանդիսացել է ոչ թե Դատարանը, այլ որպես վարչական մարմին գործող բողոք բերած անձը: Իսկ Դատարանի վճռում տեղ գտած հոդվածի տեքստի խմբագրական վրիպակը չի կարող համարվել դատական սխալ, քանի որ այն չի ազդել և չէր էլ կարող ազդել գործի ելքի վրա: Վճռաբեկ բողոքի նշված մասը կրում է միայն ձևական բնույթ, որի հետևանքով վճիռը չի կարող բեկանվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 29.09.2009 թվականի «Ծրագրային ստուգում անցկացնելու» թիվ 512 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ծրագրային ստուգում, որի արդյունքում 09.11.2009 թվականին կազմվել է թիվ 512 ստուգման ակտը և «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրությունը (գ.թ. 2-7):

2) Մարզային կենտրոնի պետը, քննարկելով նշված ստուգման ակտը և արձանագրությունը, ինչպես նաև ստուգման ընթացքում ձեռք բերված նյութերը, վերլուծելով և գնահատելով գործում առկա փաստական հանգամանքները, 24.11.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 829 որոշման «Հաստատված հանգամանքներ» մասի 5-րդ կետով հաստատված է համարել, որ Ընկերության 10 աշխատողի հետ համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Գործատուի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի հատկանիշները խախտելը հիմք է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառման համար, որի համաձայն` անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, չնայած առկա են նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագրի հատկանիշները: Նույն որոշման եզրափակիչ մասի 5-րդ կետով Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածով ենթարկվել է 500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (խախտման յուրաքանչյուր դեպքի` յուրաքանչյուր աշխատողի հետ համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար 50.000 ՀՀ դրամ) (գ.թ. 13-19):

3) Ընկերությունը` ի դեմս տնօրեն Ռիտա Ժամհարյանի, Ընկերության 10 աշխատողից յուրաքանչյուրի հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ կնքել է հիմնական աշխատանքային պայմանագրերի հավելվածների տեսքով համաձայնագրեր (գ.թ. 29-68):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագրում նշվում են աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` նաև հայրանունը) և գործատուի անվանումը (անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` նաև հայրանունը), եթե գործատուն քաղաքացի է):

Աշխատանքային պայմանագիրը պետք է ներառի հետևյալ պայմանները.

1) աշխատանքի վայրը` նշելով կառուցվածքային ստորաբաժանումը.

2) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) պաշտոնի, մասնագիտության անվանումը` նշելով որակավորմանը ներկայացվող պահանջները կամ աշխատանքային գործառույթները.

4) աշխատողի իրավունքներն ու պարտականությունները.

5) գործատուի իրավունքներն ու պարտականությունները.

6) աշխատանքի վարձատրության պայմաններն ու չափը.

7) աշխատանքի պայմանների նկարագրությունը, ծանր, վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատանքի դեպքում` աշխատողների արտոնություններն ու հատուցումները.

8) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը.

9) աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անօրինական է համարվում`

1) այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, չնայած առկա են նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագրի հատկանիշները.

2) նույն օրենսգրքի, օրենքի և այլ իրավական ակտերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հիմնական աշխատանքային պայմանագիրն աշխատողի և գործատուի միջև և նրանց ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով գրավոր կնքված համաձայնություն է, որում պարտադիր պետք է նշվեն որոշակի տվյալներ և ներառվեն որոշակի պայմաններ, իսկ առանց աշխատանքային պայմանագիր կնքելու կամ խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը համարվում է անօրինական աշխատանք: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող խմբագրությունը չի պարունակել նաև համատեղությամբ կատարվող աշխատանքի համար առանձին պայմանագիր կնքելու ձևական պահանջ, այլ զուտ սահմանվել է, որ համատեղությամբ աշխատանքը պետք է կատարվի աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը` ի դեմս տնօրեն Ռիտա Ժամհարյանի, Ընկերության 10 աշխատողից յուրաքանչյուրի հետ համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ կնքել է հիմնական աշխատանքային պայմանագրերի հավելվածների տեսքով համաձայնագրեր, որոնց համաձայն` դրանք համապատասխան աշխատանքային պայմանագրերի անբաժանելի մասերն են:

Տվյալ դեպքում կնքված հիմնական աշխատանքային պայմանագրերը և հիմնական աշխատանքային պայմանագրերի հավելվածների տեսքով կնքված համաձայնագրերը պարունակում են իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատանքային պայմանագրի բովանդակությանը վերաբերող բոլոր դրույթները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հավելվածներով նախատեսված աշխատանքը չի կարող իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով գնահատվել որպես անօրինական աշխատանք:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումները, որ Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանը ներկայացրել է Ընկերության 10 աշխատողից յուրաքանչյուրի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր: Յուրաքանչյուր աշխատողի հետ կնքվել են նաև գրավոր համաձայնագրեր, որոնցով սահմանվել են, որ վերջիններս Ընկերությունում` նույն գործատուի մոտ, համատեղությամբ կատարելու են նաև այլ աշխատանք: Այդ համաձայնագրերն աշխատանքային պայմանագրերի անբաժանելի մասն են: Ինչպես աշխատանքային պայմանագրերը, այնպես էլ համատեղությամբ աշխատելու վերաբերյալ համաձայնագրերը կնքվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Նշվածից հետևում է, որ Ընկերության տնօրեն Ռիտա Ժամհարյանն Ընկերության 10 աշխատողի հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր, այդ թվում` նույն գործատուի մոտ համատեղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ աշխատանքային պայմանագրեր, որոնք համաձայնագրերի տեսքով կազմել են հիմնական աշխատանքային պայմանագրերի անբաժանելի մասը, իսկ համատեղությամբ աշխատանքը գրավոր համաձայնագրերի հիման վրա կատարելը որևէ կերպ չի կարող անդրադառնալ դրանք աշխատանքային պայմանագրերի բաղկացուցիչ մասեր չհամարելու և համատեղությամբ աշխատանքը որպես անօրինական աշխատանք դիտելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, որ համատեղությամբ աշխատանք կատարելու համար պետք է կնքվի բոլորովին ինքնուրույն, հիմնական աշխատանքային պայմանագրից անկախ և դրա հետ կապ չունեցող աշխատանքային պայմանագիր, այլ նշված օրենսգրքի պահանջն այն է, որ աշխատանքային պայմանագրի կնքումը ձևակերպվի գրավոր, որը կարող է կատարվել նաև հիմնական աշխատանքի վերաբերյալ կնքված աշխատանքային պայմանագրում, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մասը կազմող որևէ այլ գրավոր փաստաթղթում:

Վերոգրյալ նկատառումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունները հիմնավոր են:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցներ պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել սույն վարչական գործով նախնական դատական նիստ անցկացնելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է արագացված դատաքննություն իրականացնելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես անհիմն է համարում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է միջանկյալ դատական ակտ: Մինչդեռ, սույն վարչական գործի քննության ընթացքում գործն արագացված դատաքննությամբ քննելու մասին որոշում չի կայացվել:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:

Սույն գործով Դատարանը վճռում վկայակոչել և կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասը նախկին խմբագրությամբ: Մասնավորապես` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, վկայակոչելով և կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասը նախկին խմբագրությամբ, կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառեր:

Այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ դատական սխալը չի ազդել գործի ելքի վրա, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմք չէ դատական ակտը բեկանելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը բավարար չի համարում Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան