ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1418-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշմամբ սահմանված պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերը, որպես միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի անցման կետեր:
2. Սահմանել, որ`
1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում կանոնների գործադրման հարցերով իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերի սանիտարական կարանտինային կետերն են.
2) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում պետական սահմանի պահպանություն իրականացնող իրավասու պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում, ապահովում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողությունները և, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, սահմանի անցման կետերում իրականացնում է իրենց կառավարման ոլորտին առնչվող միջոցառումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|