Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/4150/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4150/05/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճռի դեմ´ ըստ հայցի «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի (այսուհետ´ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ´ Կադաստր), երրորդ անձինք «Կառ-Պրինց» ԱԿ-ի (այսուհետ´ Կոոպերատիվ), «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (այսուհետ´ Ընկերություն)´ Ընկերության անվամբ Երևանի Իսակովի պողոտա 48 հասցեի արտադրատպագրական շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան´ Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Իսակովի պողոտա 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 24-րդ, 43-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 20.05.2009 թվականի թիվ 289/07-668909 և 290/07-668910 բռնագանձման ծանուցումներում նշված է եղել TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով ունեցած ժամկետանց պարտավորությունների մասին, և վճռում նշել է միայն մեկ վարկի´ 60.000.000 ՀՀ դրամի դիմաց բռնագանձման մասին: Այսինքն´ Դատարանն անտեսել է, որ երկու վարկն էլ նշված էին ծանուցագրերում և դրանք փոխկապակցված են:

Հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ Կադաստրին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել հաճախորդի պարտավորությունների ժամկետանց լինելու մասին: Մինչդեռ, բացի բռնագանձման ծանուցագրերից ներկայացվել է, թե որքան վարկեր է ունեցել, որոնք դարձել են ժամկետանց, և որքան գումարի դիմաց է բռնագանձվում անշարժ գույքը: Եվ նման պայմաններում Կադաստրն ունեցել է անշարժ գույքի նկատմամբ գրանցում իրականացնելու իրավասություն:

 Դատարանը հաշվի չի առել, որ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվել է գրավի պայմանագրով, որը ծանուցումների և զգուշացումների հետ միասին ներկայացվել է Կադաստրին: Մինչդեռ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Ուղարկված ծանուցումները ստանալու փաստը հավաստվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի 11.12.2009 թվականի թիվ 2/3-4948 գրությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.03.2010 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 17.10.2008 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2604991 վկայականի համաձայն´ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-007-3-2 մատյանի 180 համարի տակ գրանցվել է Կազմակերպության սեփականության իրավունքը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ (գ.թ. 16-21):

2) Ընկերության´ որպես Գրավառու-Վարկատուի, Կազմակերպության´ որպես Գրավատուի և Կոոպերատիվի´ որպես Վարկառուի միջև 05.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրի 2.2 կետով Ընկերության և Կոոպերատիվի միջև կնքվելիք TV2215 վարկային պայմանագրի ապահովման նպատակով Կազմակերպությունը գրավադրել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի անշարժ գույքը: Նույն պայմանագրի 5.1 կետի համաձայն´ «Գրավատուն տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ Վարկառուի և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ TV2215 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, բանկում իրեն´ Գրավատուին սեփականության իրավունքով պատկանող´ սույն պայմանագրով գրավադրված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Իսակովի պողոտա թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքի և հողամասի սեփականության իրավունքն առանց դատարանի վճռի հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց (վարկ, տոկոսներ), ինչպես նաև պարտավորության չմարված մնացորդի չափով անցնի «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին կամ բանկի կողմից նշված երրորդ անձին», իսկ 5.2 կետի համաձայն´ «Սույն պայմանագրի 5.1 կետով սահմանված պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելուց կամ ոչ պատշաճ կատարելուց հետո Գրավատուին գրավոր կարգով զգուշացնելուց երկու ամիս անց Գրավառուն իրավունք ունի սույն պայմանագիրը ներկայացնել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանում´ գրանցելու գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը (գ.թ. 22-24):

3) Ընկերության´ որպես Վարկատուի և Կոոպերատիվի´ որպես Վարկառուի միջև 09.04.2007 թվականին կնքված թիվ TV2215 վարկային գծի պայմանագրի 2.1 կետով Ընկերությունը Կոոպերատիվի համար բացել է 60.000.000 ՀՀ դրամի վարկային գիծ: Նույն պայմանագրի 2.2 կետի համաձայն´ վարկային գիծը տրամադրվել է 24 ամիս ժամանակով (գ.թ. 25-30):

4) Ընկերության´ որպես Վարկատուի և Կոոպերատիվի´ որպես Վարկառուի միջև 14.03.2008 թվականին կնքված թիվ TV3481 վարկային գծի պայմանագրի 2.1 կետով Ընկերությունը Կոոպերատիվի համար բացել է 70.000.000 ՀՀ դրամի վարկային գիծ: Նույն պայմանագրի 2.2 կետի համաձայն´ վարկային գիծը տրամադրվել է 60 ամիս ժամանակով (գ.թ. 31-36):

5) Ընկերության´ որպես Գրավառու-Վարկատուի, Կազմակերպության´ որպես Գրավատուի և Կոոպերատիվի´ որպես Վարկառուի միջև 14.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի 2.2 կետով Ընկերության և Կոոպերատիվի միջև կնքված TV3481 վարկային պայմանագրի ապահովման նպատակով Կազմակերպությունը գրավադրել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի անշարժ գույքը: Նույն պայմանագրի 5.1 կետի համաձայն´ «Գրավատուն, Վարկառուն տալիս են իրենց համաձայնությունն այն մասին, որ Վարկառուի և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ TV3481 վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկում Գրավատուին սեփականության իրավունքով պատկանող´ սույն պայմանագրով գրավադրված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Իսակովի պողոտա թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքի և հողամասի սեփականության իրավունքն առանց դատարանի վճռի հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց (վարկ, տոկոսներ), ինչպես նաև պարտավորության չմարված մնացորդի չափով անցնի «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին կամ բանկի կողմից նշված երրորդ անձին», իսկ 5.2 կետի համաձայն´ «Սույն պայմանագրի 5.1 կետով սահմանված պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելուց կամ ոչ պատշաճ կատարելուց հետո Գրավատուին գրավոր կարգով զգուշացնելուց երկու ամիս անց Գրավառուն իրավունք ունի սույն պայմանագիրը ներկայացնել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանում´ գրանցելու գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը» (գ.թ. 37-39):

6) 06.05.2009 թվականի զգուշացման ծանուցագրերով Ընկերությունը Կոոպերատիվին և Կազմակերպությանը հայտնել է, որ TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները խախտվում են և ժամանակին չեն կատարվում: Միաժամանակ հայտնել է, որ վարկային պարտավորությունները չկատարելու (կամ ոչ պատշաճ կատարելու) դեպքում Ընկերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և անշարժ գույքի գրավի պայմանագրերի համաձայն կիրացնի գրավադրված գույքը: Նույն գրությամբ Ընկերությունը նախազգուշացրել է, որ հաջորդ գրությունը կլինի բռնագանձման և գրավադրված գույքի իրացման մասին (գ.թ. 71):

7) 20.05.2009 թվականի բռնագանձման ծանուցագրերով Ընկերությունը Կոոպերատիվին և Կազմակերպությանը հայտնել է, որ գրավադրված Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքը և հողամասը բռնագանձվում է, և այն կիրացվի ՀՀ օրենսդրության և գրավի պայմանագրի հիման վրա: Որպես բռնագանձման հիմք նշվել է TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելը, իսկ որպես իրացման կարգ´ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 05.04.2007 թվականի և 14.03.2008 թվականի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերը: Միաժամանակ հայտնվել է, որ բռնագանձման ծանուցագրերը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է մարվեն վարկային պարտավորությունները (գ.թ. 69):

8) Սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ 14.08.2009 թվականին Կադաստրին ներկայացված դիմումին կից Ընկերությունը ներկայացրել է զգուշացման և բռնագանձման ծանուցագրերը´ փոստային անդորրագրերի բնօրինակներով, պետական տուրքի և պետական գրանցման վճարումները հավաստող անդորրագրերը, Ընկերության ներկայացուցչի լիազորագիրը, անձնագրի պատճենը (գ.թ. 136-143):

9) 19.08.2009 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753194 վկայականի համաձայն´ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-007-3-2 մատյանի 180 համարի տակ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, 14.03.2008 թվականի թիվ 2119 հաջորդող գրավի պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքի և հողամասի նկատմամբ (գ.թ. 123-133):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն´ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն´ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն´ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում´ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավադրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել´ գրավառուի պահանջները բավարարելու համար: Ընդ որում, գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով´ առանց դատարան դիմելու, իրավունք ունի գրավի վրա բռնագանձում տարածելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն´ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն´ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն´ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տես´ Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների´ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը):

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ Կադաստրը´ որպես վարչական մարմին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելիս չի պարզել, թե Կազմակերպությունը´ վարկառուն, արդյոք չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտավորությունները, և Կոոպերատիվը´ գրավատուն, ստացել է արդյոք զգուշացման ծանուցումը: Միաժամանակ Դատարանը նշել է, որ Կադաստրը չի ունեցել բավարար հիմքեր´ Ընկերության սեփականության իրավունքը գրանցելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքի և հողամասի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելիս Կադաստրն ունեցել է բավարար հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն´ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ա) անշարժ գույքի սուբյեկտներին հատկացված և որպես սեփականություն կամ օգտագործման անցած հողերի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար) և շենքերի, շինությունների մասին. բ) անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, փոխանակման և սերվիտուտների պայմանագրերը, ինչպես նաև սերվիտուտների վերաբերյալ դատական որոշումները, վճիռները. գ) հողը կամ շենքերը, շինություններն օգտագործման հանձնելու մասին որոշումները կամ պայմանագրերը. դ) հողամասի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը. ե) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումներն ու պայմանագրերը. զ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները. է) հողի կամ շենքերի, շինությունների օգտագործման կամ վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումներն ու վճիռները. ը) անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները. թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն´ պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են սեփականատիրոջ կամ օգտագործողի, իսկ բռնագանձման հետևանքով հիփոթեքի առարկայի իրացման կամ գրավառուի կողմից գրավի նկատմամբ իր իրավունքները երրորդ անձին փոխանցելու դեպքում (պահանջը զիջելը) նաև գրավառուի դիմումի հիման վրա և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում: Մատյանում նշվում են ընդունված փաստաթղթերի ցանկը, դիմումի ընդունման օրը, ժամը, դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթերի: Դիմումին կցվում են նաև պետական գրանցման վճարի անդորրագիրը և ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերը` կազմված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն´ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն´ Ընկերության´ որպես Գրավառու-Վարկատուի, Կազմակերպության´ որպես Գրավատուի և Կոոպերատիվի´ որպես Վարկառուի միջև 05.04.2007 թվականին և 14.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի 2.2 կետերի համաձայն´ Ընկերության և Կոոպերատիվի միջև 09.04.2007 թվականին կնքված թիվ TV2215 և 14.03.2008 թվականին կնքված թիվ TV3481 վարկային պայմանագրի ապահովման նպատակով Կազմակերպությունը գրավադրել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի անշարժ գույքը: Նույն պայմանագրերի 5.1 կետերի համաձայն´ Գրավատուն, Վարկառուն տալիս են իրենց համաձայնությունն այն մասին, որ Վարկառուի և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ TV2215 և թիվ TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկում Գրավատուին սեփականության իրավունքով պատկանող´ սույն պայմանագրերով գրավադրված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Իսակովի պողոտա թիվ 48 հասցեում գտնվող արտադրական շենքի և հողամասի սեփականության իրավունքն առանց դատարանի վճռի հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց (վարկ, տոկոսներ), ինչպես նաև պարտավորության չմարված մնացորդի չափով անցնի «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին կամ բանկի կողմից նշված երրորդ անձին, իսկ 5.2 կետերի համաձայն´ սույն պայմանագրերի 5.1 կետերով սահմանված պարտավորությունները Վարկառուի կողմից չկատարելուց կամ ոչ պատշաճ կատարելուց հետո Գրավատուին գրավոր կարգով զգուշացնելուց երկու ամիս անց Գրավառուն իրավունք ունի սույն պայմանագիրը ներկայացնել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանում´ գրանցելու գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը: 06.05.2009 թվականի զգուշացման ծանուցագրերով Ընկերությունը Կոոպերատիվին և Կազմակերպությանը հայտնել է, որ TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները խախտվում են և ժամանակին չեն կատարվում: Նույն գրությամբ Ընկերությունը նախազգուշացրել է, որ հաջորդ գրությունը կլինի բռնագանձման և գրավադրված գույքի իրացման մասին: 20.05.2009 թվականի բռնագանձման ծանուցագրերով Ընկերությունը Կոոպերատիվին և Կազմակերպությանը հայտնել է, որ գրավադրված` Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքը և հողամասը բռնագանձվում է, և այն կիրացվի ՀՀ օրենսդրության և գրավի պայմանագրի հիման վրա, որպես բռնագանձման հիմք նշելով TV2215 և TV3481 վարկային պայմանագրերով սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելը, իսկ որպես իրացման կարգ´ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 05.04.2007 թվականի և 14.03.2008 թվականի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերը: Այնուհետև 14.08.2009 թվականի դիմումով, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի արտադրական շենքի և հողամասի նկատմամբ, 19.08.2009 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-007-3-2 մատյանի 180 համարի տակ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, 14.03.2008 թվականի թիվ 2119 հաջորդող գրավի պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիմքով կատարվել է Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերը համադրելով´ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում Կադաստրը´ որպես ծագած իրավունքները գրանցող պետական մարմին, օրենսդրությամբ նախատեսված կարգով կատարել է նշված փաստաթղթերից ծագող իրավունքի պետական գրանցում: Հետևաբար վիճարկվող գրանցումը´ որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի «ա» ենթակետով նախատեսված հիմքի առկայության մասին Դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ´ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն´ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով´ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել´ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2. «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ից հօգուտ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ´ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան