Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.34
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ6/0357/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ6/0357/05/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

Դատավորներ՝

Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հախվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կարինե Հախվերդյանի հայցի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Սեյրան Չիլինգարյանի` 17.06.2004 թվականի Կադաստրի միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարինե Հախվերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին շքամուտքի հարավային մասի 9,2քմ մակերեսով տարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի (այսուհետ` Համայնք) սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած Վանաձորի քաղաքապետի 11.06.2004 թվականի դիմումը և տեղեկանքը, ինչպես նաև դրանց հիման վրա Կադաստրի միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ 17.06.2004 թվականի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշմամբ Կարինե Հախվերդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճիռը, վճռի` 17.06.2004 թվականի Կադաստրի միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, իսկ վճռի` 11.06.2004 թվականի Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին շքամուտքի հարավային մասի 9,2քմ մակերեսով տարածքի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած Վանաձորի քաղաքապետի դիմումը և տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջների մասով գործի վարույթը կարճել:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հախվերդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ, 68-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտն այլևս իրավաբանական ուժ չունի, քանի որ այն փոխարինվել է մեկ այլ վարչական ակտով, իսկ վիճարկման հայցի ներկայացման համար պարտադիր պայման է վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալը: Միաժամանակ, իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի դեպքում պետք է ներկայացվի ճանաչման հայց, մինչդեռ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ վիճարկվող վարչական ակտը բարենպաստ վարչական ակտ է, դրանով Համայնքին տրամադրվել է սեփականության իրավունք, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում են բացառապես միջամտող վարչական ակտերին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 06.07.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.06.2004 թվականի անշարժ գույքի պետական գրանցման թիվ 1740178 վկայականի համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 տարածքի նկատմամբ ՀՀ Կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցված է Համայնքի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 10):

2) Համայնքի ավագանու 28.06.2004 թվականի «Սեյրան Չիլինգարյանին տարածք օտարելու մասին» թիվ 135 որոշման համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի շքամուտքի հարավային մասի 9,2քմ մակերեսով տարածքը 150.000 ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվել է Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61/3 բնակարանի բնակիչ Սեյրան Չիլինգարյանին` առևտրային գործունեություն ծավալելու նպատակով (հատոր 1, գ.թ. 7):

3) Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի շքամուտքի հարավային մասի 9,2քմ մակերեսով տարածքի նկատմամբ 02.07.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի թիվ 6638 պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-78 մատյանի 737 համարի տակ գրանցված է Սեյրան Չիլինգարյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 8):

4) Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ գրանցված է Կարինե Հախվերդյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը սահմանում է, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ կամ անվավեր լինելու իրավական հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար, վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, օրինակ` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Վանաձորի քաղաքապետարանի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ կատարված սեփականության իրավունքի գրանցումն այլևս իրավաբանական ուժ չունի, քանի որ այն փոխարինվել է մեկ այլ վարչական ակտով` 02.07.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի թիվ 6638 պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-78 մատյանի 737 համարի տակ Սեյրան Չիլինգարյանի սեփականության իրավունքի գրանցմամբ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, որ վիճարկվող վարչական ակտը փոխարինվել է մեկ այլ վարչական ակտով, անտեսել է, որ վիճարկվող վարչական ակտն ընդունման պահից չի ունեցել իրավաբանական ուժ, քանի որ այն առ ոչինչ վարչական ակտ է:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը 25.12.2009 թվականի որոշմամբ գտել է, որ ՀՀ Կառավարության 14.03.1997 թվականի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ վեճի առարկա տարածքը չէր կարող ընդգրկված լինել Համայնքի` սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկում, քանի որ 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով այն տվյալ շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն էր:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող վարչական ակտով` 17.06.2004 թվականի Կադաստրի միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցմամբ, Համայնքին տրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, ինչն առերևույթ է և հաստատվում է Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշմամբ:

Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վիճարկվող վարչական ակտն այլևս չունի իրավաբանական ուժ, անհիմն է, քանի որ այն իրավաբանական ուժ չի ունեցել ընդունման պահից և ենթակա չէր կատարման կամ կիրառման:

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը:

ՀՀ վարաչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:

Վերոնշյալից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը կարող է ճանաչվել վարչական-դատավարական կարգով` ճանաչման հայց ներկայացված լինելու դեպքում, ինչը սույն գործով չի ներկայացվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 17.06.2004 թվականի Կադաստրի միասնական թիվ 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցապահանջը ենթակա է մերժման:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը վեճն ըստ էության ճիշտ է լուծել, սակայն դատական ակտը սխալ է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 06.07.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան