Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0526/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0526/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

Դատավորներ՝

Կ. Հակոբյան
Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի հայցի ընդդեմ Ֆերդինանտ, Անահիտ, Մարինե և Արմենուհի Մելիքյանների՝ բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը պահանջել է Ֆերդինանտ, Անահիտ, Մարինե և Արմենուհի Մելիքյաններին վտարել Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 հասցեում գտնվող ծառայողական բնակարանից։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է Ֆերդինանտ, Անահիտ և Մարինե Մելիքյաններին վտարել Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 բնակարանից, իսկ Արմենուհի Մելիքյանի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.11.2010 թվականի որոշմամբ ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական զինվորական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին, 15-րդ հոդվածները, Ռուսաստանի Դաշնության կառավարության 29.08.2005 թվականի «Բնակարանային տարածքների և կոմունալ ծառայությունների վճարման Դաշնային չափանիշների մասին» թիվ 541-րդ որոշման, ՌԴ բնակարանային օրենսգրքի 50-րդ, 53-րդ հոդվածները, «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ վիճելի բնակարանը ծառայողական բնակարան է, և զինվորականը զինծառայությունից զորացրվելու դեպքում ազատում է ծառայողական բնակարանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ զինծառայող Ֆերդինանտ Մելիքյանին զինծառայությունից զորացրվելու կապակցությամբ հատկացվել է բնակարան և կնոջը` Արմենուհի Մելիքյանին, բնակարան չհատկացնելու պարագայում վերջինս օրենքով սահմանված կարգով երբևէ չի բողոքարկել և չի իրականացրել իր շահերի դատական պաշտպանություն։ Ավելին, Արմենուհի Մելիքյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Գյումրու Շիրակացի փողոցի թիվ 8 զինվորական թաղամասում գտնվող անշարժ գույքն օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀՀ տարածքում տեղակայված Ռուսաստանի զինվորական բազային (գ.թ.8)։

2. ԽՍՍՀ պաշտպանության նախարարության Լենինականի շրջանի ՌԶԱԽ զինվորական տարածաշրջանի 05.03.1992 թվականի թիվ 43 օրդերի համաձայն` Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41՝ 30քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է կապիտան Ֆերդինանտ Մելիքյանին՝ ընտանիքի 4 անձի հետ: Օրդերում ընտանիքի կազմում նշված են կինը` Ա.Վ.Մելիքյանը, դուստրերը` Անաիդա և Մարինե Մելիքյանները(գ.թ.5)։

3. ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասի բնակարանային հանձնաժողովի նիստի թիվ 9 արձանագրության քաղվածքի համաձայն` հանձնաժողովը որոշել է սահմանային տարիքի հասնելու պատճառով զորացրվելու կապակցությամբ փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին ճանաչել բնակարանի կարիքավոր ՌԴ տարածքում՝ Լենինգրադի մարզի Պուշկին քաղաքում և վերցնել հաշվառման՝ ընտանիքի անդամների 4 անձով (գ.թ.6)։

4. ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասի բնակարանային հանձնաժողովի 12.05.2009 թվականի նիստի թիվ 9 արձանագրության համաձայն` հանձնաժողովը որոշել է փոխգնդապետ Ֆ.Մելիքյանին ճանաչել բնակարանի կարիքավոր ՌԴ տարածքում՝ պետական բնակարանային հավաստագրերի իրացման ճանապարհով և չորս անձից բաղկացած ընտանիքի համար հատկացնել Իվանովո քաղաքի HP-128 երկուսենյականոց բնակարանը (գ.թ.82-83):

5. ՌԴ տարածքում դաշտային փոստ 04436 զինվորական մասին հատկացված բնակելի տարածքի վերաբերյալ ցուցակի բնակարանային բաշխման հանձնաժողովի 24.04.2009 թվականի թիվ 8 արձանագրության համաձայն` փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին ընտանիքի 3 անձի հետ հատկացվել է ՌԴ Իվանովո քաղաքի Մոսկովյան միկրոշրջանի 4-րդ շենքի թիվ 128՝ 60,2քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը (գ.թ.7):

6. 17.06.2009 թվականի համաձայնագրով Ֆերդինանտ Մելիքյանը համաձայնվել է առանց կնոջ ստանալ երկուսենյականոց բնակարան՝ Իվանովո քաղաքում, Մոսկովյան միկրոշրջան, HP-128, տուն 4, իր 3 անձից բաղկացած ընտանիքի համար (գ.թ.15):

7. Ֆերդինանտ Մելիքյանի և ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման զորամասի միջև 07.09.2009 թվականին կնքվել է բնակելի տարածքը հանձնելու մասին պարտավորագիր, որով Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է հանձնել ՌԴ տարածքում՝ Իվանովո քաղաքում, բնակարան հատկացնելու կապակցությամբ Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 հասցեում գտնվող երկուսենյականոց ծառայողական բնակարանը, որը զբաղեցրել է 05.03.1998թ. թիվ 43 օրդերի հիման վրա: Միաժամանակ, Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է Իվանովոյի բնակշահագործման զորամասի հետ սոցիալական վարձակալության պայմանագիր կնքելու պահից երկշաբաթյա ժամկետում ազատել նրա հետ բնակվող ընտանիքի բոլոր անդամների հետ միասին և օրենքով սահմանված կարգով հանձնել բնակարանը: Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է նաև նշված պայմանագիրը կնքելու պահից սկսած չսեփականաշնորհել նշված բնակարանը, բնակարանն այլ անձանց բնակության համար չտրամադրել, կատարել բոլոր կոմունալ վճարները և մուծել բնակվարձը: ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը պարտավորվել է նշված պարտավորագրում սահմանված ժամկետում Ֆերդինանտ Մելիքյանից ընդունել զբաղեցրած բնակելի տարածքը և տրամադրել տեղեկանք՝ բնակելի տարածքը հանձնելու վերաբերյալ: Վերոգրյալի վերաբերյալ ստորագրություններով իրենց համաձայնությունն են տվել նաև Ֆերդինանտ Մելիքյանի հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամները՝ կինը՝ Արմենուհի Վոլոդյայի Մելիքյանը, դստրերը՝ Անահիտ և Մարինե Ֆերդինանտի Մելիքյանները (գ.թ.9):

8. Արմենուհի Մելիքյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (գ.թ.13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 26.01.1996 թվականին կնքված «Ռուսական զինվորական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների բնակելի տարածքի ապահովման և օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն` հայկական կողմն անհատույց պահպանում է ռուսական զինվորական բազայի իրավունքը օգտագործելու Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական զինվորական բազային կցված բնակարանային ֆոնդը: Տվյալ բնակելի տարածքը ծառայողական է և ենթակա չէ սեփականաշնորհման, վաճառքի և փոխանակման: Բնակելի տարածքի հաշվառումը, ինչպես նաև դրա օգտագործման կարգը հանձնարարված են ռուսական զինվորական բազայի հրամանատարությանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 29.08.1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական զինվորական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն` ռուսական զինվորական բազայի ներքին գործունեությունը կարգավորվում է ՌԴ օրենսդրությամբ: Նույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատարանների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվում են վճիռներ՝ կապված պայմանագրային հարաբերություններից և պարտավորություններից բխող պահանջներով ռուսական զինվորական բազայի, նրա կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների ու ՀՀ հիմնարկների և քաղաքացիների միջև վնասի հատուցման պահանջով:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայողական բնակելի տարածությունները քաղաքացիներին տրամադրվում են առանձին բնակարանների տեսքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է աշխատանքային հարաբերությունների, ծառայության կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում: Աշխատանքային հարաբերությունների կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու դադարումը կամ ծառայությունից զորացրվելը ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման հիմք է:

«Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ 10 տարի և ավելի զինվորական ծառայություն անցած զինծառայող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին՝ զինվորական ծառայության սահմանային տարիքին հասնելու, առողջական վիճակի կամ կազմակերպական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո բնակելի տարածքներով ապահովելը բնակության վայրը փոխելու դեպքում կատարվում է գործադիր իշխանության դաշնային մարմինների կողմից, որոնցում նախատեսված է զինվորական ծառայությունը, դաշնային բյուջեի՝ բնակելի տարածքի շինարարության և ձեռքբերման համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում պետական բնակարանային հավաստագրերի տրամադրման միջոցով: Այս պայմանով բնակելի տարածքների ապահովման իրավունքը նշված քաղաքացիներին տրվում է մեկ անգամ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը (կամ գործադիր իշխանության այլ դաշնային մարմնին, որում դաշնային օրենքով զինվորական ծառայություն է նախատեսված) նախկին բնակության վայրում բնակելի տարածքների հանձնման և հաշվառումից դուրս գալու մասին փաստաթղթերը տվյալ քաղաքացիների և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների կողմից իրականացվում են նոր ընտրված բնակության վայրում բնակարան ստանալուց հետո:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքով, դաշնային այլ օրենքներով, պայմանագրով կամ դատարանի վճռի հիման վրա քաղաքացու բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է ազատել համապատասխան բնակելի տարածությունը (դադարել օգտագործել այն): Եթե տվյալ քաղաքացին բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից նշված ժամկետում չի ազատում բնակելի տարածությունը, նա սեփականատիրոջ պահանջով ենթակա է վտարման դատարանի վճռի հիման վրա:

ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սոցիալական վարձակալության պայմանագրով հատկացվում է պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածք, իսկ 5-րդ մասի համաձայն՝ սոցիալական վարձակալության պայմանագրով բնակելի տարածքները չեն հատկացվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, եթե այլ բան չի նախատեսված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41՝ 30քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է զինծառայող կապիտան Ֆերդինանտ Մելիքյանին՝ ընտանիքի 4 անձի հետ, այդ թվում նաև կնոջ` Արմենուհի Մելիքանի հետ, որպես ծառայողական բնակարան։ Ավելին վերը նշված նորմերի հիման վրա` սահմանային տարիքի հասնելու պատճառով զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին և նրա ընտանիքի անդամներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող անձանց տրամադրվել է բնակարան ՌԴ տարածքում։

Վերաքննիչ դատարանն Արմենուհի Մելիքյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ««Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ Ֆերդինանտ Մելիքյանի զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո բնակելի տարածքներով պետք է ապահովվեր ինչպես Ֆ.Մելիքյանը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, այդ թվում և նրա հետ համատեղ բնակվող կինը՝ պատասխանող Արմենուհի Մելիքյանը, անկախ վերջինիս ՌԴ քաղաքացի չհանդիսանալու հանգամանքից»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սոցիալական վարձակալության պայմանագրով բնակելի տարածքները չեն հատկացվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, եթե այլ բան չի նախատեսված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով: Այսինքն` ելնելով ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությունից «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետը տարածվում է զինվորական ծառայությունից զորացրվող զինծառայողի ընտանիքի այն անդամների նկատմամբ, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Մինչդեռ, զինվորական ծառայությունից զորացրված զինծառայող կապիտան Ֆերդինանտ Մելիքյանի ընտանիքի անդամ կինը` Արմենուհի Մելիքանը, ՌԴ քաղաքացի չէ: Հետևաբար, Ֆերդինանտ Մելիքյանի ծառայությունից զորացրվելու պարագայում ծառայողական բնակարանը Արմենուհի Մելիքանի կողմից ազատելու հիմք է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը և «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետը։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման` ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան