Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.25/17(820).1 Հոդ.313.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0059/11/10

ԵԿԴ/0059/11/10

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

 

մասնակցությամբ պաշտպան

Ս. Սահակյանի

2010 թվականի նոյեմբերի 5-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ Ստեփան Սահակյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Դիմող Ստեփան Սահակյանը 2010 թվականի մայիսի 24-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել իր իրավունքների խախտումները և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմիններին իրեն տրամադրել թիվ 13149209 քրեական գործի շրջանակներում կատարված համապատասխան քննչական գործողությունների արձանագրությունների և կազմված դատավարական փաստաթղթերի պատճենները, այդ թվում` քրեական գործ հարուցելու, նկարներն առգրավելու, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների պատճենները, քանի որ այդ վարույթն ուղղակիորեն առնչվում է իր իրավունքներին ու օրինական շահերին:

Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի հունիսի 25-ի որոշմամբ մերժել է Ս.Սահակյանի վերոնշյալ բողոքը:

2. Դիմող Ս.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 25-ի որոշումը:

3. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ս.Սահակյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը 2009 թվականի հունիսի 5-ին կազմակերպել են նկարիչ Խ.Եսայանի ստեղծագործությունների ցուցահանդես` նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին: Ս.Սահակյանն իր սեփական հավաքածուից տրամադրել է նկարիչ Խ.Եսայանի ստեղծագործությունները, այդ թվում` «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարները (տե´ս նյութեր, էջ 26):

5. Ս.Սահակյանը 2009 թվականի մայիսի 29-ին նկարիչ Խ.Եսայանի նկարները հանձնել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչին, որի վերաբերյալ կնքվել է համապատասխան պայմանագիրը, տրվել է թիվ 10 ստացական, որտեղ մասնավորապես նշվել է. «Հայաստանի Պետական Պատկերասրահի կողմից քաղաքացի Ս.Սահակյանից իր սեփականությունը հանդիսացող Խ.Եսայանի չորս գեղանկար և երեք գրաֆիկա է վերցվել անհատական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»:

Վերոնշյալ նկարները ցուցահանդեսի փակումից անմիջապես հետո «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է վերադարձնել Ս.Սահակյանին, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետի ավարտից հետո Հայաստանի Ազգային պատկերասրահը հրաժարվել է Ս.Սահակյանին վերադարձնել Խ.Եսայանի «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարները (տե´ս նյութեր, էջ 26-27):

6. 2009 թվականի օգոստոս ամսին Ս.Սահակյանը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի` պայմանագրի հիման վրա ստանձնած պարտավորությունները կատարելու պահանջով:

2009 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ` նշելով, որ նույն օրվա դրությամբ Երևան քաղաքի Կենտրոնի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև քրեական գործի լուծումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում թեև Ս.Սահակյանը ճանաչվել է որպես վկա, սակայն չի իրազեկվել քրեական վարույթի ընթացքում կայացված որոշումների և դատավարական այլ գործողությունների վերաբերյալ (տե´ս նյութեր, էջ 27):

7. ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանը, ի պատասխան Ս.Սահակյանի 2010 թվականի հունվարի 19-ի դիմումի, 2010 թվականի հունվարի 21-ի գրությամբ հայտնել է. «Նկարիչ Խ.Եսայանի հեղինակած «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարների հափշտակության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման, ինչպես նաև քրեական գործում եղած այլ փաստաթղթերի պատճենները դիմող Ս.Սահակյանին չեն կարող տրամադրվել, քանի որ այդպիսի բան նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Վերը նշված գեղանկարները, որպես հանցավոր գործողությունների օբյեկտներ, 2009 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույցներ և մինչ քրեական գործի ավարտն ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին» (տե´ս նյութեր, էջ 8):

8. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Բաբայանը 2010 թվականի ապրիլի 22-ի գրությամբ դիմող Ս.Սահակյանին պատասխանել է, որ վերջինիս կողմից 2010 թվականի ապրիլի 16-ին ներկայացրած` ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանի գործողությունների և որոշումների դեմ բողոքները քննարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում: Քննիչ Ռ.Նազարյանի վարույթում քննվող թիվ 13149209 քրեական գործով Ս.Սահակյանը հանդիսանում է վկա, չի հանդիսանում քրեական դատավարության մասնակից և չի կարող հանդես գալ քննիչին բացարկ հայտնելու միջնորդությամբ: Ինչ վերաբերում է թիվ 13149209 քրեական գործով դատավարական փաստաթղթերի պատճենները քննիչի կողմից Ս.Սահակյանին չտրամադրելու վերաբերյալ բողոքին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն` քննչական գործողությունների և դատավարական այլ փաստաթղթերի պատճենները տրամադրվում են դատավարության մասնակիցներին (տե´ս նյութեր, էջ 9):

9. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության մեջ նշված է. «Քանի որ Սիրանուշ Սահակյանը քրեական գործով ներգրավված չի եղել որպես ներկայացուցիչ, սույն դատական նիստում նա չի կարող հանդես գալ որպես ներկայացուցիչ» (տե´ս նյութեր, էջ 19):

10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Բողոք ներկայացնողը քրեական գործով հանդիսանում է վկա և նրան պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված իր իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այնպիսի քննչական կամ դատավարական գործողություններ, ինչպիսիք են նախաքննության փուլում գտնվող քրեական գործով վկային քրեական գործի շրջանակներում ընդունված քննչական գործողությունների և դատավարական փաստաթղթերի պատճենների տրամադրումը, նախատեսված չեն, ուստի դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, հետևաբար բողոքը պետք է մերժել» (տե´ս նյութեր, էջ 31):

11. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, իսկ բողոքաբերի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջների խախտումների վերաբերյալ փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և Ս.Սահակյանի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն» (տե´ս նյութեր, էջ 81):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

12. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` չի կիրառել կիրառման ենթակա՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 23-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ իր պահանջած տեղեկություններն ու որոշումներն անմիջականորեն առնչվում են իր իրավունքներին և շոշափում օրինական շահերը, քանի որ վերաբերում են սեփականության իրավունքով իրեն պատկանող և առավել քան քսան տարի իր փաստացի տիրապետության ներքո գտնվող գեղանկարների հափշտակության փաստի առթիվ քրեական գործ հարուցելուն, գեղանկարները առգրավելուն և դրանք որպես իրեղեն ապացույց ճանաչելուն: Այդ որոշումների տրամադրումը մերժելը խոչընդոտում է իր սահմանադրական իրավունքների իրականացմանը` զրկելով իրեն իր սեփականության իրավունքը խախտող որոշումների օրիանականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու փաստացի հնարավորությունից:

13. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում առկա այն դատողությանը, որ Առաջին ատյանի դատարանը, արգելելով փաստաբանի մասնակցությունը դատական նիստին, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով երաշխավորված՝ ներկայացուցչի կամ փաստաբանի միջոցով արդյունավետ պաշտպանության և շահերի ադեկվատ ներկայացման իրավունքը:

Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստարկը՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետը, քանի որ փաստաբանի մասնակցությունը չթույլատրելու մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ վերջինս տվյալ գործով ներգրավված չէ որպես պաշտպան: Մինչդեռ սույն գործով որևէ փաստաբան ներգրավված չէ որպես պաշտպան, քանի որ քրեական գործի շրջանակներում որևէ անձ ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ, հետևաբար սույն գործով չկար և չէր կարող լինել որևէ պաշտպան, իսկ ինքը հանդես է եկել ընդամենը որպես վկա:

Ըստ բողոք բերած անձի` տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն իրեն զրկել է այլ անձի` փաստաբանի միջոցով հանդես գալու և իր շահերը արդյունավետ ներկայացնելու իրավունքից:

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 6-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով իր իրավունքների խախտումները և պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին իրեն տրամադրել թիվ 13149290 քրեական գործի շրջանակներում ընդունված և իր իրավունքներին ու օրինական շահերին ուղղակիորեն առնչվող համապատասխան քննչական գործողությունների և դատավարական փաստաթղթերի պատճենները, այդ թվում` քրեական գործ հարուցելու, նկարները առգրավելու, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների պատճենները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Վկային քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման իրավաչափությունը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` նկարիչ Խ.Եսայանի հեղինակած «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարների կապակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունների և կազմված դատավարական փաստաթղթերի պատճենների չտրամադրման արդյունքում խախտվե՞լ են արդյոք վկա Ս.Սահակյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցն անհրաժեշտ է քննության առնել սեփականության և տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքների լույսի ներքո:

16. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: (…)»:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

(…)

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

(…)»:

17. Մեջբերված սահմանադրական դրույթները ՀՀ վճռաբեկ դատարանը մեկնաբանել է Ա. Հայրապետյանի վերաբերյալ որոշման մեջ, որտեղ արձանագրել է, որ «(…) գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը`

1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,

2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ» (տե´ս Արթուր Հայրապետյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Սահակյանը Խ.Եսայանի չորս գեղանկարների (այդ թվում՝ «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում») սեփականատերն է (տե´ս սույն որոշման 5-րդ կետը): Այսինքն` վերոնշյալ գեղանկարների կապակցությամբ Խ.Եսայանն օգտվում է Ա. Հայրապետյանի վերաբերյալ որոշման մեջ ամրագրված և սույն որոշման 17-րդ կետում վերահաստատված երաշխիքներից:

19. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք»:

Վերը նշված սահմանադրական դրույթի վերլուծությունից երևում է, որ իրեն վերաբերող տեղեկատվություններին ծանոթանալու իրավունքը ընդհանուր բնույթ կրող սահմանադրական արժեք է, և դրան թղթակցում է հանրային իշխանության ներկայացուցիչների պարտականությունը:

Ընդ որում, այդ իրավունքի իրավաչափ սահմանափակման հնարավորությունը նախատեսված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում: Այդ հոդվածի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, փաստաբանական, նոտարական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները»:

Եթե բացակայում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված իրավական հիմքերը, ապա ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ:

20. Խնդրո առարկա հարցի սահմանադրական բաղադրիչը քննարկման առարկա դարձնելուց հետո Վճռաբեկ դատարանն անդրադառնում է դրա քրեադատավարական բաղադրիչին` այնուհետև դրանք համադրելու նպատակով:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են քրեական դատավարությունում վկայի իրավունքները: Քրեադատավարական նշված դրույթի տառացի մեկնաբանությունից բխում է, որ այն չի սահմանում քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական այլ փաստաթղթերի պատճեններն ստանալու՝ վկայի իրավունքը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմող Ս.Սահակյանի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով վկային քրեական գործի շրջանակներում ընդունված քննչական գործողությունների և դատավարական փաստաթղթերի պատճենների տրամադրումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, իսկ բողոքաբերի կողմից վկայակոչված իրավանորմերի պահանջների խախտումների վերաբերյալ փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, և որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և Ս.Սահակյանի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն (տե´ս սույն որոշման 11-րդ կետը):

Վկայակոչված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ստորադաս դատարանները, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը, վկա Ս.Սահակյանին քննչական գործողությունների արձանագրությունները և այլ դատավարական փաստաթղթեր չտրամադրելը իրավաչափ են համարել:

23. Սույն որոշման 17-19 կետերում շարադրված հիմնավորումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության պահանջին և ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված` իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունքի ապահովման պահանջին` կիրառված համակցության մեջ: Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող Ս.Սահակյանը միաժամանակ «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարների սեփականատերն է և դրանց կապակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունների և կազմված դատավարական փաստաթղթերի պատճենների չտրամադրման հետևանքով կարող է զրկվել իր՝ որպես սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

24. Սույն որոշման նախորդ կետում հայտնած իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով նախատեսված դեպքերում դատավարության մասնակցին տրամադրվող քննչական գործողությունների արձանագրությունները և դատավարական այլ փաստաթղթեր պետք է տրամադրվեն նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձին, եթե այդ փաստաթղթերն անմիջականորեն առնչվում են տվյալ անձի սեփականության իրավունքին, խոչընդոտում են այդ իրավունքի իրականացմանը կամ դրա արդյունավետ պաշտպանությանը:

25. Հիմք ընդունելով սույն որոշման 16-24-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով խախտվել են Ս.Սահակյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները: Մասնավորապես, վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գեղանկարների կապակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունների և կազմված դատավարական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքից և հնարավորությունից, ինչի արդյունքում զրկվել է նաև իր՝ որպես սեփականատիրոջ իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

 

II. Դատաքննությանը փաստաբանի մասնակցությունը.

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է` Առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք մերժել փաստաբան Սիրանուշ Սահակյանի` որպես ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:

27. ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն` «Վկան իրավունք ունի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ վկան ևս իրավունք ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի միջոցով:

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել փաստաբան Սիրանուշ Սահակյանին դատական նիստում հանդես գալ որպես ներկայացուցիչ այն պատճառաբանությամբ, որ վերջինս քրեական գործով ներգրավված չի եղել որպես ներկայացուցիչ (տե´ս սույն որոշման 9-րդ կետ):

 29. Սույն որոշման 27-րդ կետում շարադրված իրավական վերլուծությունը համադրելով 28-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր չթույլատրել Ս.Սահակյանի ներկայացուցչին մասնակցել դատական նիստին: Դատական նիստին ներկայացուցչի մասնակցությունն արգելելով՝ Առաջին ատյանի դատարանը խախտել է օրենքով երաշխավորված՝ ներկայացուցչի կամ փաստաբանի միջոցով արդյունավետ պաշտպանություն իրականացնելու և իր շահերը ներկայացնելու՝ Ստեփան Սահակյանի իրավունքը:

30. Սույն որոշման 27-29-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեադատավարական օրենքի էական խախտում է:

31. Հետևաբար, սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 25-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումները պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

32. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քրեական վարույթում վկայի կարգավիճակ ունեցող՝ գույքի սեփականատիրոջ իրավունքներին առնչվող քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական այլ փաստաթղթերի տրամադրման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Բաբայանի գործողությունների դեմ դիմող Ստեփան Սահակյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 25-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան