Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 2007թ. հոկտեմբերի 5-ին Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման Հայեցակարգի դրույթներով,
հիմք ընդունելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության Խորհրդի կազմավորման մասին 2011թ. մայիսի 19-ի համաձայնագիրը,
հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական համագործակցության զարգացման հարցում հիմնարար հետազոտությունների ոլորտի նշանակալի դերը,
ցանկանալով զարգացնել և ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը,
նկատի ունենալով գիտական հետազոտությունների զարգացման, գիտական կադրերին աջակցության և հիմնարար հետազոտություններ իրականացնող գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական հիմքի արդիականացման հարցերում փոխադարձ հետաքրքրությունը,
գիտակցելով հիմնարար հետազոտությունների ոլորտում Կողմերի գործունեության համակարգման անհրաժեշտությունն ու առաջնայնությունը ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական ներուժի զարգացման գործընթացում,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվեցին համակարգել իրենց գործունեությունը հիմնարար հետազոտությունների, առաջնահերթությունների, հիմնարար հետազոտությունների համատեղ նախագծերի և ծրագրերի փորձաքննության միասնական (համաձայնեցված) համակարգի ձևավորման, ինչպես նաև հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման ոլորտում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև ձեռնարկել այլ միջոցներ տվյալ ոլորտում փոխգործակցության միասնական մոտեցումներ մշակելու ուղղությամբ:
Հոդված 2
Կողմերն ընդունում են համատեղ գործունեության արդյունավետ համակարգումն ապահովող միջոցներ՝ ուղղված գիտնականների, հիմնարար հետազոտություններ իրականացնող՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների (այսուհետ՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններ), Կողմերի ֆոնդերի միջև մշտական շփումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, նպաստում են գիտական փորձի տարածմանը աշխարհում և գիտության հանրային մակարդակի բարձրացմանը:
Հոդված 3
Համագործակցության զարգացման նպատակով Կողմերը համակողմանի աջակցություն կտրամադրեն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններին, այդ թվում՝ նաև հետևյալ գերակա ուղղություններով.
ա) ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտություններ,
տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ.
բ) նոր նյութեր, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաներ և նանոնյութեր.
գ) երկրի, կյանքի մասին գիտություններ, այդ թվում՝ կենսաբանություն, գյուղատնտեսություն և բժշկություն, բիոտեխնոլոգիաներ և գենային ինժեներիա.
դ) խելամիտ բնօգտագործում և շրջակա միջավայրի պահպանություն, կլիմայական փոփոխությունների, այդ թվում՝ սառցալեռների ուսումնասիրություն.
ե) էներգետիկա, այդ թվում՝ միջուկային, այլընտրանքային և վերականգնվող, մեքենաշինություն և սարքաշինություն.
զ) սոցիալ-տնտեսական և հումանիտար գիտություններ.
է) տիեզերքի ուսումնասիրություն.
ը) Կողմերի կողմից համաձայնեցված հիմնարար հետազոտությունների այլ առաջնային ուղղություններ:
Հոդված 4
Կողմերը փոխշահավետ և իրավահավասար հիմքի վրա պայմանավորվեցին հիմնարար հետազոտությունների ոլորտում համագործակցությունը զարգացնել հետևյալ ձևերով.
ա) համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացում.
բ) սույն Համաձայնագրի մասնակից պետություններում գիտնականների ու հետազոտողների գիտական այցերի և վերապատրաստումների կազմակերպում, այդ թվում՝ հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների և մասնագետների ներգրավում.
գ) հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում.
դ) համատեղ լաբորատորիաների, հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների և սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում.
ե) գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և իրականացում.
զ) Կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ձևեր:
Հոդված 5
Կողմերը նպաստում են իրենց պետությունների տարածքներում սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, փոխանակմանը և տարածմանը՝ սույն Համաձայնագրի մասնակից յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերին համապատասխան:
Յուրաքանչյուր Կողմ ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության Խորհրդին է տրամադրում տեղեկատվություն իր պետությունում հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ:
ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության Խորհուրդը համակարգում է փոխանակվող տեղեկատվությունը:
Հոդված 6
Կողմերը պայմանավորվեցին նպաստել հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության աճին, հիմնարար հետազոտություններ իրականացնող գիտական կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարձրացմանը, այդ թվում՝ համատեղ հետազոտություններ իրականացնող երիտասարդ գիտնականների մրցույթներին, հիմնարար հետազոտությունների կազմակերպման ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը, գիտական կադրերի շարժունակության զարգացմանը, աշխատանքի մեջ ժամանակակից առաջադեմ մոտեցումների և մեթոդների ներդրմանը, գիտական ներուժի պահպանմանը և միջազգային գիտական միջավայրում վերջինիս ներդրմանը:
Հոդված 7
Հիմնարար հետազոտությունների բնագավառում համագործակցությանը նպաստող համատեղ ծրագրերի և նախագծերի, միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ.
1. յուրաքանչյուր Կողմի միջոցները՝ ըստ համաձայնեցված թեմատիկայի.
2. սույն Համաձայնագրի մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ֆինանսավորում իրականացնող հիմնադրամների և կազմակերպությունների դրամաշնորհները.
3. այլ նյութեր, որոնք չեն հակասում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը։
Յուրաքանչյուր Կողմ կամ Համաձայնագրի մասնակից պետության կազմակերպություն ինքնուրույն է կրում իր մասնակցության և իր աշխատակիցների մասնակցության ծախսերը այլ համատեղ գործունեության մեջ, եթե այլ բան նախատեսված չէ հստակ պայմանավորվածությամբ:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված համագործակցության ընթացքում ստացված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի գրանցումը, պահպանումը և համատեղ օգտագործումը իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:
Կողմերն ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաև համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումն այն կարգով, որը հաստատվել է սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով:
Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեության արդյունքում ստացված տեղեկատվությունը, բացառությամբ գաղտնի տեղեկատվության, կարող է տարածվել համաշխարհային գիտական հանրության շրջանակներում՝ սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 9
Յուրաքանչյուր Կողմ որոշում է լիազորված մարմին (կազմակերպություն), որի վրա դրվում է սույն Համաձայնագրի իրականացումը, որի մասին տեղեկացնում է ավանդապահին` միաժամանակ գրավոր ծանուցելով ներպետական ընթացակարգերի իրականացման մասին, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար:
Հոդված 10
Լիազորված մարմինների (կազմակերպությունների) համագործակցության համակարգումն իրականացնում է ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության Խորհուրդը:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 12
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել դրա անբաժանելի մասը կազմող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության անդամակցության համար՝ ավանդապահին միանալու մասին փաստաթղթերը ներկայացնելու միջոցով:
Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին ներկայացնելով գրավոր ծանուցում դուրս գալու ժամկետից 6 ամսից ոչ ուշ և կարգավորելով այն ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի մասնակից լինելու պահից:
Կատարվել է Աշգաբադ քաղաքում 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի Կառավարության կողմից` |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի Կառավարության կողմից` |
Մոլդովայի Հանրապետության |
