«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1203-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ ու 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի (վերգետնյա, մերձմակերեսային և այլն) պահեստարանի համար է հրապարակ ընտրվում, պահեստարանում պահվելիք ռադիոակտիվ թափոնների տեսակը և առավելագույն գումարային ակտիվությունը։
(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
4. Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք պահեստարանի նախագծի ընդհանուր նկարագիրը.
դ) միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին հրապարակի բնութագրերի համապատասխանության մասին հաշվետվությունը (այսուհետ` հրապարակի համապատասխանության հաշվետվություն).
ե) հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.
զ) հայտատուի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
է) հրապարակի համապատասխանության հաշվետվության մասին փորձաքննական եզրակացությունը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
5. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկություններն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:
7. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հրապարակի բնութագրերի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:
8. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
9. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև պահեստարանը շահագործումից հանելու լիցենզիա ստանալը:
10. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ ընտրված հրապարակի բնութագրերը չեն համապատասխանում միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.
բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:
11. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հրապարակի ընտրման լիցենզիայի վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու վայրը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Գործունեության իրականացման վայրը _________________________________
____________________________________________________________
3. Պահեստարանի տեսակը, որի համար ընտրվել է հրապարակը _____________________
____________________________________________________________
4. Պահեստարանում պահվելիք ռադիոակտիվ թափոնների տեսակը ___________________
____________________________________________________________
5. Պահեստարանում պահվելիք ռադիոակտիվ թափոնների առավելագույն գումարային ակտիվությունը
____________________________________________________________
6. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
___________________ |
_____ __________ 200 թ.
(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև պահեստարանը շահագործումից հանելու լիցենզիա ստանալը:
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
(Հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |