Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.220
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետի «ը» ենթակետով հաստատված` առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Բժշկական հաստատության կողմից վճարովի մատուցվող ծառայությունների գները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության իրականացման համար անհրաժեշտ իրական ծախսերի վրա».

2) որոշման 3-րդ կետը «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր փորձարարական եղանակի կիրառման կարգը` համաձայն N 9 հավելվածի».

3) որոշումը լրացնել նոր N 9 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետությունում բուժհաստատությունների կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի կիրառման արդյունքների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 1
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 24-ի N 163-Ն որոշման

 

 

«Հավելված N 9

 ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ՆՈՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փորձարարական եղանակով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` համավճար):

2. Համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ) տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից:

3. Սույն կարգով սահմանված համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բուժհաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նշված ցանկում ներառելու համար հիմք է հանդիսանում կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնությունը:

4. Համավճարը նպատակ ունի`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովել համարժեք փոխհատուցումը.

2) կանխատեսելի դարձնել բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումը բնակչության համար.

3) լրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և իրականում անհրաժեշտ ծախսերի տարբերությունը.

4) բարելավել ֆինանսական հոսքերի կառավարումը բուժհաստատությունում.

5) բարձրացնել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը.

6) բարձրացնել բժշկական ծառայությունների որակը.

7) ստեղծել աշխատանքի վարձատրության և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական հոսքեր.

8) նվազեցնել առողջապահության հաստատություններում ստվերային երևույթները:

5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային յուրաքանչյուր ծառայության (հիվանդությունների տեսակների կամ խմբերի) համար համավճարի չափը բուժհաստատության ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, ելնելով տվյալ բուժհաստատությունում իրականացվող ծառայությունների առանձնահատկություններից, կարող է սահմանել այն ծառայությունների ցանկը, որոնց վրա համավճար չի կիրառվում:

7. Համավճարը չի կիրառվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) հետևյալ խմբերի վրա`

1) աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2) 1-ին խմբի հաշմանդամներ.

3) մինչև 18 տարեկան երեխաներ.

4) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

5) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան).

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

7) բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.

8) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային.

9) զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ.

10) մանկատներում և ծերանոցներում խնամվողներ.

11) բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.

12) հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ:

8. Փորձարարական կարգով համավճարի կիրառման դեպքում բուժհաստատության և հիվանդի միջև կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պայմանագրի առարկան, ծառայությունների մատուցման գինը և վճարման կարգը, այդ թվում` պետության կողմից փոխհատուցվող և հիվանդի կողմից վճարվող գումարները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը:

9. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստանալու պայմանագիրն ստորագրելուց հետո համավճարը հիվանդի, նրա հարազատի, հիվանդի բուժման համար շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից վճարվում է կանխիկ (բուժհաստատության դրամարկղ) կամ փոխանցվում է բուժհաստատության բանկային հաշվեհամարին:

10. Համավճարի վճարումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով` սակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրսգրման օրը: Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ:

11. Բացառիկ դեպքերում, երբ հիվանդը կամ նրա հարազատները հնարավորություն չունեն իրականացնել սահմանված չափով համավճարը, բուժհաստատության կողմից ստեղծված հանձնաժողովն իրավունք ունի որոշում ընդունելու ազատելու այդ հիվանդին համավճարից կամ սահմանելու համապատասխան զեղչված համավճար:

12. Համավճարից ազատման կամ համավճարից զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում բուժհաստատության համավճարից ստացված ընդհանուր եկամուտների 20 տոկոսը:

13. Բժշկական հաստատության կողմից վճարովի բժշկական ծառայությունների գները սահմանվում են ծառայության իրական ծախսերից ելնելով:

14. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են ընդհանուր բժշկական հաստատության դրամարկղում և առաջնահերթ ուղղվում են բժշկական օգնության և սպասարկման ուղղակի ծախսերի (աշխատավարձ՝ ոչ պակաս, քան 50 տոկոս) կատարմանը:

15. Բուժհաստատությունում համավճարի վերաբերյալ գրառում է կատարվում հիվանդի բուժման պատմագրում, կատարվում է բժշկական հաստատության եկամուտների առանձին հաշվառում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան