«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2011 թ. |
թիվ 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 2-ի 24-րդ կետում «Կենտրոնական բանկում տեղաբաշխվող դրամով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում դրամով տեղաբաշխվող» բառերով,
2) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետում «որից 6%-ը պահուստավորվում է ՀՀ դրամով, իսկ 6%-ը՝ արտարժույթով» բառերը փոխարինել «որից 9%-ը պահուստավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 3%-ը՝ արտարժույթով» բառերով,
3) Կանոնակարգ 2-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` ԱՄՆ դոլարով: Ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1.1-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:»,
4) ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 2-ի 52.1.2-րդ, 63-րդ և 64-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը պարտավոր են բավարարել սույն որոշման պահանջները 2011 թվականի փետրվարի 8-ից, ընդ որում, 2011 թվականի հունվարի 11-ից 2011 թվականի փետրվարի 7-ն ընկած հաշվետու ժամանակահատվածի համար արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է 6%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 6%-ը՝ արտարժույթով: Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. փետրվարի 2 |