ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1715-Ն
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ու ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) 15-օրյա ժամկետում ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարային հանձնաժողովներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման գործընթացը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպությունների պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:
2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):
3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение «Бюро по реализации спортивных и молодёжных программ» министерства спорта и по делам молодёжи Республики Армения.
3) անգլերեն լրիվ՝ State Agency "Sport and Youth Project Implementation unit” at the Ministry of Sport and Youth Affairs of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ՝ «ՀՀ ՍԵՀՆ ՍԵԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ГУ "БРП СиМ" МСПМ РА.
6) անգլերեն կրճատ` SA «S&Y PIՍ» MoSYA RA։
6. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-0002, Սարյան 22, 16-րդ հարկ:
II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Հիմնարկի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտների ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և տարածքային կառավարման մարմինների` ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:
8. Հիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու: Ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկի և սույն կանոնադրության 7-րդ կետով սահմանված պետական մարմինների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նրանց միջև կնքվող համաձայնագրով:
9. Հիմնարկի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և այդ աշխատանքների ծախսերի նախահաշվի կազմումը.
2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.
3) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախապատրաստումն ու ստորագրումը.
4) ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.
5) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.
6) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.
7) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.
8) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը:
10. Հիմնարկն անցնում է տարեկան արտաքին աուդիտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
11. Հիմնարկի տնօրենը ձևավորում է գնումների տարեկան հանձնաժողով: Գնումների տարեկան հանձնաժողովում համապատասխան պետական կառավարման մարմինները ներկայացվում են հետևյալ հարաբերակցությամբ` մեկական ներկայացուցիչ ծրագիրը մշակած համապատասխան պետական մարմնից, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, ծրագրի շահառուներից, քաղաքացիական հասարակությունից, և երկու ներկայացուցիչ՝ հիմնարկի աշխատակազմից: Այն դեպքում, երբ ծրագիրը մշակած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, հանձնաժողովի կազմում առաջարկվում է երկու թեկնածու:
12. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում և հաստատում է գնումների այն արդյունքները, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված չեն այլ մարմինների:
13. Գնումների տարեկան հանձնաժողովը քննարկում, եզրակացություն է կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքները:
III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
14. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
15. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:
16. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:
17. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:
18. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:
19. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, ինչպես նաև ձևաթղթեր: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:
20. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`
1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.
2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.
4) ծրագրի շրջանակներում մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք այլ արժույթին համարժեք դրամ գումարով պայմանագրերի կնքման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու:
21. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:
22. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:
23. Հիմնարկը պարտավոր է`
1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել հիմնարկի փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:
IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
24. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
25. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`
1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.
2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.
3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.
4) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների արդյունքների հաստատումը։
26. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը`
1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թիվը.
2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
3) թեկնածուներ է առաջադրում՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.
4) հաստատում է հաստիքացուցակը և աշխատավարձի ֆոնդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը դրա տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետը տնօրենին պաշտոնի է նշանակում մրցութային կարգով: Հիմնարկի տնօրենի և աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
28. Հիմնարկի աշխատողների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ներկայացմամբ:
29. Հիմնարկի տնօրենը գործում է սույն կանոնադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
30. Հիմնարկի տնօրենը հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետին տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
31. Հիմնարկի տնօրենը պատասխանատու է հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
32. Հիմնարկի տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հիմնարկի գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, հիմնարկի ու պետական մարմինների միջև կնքվող համաձայնագրերի և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
33. Հիմնարկի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
34. Հիմնարկի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
35. Հիմնարկի տնօրենը`
1) տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.
2) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.
7) մրցութային կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հիմնարկի աշխատողներին (բացառությամբ սպասարկող անձնակազմի).
8) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:
36. Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:
V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
37. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
38. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
2) աշխատանքները և ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) ոչ նյութական բարիքները:
39. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
40. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:
42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից:
43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |