Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սլովենիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ցանկանալով նպաստել երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացմանը,
մտադրված լինելով խթանելու համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում` շուկայական տնտեսության շրջանակում,
մտահոգված լինելով շրջակա միջավայրի և մարդկանց պաշտպանության, ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման հարցերով,
նպատակ ունենալով զարգացնելու ինտերմոդալ փոխադրումները,
գիտակցելով ճանապարհային փոխադրումների զարգացման փոխշահավետությունը,
hամաձայնեցին հետևյալի մասին.
ՄԱՍ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Կիրառման ոլորտ
1. Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի պետությունների տարածքների միջև բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրումը, նրանց տարածքների տարանցումով փոխադրումը և դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից փոխադրումները, որոնք իրականացվում են Կողմերից մեկի տարածքում հիմնադրված փոխադրողների կողմից:
2. Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի՝ միջազգային այլ հանձնառություններից բխող իրավունքների և պարտավորությունների վրա:
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1. «Տրանսպորտային օպերատոր» նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հիմնադրվել է Կողմերից մեկի տարածքում և լիազորված է իրականացնելու ուղևորների կամ բեռների փոխադրում:
2. «Փոխադրամիջոց» նշանակում է` շարժիչային փոխադրամիջոց կամ փոխադրամիջոցների համակցություն, որի դեպքում առնվազն շարժիչային փոխադրամիջոցը գրանցված է Կողմերից մեկի երկրում, և որն օգտագործվում և նախատեսված է բացառապես ուղևորների և բեռների փոխադրման համար:
3. «Փոխադրում» նշանակում է` բեռնված կամ չբեռնված փոխադրամիջոցի շարժ, եթե նույնիսկ փոխադրամիջոցը, կցորդը կամ կիսակցորդը ուղևորության մի հատվածում տեղափոխվում են գնացքով կամ նավով:
4. «Կաբոտաժ» նշանակում է` ուղևորների կամ բեռների փոխադրում Կողմերից մեկի երկրի տրանսպորտային օպերատորի կողմից` մյուս Կողմի տարածքում գտնվող առանձին վայրերի միջև:
5. «Կողմի տարածք», համապատասխանաբար, նշանակում է` Հայաստանի Հանրապետության տարածք և Սլովենիայի Հանրապետության տարածք:
6. «Հիմնադրման պետություն» նշանակում է` Կողմի տարածք, որտեղ հիմնադրվել է տրանսպորտային օպերատորը, և գրանցվել է փոխադրամիջոցը:
7. «Հյուրընկալող պետություն» նշանակում է` Կողմի տարածք, որտեղ տրանսպորտային օպերատորը գործում է` առանց իր փոխադրամիջոցն այնտեղ գրանցելու և առանց տրանսպորտային օպերատորի այնտեղ հիմնադրվելու:
8. «Ավտոբուս» նշանակում է` փոխադրամիջոց, որը գրանցված է Կողմերից մեկի տարածքում և կառուցվածքով ու սարքավորմամբ նախատեսված է և հարմար է ուղևորների փոխադրման համար, և որը ունի ութից ավելի նստելատեղ` վարորդի տեղից բացի:
9. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ» նշանակում է` ծառայություն, որով ուղևորները փոխադրվում են սահմանված երթուղով` նախապես հրապարակված ժամանակացույցին և սահմանված գներին համապատասխան: Ուղևորներին նստեցնում և իջեցնում են նախապես սահմանված կանգառներում:
10. «Ճոճանակային ուղևորափոխադրում» նշանակում է` փոխադրում, որն
ապահովում է ուղևորների խմբերի ուղևորություններ մի մեկնման կետից դեպի մեկ այլ նպատակակետ և հետադարձ ուղղությամբ: Մեկնման կետ և նպատակակետ, համապատասխանաբար, նշանակում են` այն վայրը, որտեղից սկսվում և որտեղ ավարտվում է ուղևորությունը` յուրաքանչյուր դեպքում ընդգրկելով շրջակա տարածքը 50 կմ շառավղով: Ճոճանակային ուղևորափոխադրումը կարող է ներառել ուղևորների կեցությունը նպատակակետում, անհրաժեշտության դեպքում` նաև ուղևորության ընթացքում: Ճոճանակային ուղևորափոխադրումների ընթացքում առաջին հետադարձ ուղևորությունը և վերջին դեպի դուրս ուղևորությունը կատարվում են չբեռնված փոխադրամիջոցով:
11. «Ոչ կանոնավոր փոխադրում» նշանակում է` ծառայություն, որը
ներառված չէ կանոնավոր ուղևորափոխադրման և ճոճանակային ուղևորափոխադրման սահմանման շրջանակներում: Փոխադրումների հաճախականությունը կամ քանակը չեն ազդում որպես ոչ կանոնավոր փոխադրում դասակարգման վրա:
12. «Ստուգման ենթակա փաստաթուղթ» նշանակում է` ուղևորների ցուցակ ավտոբուսների համար, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցված նմուշին:
13. «Լիցենզիա/Թույլտվություն» նշանակում է` Կողմերից մեկի իրավասու մարմինների կողմից տրամադրված փաստաթուղթ, որով իրավունք/հնարավորություն է տրվում մյուս Կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցին ուղևորություն կատարել դեպի լիցենզիա/թույլտվություն տրամադրած Կողմի տարածք կամ այդ Կողմի տարածքով:
14. «Տարանցում» նշանակում է` մի Կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցով ուղևորների և/կամ բեռների փոխադրում դեպի լիցենզիա/թույլտվություն տրամադրած Կողմի տարածք կամ այդ Կողմի տարածքով:
15. «Վտանգավոր բեռներ» նշանակում է` բեռներ, որոնք, իրենց բնորոշ հատկանիշներից և առանձնահատկություններից ելնելով, փոխադրման, բեռնման, բեռնաթափման և պահեստավորման ժամանակ կարող են դառնալ սարքավորումների, շենքերի և կառույցների վնասման պատճառ, ինչպես նաև հանգեցնել մարդկանց և կենդանիների մահվան, վնասվածքների կամ հիվանդությունների և վնաս հասցնել շրջակա միջավայրին:
16. «Համատեղ հանձնաժողով» նշանակում է` սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված հանձնաժողով:
ՄԱՍ II. ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Հոդված 3
Կանոնավոր ուղևորափոխադրումներ
1. Կողմերի տարածքների միջև կամ տարածքների տարանցումով կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների համակարգով, որոնք տրամադրվում են Կողմերի իրավասու մարմնի կողմից:
2. Թույլտվության դիմումը պետք է ներկայացվի տրանսպորտային օպերատորի հիմնադրման երկրի իրավասու մարմնին: Եթե իրավասու մարմինը բավարարում է թույլտվության դիմումը, նա կապ է հաստատում մյուս Կողմի իրավասու մարմնի հետ: Թույլտվության դիմումի ձևաչափի և պահանջվող կից փաստաթղթերի վերաբերյալ որոշումը կայացնում է Համատեղ հանձնաժողովը:
3. Թույլտվությունները տրամադրվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից` համատեղ համաձայնությամբ: Թույլտվություն տրամադրելու կամ մերժելու որոշումն ընդունվում է երեք ամսվա ընթացքում: Թույլտվությունները վավեր են առավելագույնը 5 (հինգ) տարի ժամկետով: Դրանք սահմանում են փոխադրամիջոցի շահագործման պայմանները, ներառյալ շրջակա միջավայրի և անվտանգության չափորոշիչները, որոնք պետք է բավարարվեն փոխադրամիջոցների կողմից:
4. Շահագործման պայմանների փոփոխությունները և ծառայության չեղարկումը որոշվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններում սահմանված ընթացակարգով: Եթե ծառայության պահանջարկ այլևս չկա, օպերատորը կարող է այն չեղարկել` երեք ամիս առաջ ծանուցելով թույլտվությունները տրամադրած իրավասու մարմիններին և ուղևորներին:
Հոդված 4
Ոչ կանոնավոր և ճոճանակային ուղևորափոխադրումներ
1. Կողմերի տարածքների միջև և տարածքների տարանցումով ոչ կանոնավոր և ճոճանակային ուղևորափոխադրումներն իրականացվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրված թույլտվություններով: Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցվում են տեխնիկական, շրջակա միջավայրի և անվտանգության այն չափորոշիչները, որոնք պետք է բավարարվեն սույն հոդվածով սահմանված փոխադրումն իրականացնող փոխադրամիջոցների կողմից:
2. Որպես սույն հոդվածի առաջին պարբերությունից բացառություն` ստորև նշված ծառայություններն ազատվում են թույլտվությունների համակարգից հյուրընկալող երկրի տարածքում.
ա) դռնփակ շրջագայություններ, երբ ամբողջ ուղևորության ընթացքում նույն փոխադրամիջոցն օգտագործվում է ուղևորների նույն խումբը փոխադրելու և նրանց մեկնման վայր բերելու համար.
բ) փոխադրումներ, երբ դեպի դուրս ուղևորությունը կատարվում է բեռնված, իսկ հետադարձը` չբեռնված.
գ) փոխադրումներ, երբ դեպի դուրս ուղևորությունը կատարվում է չբեռնված, իսկ հետադարձը` բեռնված` պայմանով, որ ուղևորները նույն փոխադրողի միջոցով նախապես մուտք գործեն այն Կողմերի տարածք, որտեղից նրանց նորից նստեցրել և փոխադրել են հիմնադրման պետության տարածք:
3. Ուղևորների նստեցումը ազատականացված ծառայության միջոցով չի թույլատրվում, եթե հատուկ թույլտվություն շնորհված չէ: Համատեղ հանձնաժողովը կարող է թույլտվությունից ազատումը տարածել ոչ կանոնավոր փոխադրումների այլ կատեգորիաների վրա:
4. Թույլտվության դիմումը պետք է ներկայացվի հյուրընկալող երկրի իրավասու մարմնին: Թույլտվության դիմումի ձևաչափի և պահանջվող կից փաստաթղթերի վերաբերյալ որոշումը կայացնում է Համատեղ հանձնաժողովը:
5. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, որոնք ազատված են թույլտվության պահանջներից և իրականցվում են ավտոբուսներով, պետք է ապահովված լինեն ստուգման ենթակա փաստաթղթով: Ստուգման ենթակա փաստաթղթի կիրառման պայմանները և բովանդակությունը սահմանվում են Համատեղ հանձնաժողովի կողմից:
Հոդված 5
Ուղևորափոխադրումներին վերաբերող ընդհանուր դրույթներ
1. Ուղևորափոխադրումների թույլտվությունները չեն կարող փոխանցվել այլ տրանսպորտային օպերատորների:
2. Կաբոտաժի իրականացումն արգելված է:
ՄԱՍ III. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 6
Թույլտվությունների համակարգը
1. Կողմերից մեկի տարածքում հիմնադրված տրանսպորտային օպերատորներն ունիվերսալ թույլտվությունների համակարգով կարող են իրականացնել.
ա) փոխադրում երկու Կողմերի տարածքների միջև,
բ) տարանցումով փոխադրում,
գ) փոխադրում մյուս Կողմի տարածքի մի կետի և երրորդ երկրի տարածքի մի որևէ կետի միջև, եթե երթուղին անցնում է փոխադրամիջոցի գրանցման երկրի տարածքով:
2. Մյուս կողմի տարածքի մի կետի և երրորդ երկրի տարածքի մի որևէ կետի միջև փոխադրումն իրականցվում է հատուկ թույլտվությամբ, եթե երթուղին չի անցնում փոխադրամիջոցի գրանցման երկրի տարածքով:
3. Կաբոտաժը թույլատրվում է միայն հյուրընկալող երկրի հատուկ թույլտվությամբ:
4. Համատեղ հանձնաժողովը կարող է առաջարկել թույլտվությունների այլ տեսակներ և անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել առանց թույլտվությունների փոխադրումներ իրականացնելու առաջարկություններ:
Հոդված 7
Թույլտվության պահանջներից ազատումը
1. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված թույլտվությունները չեն պահանջվում հետևյալ դեպքերում.
ա) փոխադրում այնպիսի փոխադրամիջոցներով, որոնց ընդհանուր թույլատրելի բեռնման կշիռը` ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 6 տոննան, կամ երբ թույլատրելի առևտրային բեռը՝ ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 3.5 տոննան,
բ) դեպի օդանավակայան կամ օդանավակայանից ոչ կանոնավոր փոխադրումներ` օդային ծառայությունների ընթացքի փոփոխության դեպքում,
գ) վնասված կամ խափանված փոխադրամիջոցների փոխադրում և վերանորոգող փոխադրամիջոցների վազքեր,
դ) բեռնատար փոխադրամիջոցի չբեռնված վազքեր` այլ երկրում խափանված փոխադրամիջոցը փոխարինելու, ինչպես նաև խափանված փոխադրամիջոցի հետադարձ վազք վերանորոգումից հետո,
ե) բժշկական պարագաների և սարքավորումների փոխադրում, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների, մասնավորապես, բնական աղետների և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով,
զ) տոնավաճառների և ցուցահանդեսների կամ ոչ առևտրային նպատակներով արվեստի գործերի և նմուշների փոխադրում,
է) ոչ առևտրային նպատակներով գույքի, պարագաների և կենդանիների փոխադրում դեպի թատերական, երաժշտական, ֆիլմի, սպորտային կամ կրկեսային ներկայացումների և ցուցահանդեսների տարածք և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ռադիոձայնագրությունների, կինո- կամ հեռուստատեսային արտադրանքի համար,
ը) կենցաղային տեխնիկայի տեղափոխում, որն իրականացվում է այդ նպատակով նախատեսված հատուկ աշխատակազմ և սարքավորումներ ունեցող ընկերությունների կողմից,
թ) հուղարկավորման նպատակով փոխադրում,
ժ) փոստի փոխադրում:
2. Համատեղ հանձնաժողովը կարող է վերանայել թույլտվության պահանջից ազատված վերոնշյալ կատեգորիաները` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հավանության պայմանով:
Հոդված 8
Բեռնափոխադրումներին վերաբերող ընդհանուր դրույթներ
1. Երկու Կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի փոխանակում են համաձայնեցված քանակով թույլտվությունների ձևաթղթեր: Թույլտվությունները պետք է վավեր լինեն մինչև հաջորդ օրացուցային տարվա հունվարի 31-ը:
2. Թույլտվությունները չեն կարող փոխանցվել տրանսպորտային այլ օպերատորների:
3. Թույլտվությունները կարող են միաժամանակ օգտագործվել միայն մեկ փոխադրամիջոցի համար: Փոխադրամիջոցների համակցության դեպքում թույլտվության տրամադրման կամ դրանից ազատման հարցում որոշիչ գործոն է շարժիչային փոխադրամիջոցը:
4. Համատեղ հանձնաժողովը սահմանում է թույլտվության օգտագործումը կանոնակարգող քվոտաները, կատեգորիաները և հավելյալ պայմանները:
ՄԱՍ IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9
Հարկեր և տուրքեր
1. Կողմի տարածքում գրանցված և ժամանակավորապես մյուս Կողմի տարածքում գտնվող բեռների, ուղևորների և ուղեբեռի միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները սույն Համաձայնագրի պայմաններով ազատվում են սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի շահագործման հետ կապված բոլոր հարկերը վճարելուց:
2. Փոխադրամիջոցն արտադրողի կողմից մշտապես տեղադրված բաքերում պարունակվող վառելիքը` նախատեսված փոխադրամիջոցը վարելու համար (ոչ ավել, քան 200 լիտր` բեռնափոխադրող փոխադրամիջոցների համար, և ոչ ավել քան 600 լիտր` ավտոբուսների համար), ինչպես նաև քսանյութերը և պահեստամասերն ազատվում են մաքսային բոլոր տուրքերից՝ հյուրընկալող պետության պետական օրենսդրության համաձայն: Չօգտագործված պահեստամասերը պետք է արտահանվեն երկրից, իսկ փոխարինված մասերը պետք է արտահանվեն կամ ոչնչացվեն համապատասխան Կողմի մաքսային ծառայության աշխատակիցների ներկայությամբ:
3. Սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված փոխադրումը ենթակա է ճանապարհային վճարների և այլ տուրքերի վճարման, որոնք գանձվում են հյուրընկալող պետությունում` ճանապարհային ցանցի և կամուրջների օգտագործման համար: Ճանապարհային վճարները և այլ տուրքերը գանձվում են երկու Կողմերի երկրների տրանսպորտային օպերատորներից` առանց խտրականության:
Հոդված 10
Կշիռ և չափսեր
1. Փոխադրամիջոցների թույլատրելի առավելագույն քաշը, սռնու քաշը և չափսերը չպետք է գերազանցեն գրանցման փաստաթղթերում նշված չափսերը և հյուրընկալող պետությունում գործող` թույլատրելի վերին սահմանաչափը:
2. Կշռի և չափսերի թույլատրելի վերին սահմանաչափը գերազանցող փոխադրամիջոցների օգտագործումը հյուրընկալող պետությունում թույլատրվում է միայն նախապես հայցված հատուկ թույլտվության հիման վրա:
Հոդված 11
Սարքավորումներ և այլ առանձնահատկություններ
1. Վտանգավոր բեռներ փոխադրող փոխադրամիջոցները պետք է կահավորված և հագեցած լինեն 1957 թ. սեպտեմբերի 30-ի` «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ADR) պահանջներին համապատասխան:
2. Անձնակազմի` վարելու և հանգստի ժամը վերահսկող սարքավորումները պետք է համապատասխանեն 1970 թ. հուլիսի 1-ի` «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող փոխադրամիջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR) դրույթներին:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը հանձն են առնում խթանել անվտանգության և արտանետումների ընդունված չափանիշները բավարարող փոխադրամիջոցների օգտագործումը:
Հոդված 12
Վերահսկում
Սույն Համաձայնագրով նախատեսված թույլտվությունները, լիցենզիաները, ստուգման ենթակա փաստաթուղթը և այլ փաստաթղթերը, ինչպես նաև բեռնագիրը, ուղևորների ցուցակները, ապահովագրական վկայականները, վերապատրաստման վկայականները և այլ փաստաթղթերը, որոնք պահանջվում են Կողմերի երկրների ստորագրած միջազգային համաձայնագրերով և/կամ Կողմերի երկրների օրենսդրությամբ, պետք է պահվեն փոխադրամիջոցներում և պետք է ներկայացվեն իրավասու պաշտոնյաների պահանջով:
Հոդված 13
Տրանսպորտային օպերատորների պարտավորությունները և խախտումները
1. Կողմի երկրի տրանսպորտային օպերատորները և նրանց փոխադրամիջոցների անձնակազմերը մյուս Կողմի տարածքում գտնվելիս պետք է պահպանեն տվյալ երկրում գործող ազգային օրենսդրությունը:
2. Կողմի երկրի տրանսպորտային օպերատորի կողմից սույն Համաձայնագրի դրույթների ցանկացած խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքում կատարվել է խախտումը, առանց իր երկրի իրավական գործընթացները խոչընդոտելու, ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմին, որը ձեռնարկում է իր երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված քայլեր: Մասնավոր լուրջ դեպքերում հյուրընկալող պետության իրավասու մարմինը կարող է ժամանակավորապես արգելել մուտքը իր երկրի տարածք` մինչև հիմնադրման երկրի իրավասու մարմնի որոշումը: Կողմերի իրավասու մարմինները պետք է փոխադարձաբար միմյանց տեղեկացնեն ընդունված որոշումների մասին:
Հոդված 14
Համատեղ հանձնաժողով
1. Սույն Համաձայնագրի պատշաճ իրականացման և դրան առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է Համատեղ հանձնաժողով:
2. Անհրաժեշտության դեպքում, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող են մասնակցել նաև այլ մարմինների ներկայացուցիչներ:
Հոդված 15
Իրավասու մարմիններ
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմիններն են երկու Կողմերի ճանապարհային տրանսպորտի համար պատասխանատու համապատասխան նախարարությունները:
Կողմերը դիվանագիտական խողովակներով միմյանց հաղորդում են իրավասու մարմինների անվանումները:
ՄԱՍ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16
Համաձայնագրի փոփոխություններ և լրացումներ
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 17
Վեճերի լուծման կարգը
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության ընթացքում ծագած վեճերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ոդված 18
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և տևողությունը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար պահանջվող` Կողմերի ներքին ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը այն կարող է դադարեցնել ` 3 (երեք) ամիս առաջ մյուս կողմին գրավոր ծանուցելով:
Կատարված է Տալլինում 2017 թվականի սեպտեմբերի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովեներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: