Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (18.02.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
18.12.1979
Ստորագրման ամսաթիվ
18.12.1979
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2018

հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

Լուսնի ԵՎ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին

 

Կողմ պետությունները,

նշելով պետությունների ձեռքբերումները Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում,

գիտակցելով, որ Լուսինը՝ որպես երկրագնդի բնական արբանյակ, կարևոր դեր է կատարում տիեզերքի հետազոտման գործընթացում,

վճռական լինելով հավասարության սկզբունքի հիման վրա խթանելու Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների միջև հետագա համագործակցության զարգացումը,

ցանկանալով կանխել Լուսնի վերածումը միջազգային հակամարտության գոտու,

հաշվի առնելով այն օգուտները, որոնք հնարավոր է քաղել Լուսնի և այլ երկնային մարմինների բնական ռեսուրսների շահագործումից,

վկայակոչելով «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան և «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան,

հաշվի առնելով Լուսնի և այլ երկնային մարմինների առնչությամբ այս միջազգային փաստաթղթերի դրույթները սահմանելու և մշակելու անհրաժեշտությունը, նկատի ունենալով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում հետագա առաջընթացը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրի՝ Լուսնին առնչվող դրույթները կիրառվում են նաև արեգակնային համակարգի այլ երկնային մարմինների նկատմամբ, բացի երկրագնդից, բացառությամբ այն դեպքերի, երբ այս երկնային մարմիններից ցանկացածի վերաբերյալ ուժի մեջ են մտնում հատուկ իրավական ակտեր։

2. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ Լուսնին արված հղումը ներառում է նրա շուրջ ուղեծրերը կամ դեպի Լուսին կամ նրա շուրջ թռիչքի այլ հետագծեր։

3. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում արտերկրյա ծագում ունեցող այն նյութերի նկատմամբ, որոնք երկրի մակերևույթ են հասնում բնական ճանապարհով։

 

Հոդված 2

 

Լուսնի վրա կատարվող բոլոր գործողությունները, ներառյալ դրա հետազոտումը և օգտագործումը, իրականացվում են միջազգային իրավունքի, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, և հաշվի է առնվում «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Կողմ պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիրը, որն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի կողմից 1970 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ի նպաստ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ու խթանելով միջազգային համագործակցությունն ու փոխըմբռնումը և պատշաճ կերպով հաշվի առնելով բոլոր մյուս Կողմ պետությունների համապատասխան շահերը։

 

Հոդված 3

 

1. Կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով։

2. Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։

3. Կողմ պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։

4. Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։

 

Հոդված 4

 

1. Լուսնի հետազոտումը և օգտագործումը վերապահվում է ամբողջ մարդկությանը և պետք է տեղի ունենա ի շահ բոլոր պետությունների՝ անկախ նրանց գիտական կամ տնտեսական զարգացման աստիճանից։ Պատշաճ կերպով հաշվի են առնվում ներկա և ապագա սերունդների շահերը, ինչպես նաև, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, կենսապայմանները բարելավելու և տնտեսական ու սոցիալական առաջընթացը և զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։

2. Լուսնի հետազոտման և օգտագործման հետ կապված բոլոր մյուս գործողությունների առնչությամբ Կողմ պետությունները պետք է առաջնորդվեն համագործակցության և փոխադարձ օգնության սկզբունքներով։ Սույն Համաձայնագրի համաձայն՝ միջազգային համագործակցությունը պետք է լինի հնարավորինս ընդգրկուն և կարող է իրականացվել բազմակողմանիորեն, երկկողմանիորեն կամ միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջոցով։

 

Հոդված 5

 

1. Կողմ պետությունները հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում պետք է տեղեկացնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրային ու միջազգային գիտական համայնքին Լուսնի հետազոտմանը և օգտագործմանը վերաբերող իրենց գործունեության մասին։ Դեպի Լուսին կատարվող յուրաքանչյուր առաքելության դեպքում ժամանակի, վայրի, ուղեծրային պարամետրերի և տևողության մասին տեղեկատվությունը տրամադրվում է արձակումից հետո որքան հնարավոր է շուտ` առաջին իսկ հնարավորության դեպքում, մինչդեռ յուրաքանչյուր առաքելության արդյունքների, ներառյալ գիտական արդյունքների մասին տեղեկատվությունը, տրամադրվում է առաքելության ավարտին։ Ավելի քան վաթսուն օր տևողությամբ առաքելության դեպքում առաքելության իրականացման մասին տեղեկատվությունը, ներառյալ գիտական արդյունքների մասին տեղեկատվությունը, տրամադրվում է երեսուն օրը մեկ պարբերականությամբ։ Վեց ամսից ավել տևողությամբ առաքելությունների դեպքում հետագայում անհրաժեշտ է հրապարակել այդպիսի տեղեկատվության միայն կարևոր լրացումները։

2. Եթե Կողմ պետությունը տեղեկանում է, որ մեկ այլ Կողմ պետություն ծրագրում է գործունեություն ծավալել միաժամանակ Լուսնի միևնույն տարածքում կամ ուղեծրի վրա կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի հետագծի վրա, ապա նա պետք է անմիջապես տեղեկացնի այդ Կողմ պետությանն իր սեփական գործունեության ծրագրերի և ժամկետների մասին։

3. Կողմ պետությունները սույն Համաձայնագրին համապատասխան գործունեություն ծավալելիս պետք է անմիջապես տեղեկացնեն գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրությանն ու միջազգային գիտական համայնքին տիեզերական տարածության մեջ, այդ թվում՝ Լուսնի վրա իրենց կողմից հայտնաբերված ցանկացած երևույթի մասին, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու կյանքի կամ առողջության համար, ինչպես նաև պետք է տեղեկացնեն իրենց հայտնաբերած օրգանական կյանքի առկայության ցանկացած նշանի մասին։

 

Հոդված 6

 

1. Կողմ պետությունները, առանց որևէ խտրականության, հավասարության սկզբունքի հիման վրա և միջազգային իրավունքին համապատասխան, ունեն Լուսնի վրա գիտական հետազոտություններ իրականացնելու ազատություն։

2. Գիտական հետազոտություններ իրականացնելիս և ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների՝ Կողմ պետություններն իրավունք ունեն Լուսնի վրա հավաքելու և այնտեղից դուրս բերելու Լուսնի հանքանյութերի և այլ նյութերի նմուշներ։ Այդ նմուշները պետք է գտնվեն այն Կողմ պետությունների տնօրինման տակ, որոնք նպաստել են դրանց հավաքմանը, և կարող են օգտագործվել նրանց կողմից` գիտական նպատակներով։ Կողմ պետությունները պետք է հաշվի առնեն գիտական հետազոտությունների նպատակով` Կողմ հանդիսացող այլ հետաքրքրված պետությունների և միջազգային գիտական համայնքի համար այդ նմուշների մի մասը հասանելի դարձնելու նպատակահարմարությունը։ Գիտական հետազոտությունների ընթացքում Կողմ պետությունները կարող են նաև օգտագործել Լուսնի հանքանյութեր և այլ նյութեր այնպիսի քանակությամբ, որն անհրաժեշտ է նրանց առաքելությունների իրականացմանը նպաստելու համար։

3. Կողմ պետությունները համաձայնում են, որ ցանկալի է հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում փոխանակել գիտական և այլ անձնակազմեր դեպի Լուսին գիտարշավների ժամանակ և Լուսնի վրա գտնվող օբյեկտներում։

 

Հոդված 7

 

1. Կողմ պետությունները Լուսինը հետազոտելիս և օգտագործելիս միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու համար Լուսնի շրջակա միջավայրի` գոյություն ունեցող հավասարակշռության խաթարումը, որն առաջանում է այդ միջավայրում կատարված բացասական փոփոխությունների, միջավայրի համար օտար նյութեր ներմուծելու պատճառով այդ միջավայրի վնասակար աղտոտման հետևանքով կամ այլ կերպով։ Կողմ պետությունները նաև միջոցներ են ձեռնարկում` խուսափելու համար երկրագնդի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն գործելուց, որը կարող է առաջանալ արտերկրային նյութերի ներմուծման հետևանքով կամ այլ կերպով։

2. Կողմ պետությունները տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն, իրենց ընդունած միջոցների մասին, ինչպես նաև, հնարավորության առավելագույն սահմաններում, նախօրոք տեղեկացնում են նրան Լուսնի վրա իրենց կողմից ռադիոակտիվ նյութերի տեղակայման բոլոր դեպքերի և տեղակայման նպատակների մասին։

3. Կողմ պետությունները զեկուցում են Կողմ մյուս պետություններին և գլխավոր քարտուղարին Լուսնի վրա հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տարածքների մասին, որպեսզի, չսահմանափակելով Կողմ մյուս պետությունների իրավունքները, հնարավոր լինի դիտարկել այդ տարածքները միջազգային գիտական արգելոցներ համարելու հարցը, որոնց համար հատուկ պաշտպանական միջոցառումներ պետք է համաձայնեցվեն՝ Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինների հետ խորհրդակցությամբ։

 

Հոդված 8

 

1. Կողմ պետությունները կարող են Լուսնի հետազոտման և օգտագործման ոլորտում իրենց գործունեությունը ծավալել Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքի ցանկացած վայրում՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն։

2. Այդ նպատակով Կողմ պետությունները կարող են, մասնավորապես.

ա) իրականացնել իրենց տիեզերական օբյեկտների վայրէջքը Լուսնի վրա և արձակել դրանք Լուսնից,

բ) տեղակայել իրենց անձնակազմերը, տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայաններն ու օբյեկտները Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքի ցանկացած վայրում։

Անձնակազմերը, տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայաններն ու օբյեկտները կարող են ազատորեն տեղաշարժվել կամ դրանք կարելի է ազատորեն տեղաշարժել Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ Կողմ պետությունների գործունեությունը չպետք է խոչընդոտի մյուս Կողմ պետությունների կողմից Լուսնի վրա իրականացվող գործունեությանը։ Նման խոչընդոտներ առաջանալու դեպքում Կողմ շահագրգիռ պետությունները պետք է անցկացնեն խորհրդակցություններ՝ սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն։

 

Հոդված 9

 

1. Կողմ պետությունները Լուսնի վրա կարող են ստեղծել մարդու կողմից կառավարվող և մարդու կողմից չկառավարվող կայաններ։ Կողմ հանդիսացող այն պետությունը, որը կայան է ստեղծում, օգտագործում է միայն այն տարածքը, որն անհրաժեշտ է այդ կայանի կարիքների համար, և անմիջապես տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ կայանի գտնվելու վայրի ու նպատակների մասին։ Հետագայում` տարին մեկ անգամ, այդ պետությունը նաև տեղեկացնում է գլխավոր քարտուղարին, թե արդյոք կայանը շարունակում է գործել, և արդյոք փոխվել են դրա նպատակները։

2. Կայանները տեղադրվում են այնպես, որ չխոչընդոտեն այն Կողմ պետությունների անձնակազմերի, տիեզերական ապարատների և սարքավորումների ազատ մուտքը Լուսնի ցանկացած տարածք, որոնք գործունեություն են ծավալում Լուսնի վրա` սույն Համաձայնագրի կամ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի I հոդվածի դրույթների համաձայն։

 

Հոդված 10

 

1. Կողմ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր գործուն միջոցները՝ պաշտպանելու համար Լուսնի վրա գտնվող անձանց կյանքը և առողջությունը։ Այդ նպատակով նրանք Լուսնի վրա գտնվող ցանկացած անձի պետք է համարեն տիեզերագնաց՝ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի V հոդվածի իմաստով, և տիեզերանավի անձնակազմի անդամ՝ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագրի իմաստով։

2. Կողմ պետությունները Լուսնի վրա աղետի ենթարկված անձանց պետք է ապաստան տրամադրեն իրենց կայաններում, օբյեկտներում, տիեզերական ապարատներում և այլ հարմարություններում։

 

Հոդված 11

 

1. Լուսինը և նրա բնական ռեսուրսները մարդկության ընդհանուր ժառանգությունն են, ինչն արտահայտվում է սույն Համաձայնագրի դրույթներում, մասնավորապես՝ սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ։

2. Լուսինը չի կարող յուրացվել պետությունների կողմից՝ ո՛չ ինքնիշխանություն հռչակելու, ո՛չ այն օգտագործելու կամ զավթելու և ո՛չ էլ որևէ այլ միջոցով։

3. Լուսնի մակերևույթը կամ ընդերքը, կամ նրա որևէ մաս կամ այնտեղ առկա բնական ռեսուրսները չպետք է դառնան որևէ պետության, միջազգային միջկառավարական կամ հասարակական կազմակերպության, ազգային կազմակերպության կամ ոչ պետական կազմակերպության սեփականությունը։ Լուսնի մակերևույթի վրա կամ ընդերքում անձնակազմի, տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների, այդ թվում՝ նրա մակերևույթի և ընդերքի հետ կապված կառույցների տեղակայումը չպետք է հանգեցնի Լուսնի մակերևույթի կամ ընդերքի կամ նրա որևէ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի։ Վերը նշված դրույթները չեն խախտում սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված միջազգային ռեժիմը։

4. Կողմ պետություններն իրավունք ունեն հետազոտելու և օգտագործելու Լուսինը՝ առանց որևէ խտրականության, հավասարության սկզբունքի հիման վրա և միջազգային իրավունքին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագրի Կողմ պետությունները սույնով հանձն են առնում ստեղծել միջազգային ռեժիմ, այդ թվում՝ համապատասխան ընթացակարգեր, Լուսնի բնական ռեսուրսների շահագործումը կարգավորելու համար, քանի որ այդպիսի շահագործումը շուտով իրագործելի կդառնա։ Այս դրույթը պետք է կատարվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածին համապատասխան։

6. Սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված միջազգային ռեժիմի ստեղծումը խթանելու համար Կողմ պետությունները, հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում, տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրությանն ու միջազգային գիտական համայնքին այն բնական ռեսուրսների մասին, որոնք նրանք կարող են հայտնաբերել Լուսնի վրա։

7. Ստեղծման ենթակա միջազգային ռեժիմի հիմնական նպատակները ներառում են.

ա) Լուսնի բնական ռեսուրսների կանոնակարգված և անվտանգ զարգացումը,

բ) այդ ռեսուրսների ռացիոնալ կառավարումը,

գ) այդ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների ընդլայնումը,

դ) այդ ռեսուրսներից ստացված օգուտների արդարացի բաժանումը Կողմ հանդիսացող բոլոր պետությունների միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրների շահերին և կարիքներին, ինչպես նաև այն երկրների ջանքերին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ներդրումն են ունեցել Լուսնի հետազոտման գործում։

8. Լուսնի բնական ռեսուրսների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացվում է սույն հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված նպատակներին, ինչպես նաև սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան։

 

Հոդված 12

 

1. Կողմ պետությունները պահպանում են իրենց իրավազորությունը և վերահսկողությունը Լուսնի վրա գտնվող իրենց անձնակազմի, տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների նկատմամբ։ Լուսնի վրա գտնվելու հանգամանքը չպետք է ազդի տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքների վրա։

2. Այն տիեզերական ապարատների, օբյեկտների և սարքավորումների կամ դրանց բաղկացուցիչ մասերի հետ, որոնք գտնվել են դրանց նախանշված վայրից բացի այլ վայրում, պետք է վարվել «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն։

3. Մարդու կյանքի համար վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների դեպքում Կողմ պետությունները կարող են օգտագործել մյուս Կողմ պետությունների՝ Լուսնի վրա գտնվող սարքավորումները, տիեզերական ապարատները, օբյեկտները, հարմարությունները կամ պաշարները։ Այդ միջոցների օգտագործման մասին անհապաղ պետք է ծանուցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին կամ Կողմ հանդիսացող համապատասխան պետությանը։

 

Հոդված 13

 

Այն Կողմ պետությունը, որը պարզում է, որ Լուսնի վրա տեղի է ունեցել ոչ իր կողմից արձակված տիեզերական օբյեկտի կամ դրա բաղկացուցիչ մասերի վթարային, հարկադրված կամ այլ չնախատեսված վայրէջք, այդ մասին անհապաղ տեղեկացնում է օբյեկտը տիեզերք արձակած Կողմ պետությանը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 14

 

1. Սույն Համաձայնագրի Կողմ պետությունները միջազգային պատասխանատվություն են կրում Լուսնի վրա պետական մակարդակով գործունեություն իրականացնելու համար՝ անկախ այն հանգամանքից` այդ գործունեությունն իրականացնում են պետական մարմինները, թե ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաև` երաշխավորելու համար, որ պետական մակարդակով իրականացվող գործունեությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի դրույթներին։ Կողմ պետություններն ապահովում են, որ իրենց իրավազորության տակ գտնվող ոչ պետական կազմակերպությունները Լուսնի վրա գործունեություն ծավալեն միայն Կողմ հանդիսացող համապատասխան պետության իշխանության և շարունակական վերահսկողության ներքո։

2. Կողմ պետությունները գիտակցում են, որ Լուսնի վրա ծավալվող ավելի լայնատարած գործունեության արդյունքում, ի լրումն «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի և «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիայի, կարող է Լուսնի վրա հասցված վնասի համար պատասխանատվությանը վերաբերող ավելի մանրամասն համաձայնության անհրաժեշտություն առաջանալ։ Ցանկացած նմանատիպ համաձայնություն մշակվում է սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն։

 

Հոդված 15

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն կարող է հավաստիանալ, որ Լուսնի հետազոտման ու օգտագործման ոլորտում Կողմ հանդիսացող մյուս պետությունների գործունեությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի դրույթներին։ Այդ նպատակով Լուսնի վրա գտնվող բոլոր տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայանները և օբյեկտները պետք է հասանելի լինեն մյուս Կողմ պետությունների համար։ Կողմ հանդիսացող այդ պետությունները պետք է ողջամիտ ժամկետում նախապես ծանուցեն նախատեսվող այցի մասին, որպեսզի հնարավոր լինի անցկացնել համապատասխան խորհրդակցություններ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ անվտանգությունն ապահովելու և այցելության ենթակա օբյեկտի բնականոն աշխատանքը խաթարելուց խուսափելու համար։ Սույն հոդվածի պահանջները կատարելու համար ցանկացած Կողմ պետություն կարող է գործել իր անունից կամ ցանկացած այլ Կողմ պետության` լիարժեք կամ մասնակի օժանդակությամբ կամ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում համապատասխան միջազգային ընթացակարգերի միջոցով՝ Կանոնադրությանը համաձայն։

2. Այն Կողմ պետությունը, որը պատճառ ունի կարծելու, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում սույն Համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները, կամ որ մեկ այլ Կողմ պետություն խոչընդոտում է սույն Համաձայնագրի համաձայն Կողմ հանդիսացող առաջին պետությանն ընձեռված իրավունքների իրականացումը, կարող է պահանջել խորհրդակցությունների անցկացում Կողմ հանդիսացող այդ պետության հետ։ Այն Կողմ պետությունը, որն ստանում է նման պահանջ, անհապաղ ներգրավվում է այդպիսի խորհրդակցության մեջ։ Կողմ հանդիսացող ցանկացած այլ պետություն, որը նույնպիսի պահանջ է ներկայացնում, ունի այդ խորհրդակցություններին մասնակցելու իրավունք։ Կողմ յուրաքանչյուր պետություն, որը մասնակցում է նման խորհրդակցությունների, պետք է ձգտի հասնելու ցանկացած վեճի՝ փոխադարձաբար ընդունելի լուծման և պետք է հաշվի առնի Կողմ բոլոր պետությունների իրավունքներն ու շահերը։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացվի խորհրդակցությունների արդյունքների մասին և ստացված տեղեկատվությունը փոխանցի Կողմ հանդիսացող բոլոր շահագրգիռ պետություններին։

3. Եթե խորհրդակցությունների արդյունքում վեճը փոխադարձաբար ընդունելի տարբերակով չի լուծվում այնպես, որ պատշաճ կերպով հաշվի առնվեն բոլոր Կողմ պետությունների իրավունքներն ու շահերը, ապա շահագրգիռ կողմերը ձեռնարկում են բոլոր միջոցները, վեճի հանգամանքներին և բնույթին համապատասխան, իրենց ընտրած այլ խաղաղ ուղիներով վեճը լուծելու համար։ Եթե դժվարություններ են առաջանում՝ կապված խորհրդակցություններն սկսելու հետ, կամ խորհրդակցությունների արդյունքում վեճը փոխադարձաբար ընդունելի տարբերակով չի լուծվում, ապա Կողմ ցանկացած պետություն վեճը լուծելու համար կարող է դիմել գլխավոր քարտուղարի օգնությանը` առանց Կողմ հանդիսացող ցանկացած այլ շահագրգիռ պետության համաձայնությունն ստանալու։ Այն Կողմ պետությունը, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Կողմ հանդիսացող մեկ այլ շահագրգիռ պետության հետ, մասնակցում է այդ խորհրդակցություններին կա՛մ անմիջականորեն, կա՛մ որպես միջնորդ հանդես եկող՝ մեկ այլ Կողմ պետության կամ գլխավոր քարտուղարի միջոցով՝ ըստ իր հայեցողության։

 

Հոդված 16

 

Բացառությամբ 17-րդ և 21-րդ հոդվածների՝ սույն Համաձայնագրում պետություններին կատարված հղումները պետք է համարվեն կիրառելի ցանկացած միջազգային միջկառավարական կազմակերպության դեպքում, որը գործունեություն է իրականացնում տիեզերքում, եթե այդ կազմակերպությունը հայտարարում է, որ ընդունում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները, և եթե այդ կազմակերպությանն անդամակցող պետությունների մեծամասնությունը սույն Համաձայնագրի և «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի Կողմ պետություններ են։ Ցանկացած այդպիսի կազմակերպության անդամակցող պետությունները, որոնք սույն Համաձայնագրի Կողմ պետություններ են, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ կազմակերպությունը հայտարարություն կատարի՝ համաձայն վերոնշյալի։

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագրի Կողմ ցանկացած պետություն կարող է առաջարկել փոփոխություններ կատարել Համաձայնագրում։ Փոփոխություններն ընդունող՝ Համաձայնագրի Կողմ յուրաքանչյուր պետության համար փոփոխություններն ուժի մեջ են մտնում Համաձայնագրի Կողմ պետությունների մեծ մասի կողմից դրանք ընդունվելուց հետո, իսկ այնուհետև՝ Համաձայնագրի Կողմ մյուս պետություններից յուրաքանչյուրի համար՝ նրա կողմից ընդունվելու ամսաթվից։

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց տասը տարի հետո այն վերանայելու հարցը պետք է ընդգրկվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախնական օրակարգում, որպեսզի, ելնելով համաձայնագրի նախկին կիրառումից, որոշվի, թե արդյոք առկա է այն վերանայելու կարիք։ Սակայն Համաձայնագիրն հինգ տարի ուժի մեջ լինելուց հետո` ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ որպես ավանդապահ, պետք է, Համաձայնագրի Կողմ պետությունների մեկ երրորդի պահանջով և Կողմ հանդիսացող պետությունների մեծ մասի համաձայնությամբ, հրավիրի Կողմ պետությունների խորհրդաժողով՝ սույն Համաձայնագիրը վերանայելու համար։ Վերանայման հարցով խորհրդաժողովի ընթացքում նաև պետք է դիտարկվի 11-րդ հոդվածի 5-րդ պարբերության կատարման հարցը՝ այդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված սկզբունքի հիման վրա և, մասնավորապես, հաշվի առնելով ցանկացած համապատասխան տեխնոլոգիական զարգացում։

 

Հոդված 19

 

1. Սույն Համաձայնագիրը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Նյու Յորքում գտնվող՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման ստորագրող պետությունների կողմից: Ցանկացած պետություն, որը չի ստորագրում սույն Համաձայնագիրը նախքան ուժի մեջ մտնելը, սույն հոդվածի 3–րդ պարբերության համաձայն, կարող է ցանկացած ժամանակ միանալ Համաձայնագրին։ Վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման մասին հինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

4. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում ցանկացած այդպիսի փաստաթուղթ ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը։

5. Գլխավոր քարտուղարն անհապաղ տեղեկացնում է բոլոր ստորագրող և միացող պետություններին յուրաքանչյուր ստորագրման ամսաթվի, սույն Համաձայնագրի վավերացման կամ դրան միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու ամսաթվի, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի և այլ ծանուցումների մասին։

 

Հոդված 20

 

Սույն Համաձայնագրի Կողմ յուրաքանչյուր պետություն կարող է տեղեկացնել Համաձայնագրից դուրս գալու մասին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց՝ գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Պայմանագրից դուրս գալն իրավական ուժ է ստանում այդ ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո։

 

Հոդված 21

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է ստորագրող կամ միացող բոլոր պետություններին։

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը, որը ստորագրման համար բացվել է 1979 թվականի դեկտեմբերի 18-ին` Նյու Յորքում։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան