Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ2/0213/05/09

Վարչական գործ թիվ  ՎԴ2/0213/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սպիտակ լիճ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Դավիթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Իջևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ հողօգտագործման պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մարմարացված կրաքարերի հանքավայրի շահագործման նպատակով, այդ հանքավայրի տարածքի 1,4 հա մակերեսով հողամասի վերաբերյալ մինչև 2024 թվականի ապրիլը ներառյալ Ընկերության հետ կնքել վարձակալության հիմունքներով հողօգտագործման պայմանագիր։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի և 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Կոոպերատիվի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Փաստորեն, Դատարանի 23.10.2009 թվականի վճռով խախտվել են Կոոպերատիվի գույքային իրավունքները, քանի որ Ընկերությանը 1,4 հա մակերեսով հողամասը հատկացվել է արդեն իսկ Կոոպերատիվի անվամբ 29.09.2004 թվականի թիվ 1235832 վկայականով Իջևանում գտնվող հողերից 1,0 հա հողամասը վարձակալության իրավունքով գրանցված լինելու պայմաններում։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.10.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկել Դատարան՝ նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կոոպերատիվի բողոքն անհիմն է, քանի որ վերջինիս անվամբ գրանցված հողօգտագործման իրավունքի վկայականից (թե´ հատակագծից, թե´ գրառումներից) չի երևում, թե այդ 1.0 հա հողամասը, դեռևս 1998 թվականից հանքօգտագործման լիցենզիայով Ընկերությանը հատկացված մարմարացված կրաքարերի հանքի վերգետնյա հողի հետ համադրվում կամ նույնանում է, թե ոչ։ Բացի այդ, Կոոպերատիվի անվամբ տրված հողօգտագործման իրավունքի վկայականում որպես պետական գրանցում կատարելու հիմք նշված է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1989 թվականի որոշումը։ Մինչդեռ այդ որոշմամբ Կոոպերատիվին հող չի հատկացվել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Իջևանի քաղաքապետի 11.04.2007 թվականի որոշմամբ Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մարմարացված կրաքարերի հանքավայրի շահագործման նպատակով Ընկերությանը հատկացվել է 1,4 հա տարածք (գ.թ. 27)։

2) 29.09.2004 թվականի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1235832 վկայականի համաձայն` Կոոպերատիվի անվամբ գրանցվել է վարձակալության իրավունքը 1 հա հողամասի նկատմամբ։

3) Իջևանի քաղաքապետարանի 25.03.2010 թվականի թիվ 81 գրության համաձայն` Ընկերությանը մարմարացված կրաքարերի հանքավայրի շահագործման նպատակով 1,4 հա հողամասը հատկացնելու վերաբերյալ Իջևանի քաղաքապետի որոշում կայացնելու մասին դատական վճիռն իրականացնել հնարավոր չէ, քանի որ նշված տարածքում 2004 թվականի սեպտեմբերից 1 հա ընդհանուր մակերեսով գրանցված է Կոոպերատիվի իրավունքը։

4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Մելքոնյանի 26.03.2010 թվականի որոշմամբ, ուսումնասիրելով Իջևանի քաղաքապետարանի 25.03.2010 թվականի թիվ 81 գրությունը, ավարտվել է թիվ 11-217/10 կատարողական վարույթը` Իջևանի քաղաքապետարանին Իջևանի քաղաքապետի 11.04.2007 թվականի որոշմամբ Ընկերությանը հատկացված 1,4 հա մակերեսով հողամասի վերաբերյալ մինչև 2024 թվականի ապրիլը ներառյալ Ընկերության հետ վարձակալական հիմունքներով հողօգտագործման պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

5) Կոոպերատիվը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե´ս Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տես` ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։

Սույն գործով Դատարանի վճռով Քաղաքապետարանը պարտավորվել է Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մարմարացված կրաքարերի հանքավայրի շահագործման նպատակով այդ հանքավայրի տարածքի 1,4 հա հողամասի վերաբերյալ մինչև 2024 թվականի ապրիլը ներառյալ Ընկերության հետ վարձակալության հիմունքներով կնքել հողօգտագործման պայմանագիր։ Այնինչ, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ Իջևանի քաղաքապետի 25.03.2010 թվականի թիվ 81 գրությունից, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Մելքոնյանի 26.03.2010 թվականի որոշումից, Կոոպերատիվի անվամբ տրված 29.09.2004 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1235832 վկայականից պարզ է դառնում, որ Իջևանում գտնվող հողերից 1,0հա հողամասը վարձակալության իրավունքով Կոոպերատիվի անվամբ գրանցված լինելու պայմաններում նշված տարածքում Ընկերությանը հատկացվել է 1,4 հա մակերեսով հողամաս։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Կոոպերատիվի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ, վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել։

Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը։

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.10.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ