ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1315/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1315/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի սեպտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ալվարդ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալվարդ Մանուկյանի հայցի ընդդեմ Աշոտ Բաղդասարյանի` «պատասխանողից երեխային վերադարձնելը պարտավորեցնելու և որդու նկատմամբ իր խնամակալ լինելու փաստը հաստատելու» պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալվարդ Մանուկյանը պահանջել է պարտավորեցնել Աշոտ Բաղդասարյանին վերադարձնելու որդուն` Գոռ Մանուկյանին և հաստատել Գոռ Մանուկյանի խնամակալ լինելու փաստը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.12.2009 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ ենթակետի հիմքով` հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.03.2010 թվականի որոշմամբ Ալվարդ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Մանուկյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածները, 53-րդ հոդվածի 2-րդ մասը, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 110-րդ, 132-րդ, 146-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից հաստատված Ալվարդ Մանուկյանի և Աշոտ Բաղդասարյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը խախտում է Գոռ Մանուկյանի իրավունքները և օրինական շահերը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը չի իրականացրել օրենսդրության պահանջը, այն է` չի կատարել Գոռ Մանուկյանի և նրա դաստիարակությանը հավակնող հոր` Աշոտ Բաղդասարյանի կյանքի հետազոտություն ու չի ներկայացրել համապատասխան եզրակացություն, ինչպես նաև չի հայտնել իր կարծիքը հաշտության համաձայնության կապակցությամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին չի պարզաբանել դրա դատավարական հետևանքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2009թ. թիվ ԵՇԴ-1315/02/09 քաղ. գործով վճիռը» և Վերաքննիչ դատարանի 19.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` 24.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Աշոտ Բաղդասարյանը ճանաչվել է 15.02.2003 թվականին ծնված Գոռ Մանուկյանի հայրը (գ.թ. 8)։
2. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը 16.11.2009 թվականին Լուսինե Ավետիսյանին տրված թիվ 22/01-1076 լիազորագրով լիազորել է սույն քաղաքացիական գործով խնամակալության և հոգաբարձության մարմնի անունից մասնակցել դատաքննությանը բոլոր դատական մարմիններում, ստորագրել, դատարան ներակայացնել անչափահասի և ծնողների կյանքի հետազոտության ակտն ու եզրակացությունը, անել միջնորդություններ, բողոքարկել դատական ակտերը (գ.թ. 48):
3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին չի պարզաբանել դրա դատավարական հետևանքները (տես` դատական նիստի արձանագրության կրիչը (գ.թ. 61-66))։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության։
Վերոնշյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է նախքան հաշտության համաձայնության հաստատելը կողմերին պարզաբանել դրա դատավարական հետևանքները, ինչպես նաև չհաստատել հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Սույն գործով Դատարանը հաստատել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունն առանց կողմերին դրա դատավարական հետևանքները պարզաբանելու:
Ավելին, հաշտության համաձայնությունը ստորագրել է նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Լուսինե Ավետիսյանը, մինչդեռ վերջինիս 16.11.2009 թվականի թիվ 22/01-1076 լիազորագրով հաշտության համաձայնություն կնքելու լիազորություն վերապահված չի եղել:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոնշյալ հանգամանքները, Ալվարդ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 15.12.2009 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը բերել է նաև Դատարանի 15.12.2009 թվականի վճռի դեմ: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայող դատարան է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |