«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60507116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2007 թ. |
N 204-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները (հավելված):
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված առանձնահատկությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված ցանկում ընդգրկված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Հավելված |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները հետևյալն են.
1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ (այսուհետ` մրցույթ) և այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորում (այսուհետ` ատեստավորում) անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ) կազմում գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների փոխարեն, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.
2) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչների թեկնածուների ցուցակը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացնում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմինը.
3) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամներ պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն ունեցող անձինք.
4) մրցույթին մասնակցելու համար քաղաքացին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ներկայացնի նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան ձևի ձևակերպված թույլտվության մասին տեղեկանք` այն մարմնից, որտեղ նա աշխատում (աշխատել) է.
5) հույժ գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
6) գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
7) մրցույթի և ատեստավորման մասնագիտական թեստերի 70 տոկոսից առնվազն 35 տոկոսը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող օրենսդրության հարցեր.
8) մրցույթի և ատեստավորման հարցատոմսի մասնագիտական 3 հարցերից առնվազն 2-ը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարցեր.
9) մրցույթի և ատեստավորման պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող մասնագիտական թեստերն ու հարցատոմսի մասնագիտական հարցերը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված մարմինը (այսուհետ` համապատասխան մարմին) կազմում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
10) մրցույթի և ատեստավորման հարցատոմսի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարցերի պատասխանները, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, գնահատում են մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.
11) մրցույթի և ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրության ու ձայնագրության տեղեկությունները ենթակա չեն հրապարակման.
12) մրցույթին և ատեստավորմանը մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, դիտորդների ու հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությունը չի թույլատրվում.
13) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով պատասխանատու քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով ենթակա և հաշվետու է համապատասխան մարմնի ղեկավարին.
14) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստման մասնագիտական ծրագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թեմաներ, որոնց մասով ծրագիրը կազմվում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
15) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես կանոն պետք է անցկացվի ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնում.
16) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի հետ կապված ծառայողական քննությունը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է անցկացվի աշխատանքային խմբի կազմով` ընդգրկելով նաև ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներին` տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար:
(1-ին կետը լրաց. 12.10.10 N 815-Ն)
2. Մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ չունենալը հիմք է նրանց հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերը լուծելու համար:
3. Մինչև 2007 թվականի հունիսի 1-ը համապատասխան մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ ունենալը:
4. Սույն առանձնահատկությունների 3-րդ կետով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն չստանալը, ինչպես նաև սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվությունների բացակայությունը հիմք են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2017, N 75-Ն | 11.03.2017, N 204-Ն | |
18.11.2014, N 1070-Ն | 01.01.2015, N 204-Ն | |
12.10.2010, N 815-Ն | 11.11.2010, N 204-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|