Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ մասնակից պետությունների արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարություններն ու կենտրոնական (ազգային) բանկերը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով այն նպատակներին և սկզբունքներին հետամուտ լինելը, որոնք սահմանված են «Արժութային ոլորտում Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության և գործունեության համակարգման» մասին հայեցակարգում, որը հաստատվել է 2004 թ. սեպտեմբերի 15-ին կայացած՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի Որոշմամբ,
գիտակցելով, որ արժութային ոլորտում արդյունավետ համագործակցությունը տնտեսական ինտեգրացիայի անհրաժեշտ բաղադրիչն է կազմում, նպաստում է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացմանը, ապահովում է ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրի տնտեսական պոտենցիալի աճը,
ելնելով կապիտալի ազատ տեղաշարժի պայմանների ստեղծման անհրաժեշտությունից, որը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման հիմք,
ձգտելով արժութային ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությունների հետագա միասնականացման և ներդաշնակեցման՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտներում համաձայնեցված քաղաքականության իրականացումը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Բաժին 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.
արժութային օրենսդրություն - ԱՊՀ մասնակից պետությունների օրենքներ և այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են արժութային կարգավորման և արժութային վերահսկողության նորմերը և սկզբունքները,
երրորդ երկրներ - պետություններ, որոնք սույն Համաձայնագրին մասնակից պետություններ չեն,
արժութային սահմանափակումներ - արժութային օրենսդրությամբ սահմանված՝ արժութային գործողությունների նկատմամբ սահմանափակումներ, որոնք արտահայտված են ուղղակի արգելման, ծավալների, քանակների և կատարման ժամկետների սահմանափակման, վճարման արժույթների որոշման, դրանց անցկացման հատուկ թույլտվությունների ստացման պահանջների սահմանման (լիցենզիա), իրականացվող գործողության ամբողջ գումարի կամ դրա մասի պահեստավորման, ինչպես նաև սահմանափակումներ` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների և երրորդ երկրների տարածքներում հաշիվների բացման և վարման հետ,
արժութային գործողություններ - գործողություններ` թվարկված սույն Համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներում,
ազատականացման միջոցներ - միջոցներ, որոնց արդյունք է հանդիսանում արժութային գործողությունների նկատմամբ սույն Համաձայնագրին մասնակից պետությունների ռեզիդենտների, ինչպես նաև երրորդ երկրների ռեզիդենտների արժութային սահմանափակումների թուլացումը կամ վերացումը,
Միջպետական արժութային կոմիտե - ԱՊՀ մարմին՝ Միջպետական արժութային կոմիտեի մասին 1995 թ. մայիսի 26-ի Համաձայնագրի հետ համապատասխանությամբ ստեղծված:
Այլ եզրույթները, որոնք օգտագործվում են սույն Համաձայնագրում, կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են սույն Համաձայնագի մասնակից պետությունների օրենսդրությամբ:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են այն արժութային սահմանափակումների վրա, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների արժութային օրենսդրություններով և չեն շոշափում բանկային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները, օրենսդրությամբ, որը Կարգավորում է ֆինանսավարկային այլ կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների հարկային և մաքսային օրենսդրություններով կարգավորվող հարաբերությունները:
Հոդված 3
Արժութային կարգավորման սկզբունքները, ինչպես նաև սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների կողմից արժութային գործողությունների իրականացման և հաշիվների բացման կարգը ուղղակիորեն նախատեսված չեն սույն Համաձայնագրով. որոշվում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությամբ:
Բաժին 2
Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները
Հոդված 4
Սույն Համաձայնագիրը, որպես արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում Կողմերի կողմից իրականացվող քաղաքականության հիմնաքարային սկզբունք, սահմանում է արժութային գործողությունների նկատմամբ արժութային սահմանափակումների աստիճանական թուլացումը և վերացումը, որոնց նկատմամբ կիրառվում են ազատականացման միջոցներ:
Հոդված 5
Համաձայն սույն Համաձայնագրի` արժութային քաղաքականության և արժութային վերահսկողության ոլորտում Կողմերի կողմից իրականացվող քաղաքականության հիմնաքարային սկզբունքն իրականացվում է ներքոնշյալի հիման վրա.
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից արժութային ոլորտի համատեղ միջոցառումներին կամավոր մասնակցություն,
● մոտեցումների էվոլյուցիա, որոնք ենթադրում են արժութային ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների շարունակականություն, փուլայնություն և կանոնավարություն,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների առկա մակրոտնտեսական պայմանների և արժութային համագործակցության քաղաքականության միջև հաշվեկշռի պահպանում նրա յուրաքանչյուր փուլում,
● տարաժամկետ մոտեցումների թույլտվություն, որը առանձին պետություններին հնարավորություն կտա միանալու արժութային համագործակցության կոլեկտիվ մեխանիզմներին նրանց` այդպիսի համագործակցությանը պատրաստ լինելու չափով:
Հոդված 6
Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների ռեզիդենտների միջև արժութային գործողությունների հետ կապված արդյունավետ տնտեսական կոոպերացմանը խոչընդոտող արժութային սահմանափակումների աստիճանական վերացումը:
Սույն Համաձայնագրով վերապահված ազատականացմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն սույն Համաձայնագրի մասնակից բոլոր պետությունների ռեզիդենտների նկատմամբ` առանց խտրականության:
Հոդված 7
Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում գործողություններ են ձեռնարկում, որոնք բացառում են արժութային սահմանափակումների ցանկացած ներմուծում, ինչպես նաև իրենց պետության արժութային օրենսդրության ցանկացած փոփոխություն, որոնք կարող են առաջ բերել նոր սահմանափակումներ արժութային գործողությունների իրականացման ժամանակ:
Հոդված 8
Իրենց պետության արժութային օրենսդրության համաձայն` Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է կիրառելու ազատականացման միջոցառումներ, որոնք նախատեսված չեն սույն Համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներով, սույն Համաձայնագրի առանձին մասնակից պետության կամ երրորդ երկրների նկատմամբ` առանց այդ միջոցառումները սույն Համաձայնագրի մյուս Կողմերի հետ հարաբերությունների վրա տարածելու պարտավորվածության:
Հոդված 9
Կողմերը միջոցներ են ձեռնարկում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների կողմից երրորդ երկրների ռեզիդենտների հետ իրականացվող արժութային գործողությունների և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների կողմից երրորդ երկրների տարածքներում հաշիվների բացման հետ կապված արժութային քաղաքականության ուղղությունների և միասնական մոտեցումների մշակման ուղղությամբ:
Հոդված 10
Սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունները չեն սահմանափակում Կողմերի հնարավորություններն ու լիազորությունները` վերահսկել արժութային գործողությունների արդարացի իրագործումը (ներառելով փաստաթղթեր ներկայացնելու պահանջները, որոնք արժութային գործողություններ կատարելու համար հիմք են հանդիսանում, և տեղեկատվություն, որը կապված է արժութային գործողություններ իրականացնելու, հաշիվներ բացելու և վարելու հետ), ինչպես նաև այլ միջոցառումների իրականացումը` ուղղված իրենց պետության արժութային օրենսդրության պահպանման ապահովմանը:
Բաժին 3
Արժութային գործողություններ, որոնց համար կիրառվում են ազատականացման միջոցներ
Հոդված 11
Կողմերը չեն կիրառում արժութային սահմանափակումներ վճարումների (Վերջնահաշիվ), սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների միջև գումարների փոխանցման գործողությունների և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում իրենց կողմից բացված հաշիվների հետ կապված գործողությունների իրականացման համար.
● արտահանման դեպքում` մինչև 1 տարի վճարման հետաձգման կամ ներմուծման դեպքում` նախնական վճարների (կանխավճարի ձևով)` մինչև 1 տարի հետաձգման հետ կապված` ապրանքների (աշխատանք, ծառայություններ), ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների, այդ թվում՝ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքների, անմիջականորեն մատակարարների (վաճառողների) և ստացողների (գնորդների) միջև իրականացվող վճարումներ և գումարների փոխանցումներ,
● տոկոսների, շահաբաժինների և այլ եկամուտների փոխանցում և ստացում ավանդներով (դեպոզիտներով), ներդրումներով, փոխառական և վարկային գործողություններով,
● ոչ առևտրային բնույթի փոխանցումներ և վճարումներ,
● վճարումներ` կապված անշարժ գույքի սեփականության հետ` բացառությամբ օդային և ծովային նավերի, ներքին և խառը (գետ-ծով) նավարկության նավերի, տիեզերական օբյեկտների,
● վճարումներ (հաշվարկներ) և գումարների փոխանցումներ` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների (փայաբաժինների), մասնաբաժինների, բաժնետոմսերի ձեռքբերման հետ,
● վճարումներ (հաշվարկներ) և գումարների փոխանցում` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից կազմակերպված շուկաների (բորսաների) միջոցով պետական արժեթղթերի ձեռքբերման հետ,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում իրավաբանական անձանց կողմից հաշիվների բացում, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գտնվող իրենց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ֆիզիկական անձանց կողմից հաշիվների բացում` ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող վճարումներ կատարելու նպատակով:
Հոդված 12
Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օր հետո հանում են արժութային սահմանափակումները սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների հետևյալ արժութային գործողությունների նկատմամբ.
● վճարումներ, որոնք կապված են դրամական տեսքով վարկեր (փոխառություններ) ներգրավելու և դրանք տրամադրելու հետ,
● վճարումներ (հաշվարկներ) և դրամական փոխանցումներ, որոնք կապված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպած շուկաների (բորսաների) միջոցով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտ-առևտրային կազմակերպությունների փոխառության տոմսերի և այլ արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի) ձեռքբերման հետ:
Հոդված 13
Կողմերից յուրաքանչյուրը բացառիկ դեպքերում իրավասու է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով սահմանելու արժութային սահմանափակումներ սույն Համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված արժութային գործողությունների նկատմամբ:
Բացառիկ դեպքերի թվին են պատկանում.
● այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնց դեպքում ազատականացման միջոցառումների իրականացումը կարող է հանգեցնել տնտեսական և ֆինանսական վիճակի վատթարացման,
● վճարային հաշվեկշռի վիճակի բացասական զարգացումը, որի հետևանքով ոսկին և արժութային ռեզերվները կարող են ընկնել թույլատրելի մակարդակից ներքև,
● այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնց դեպքում ազատականացման միջոցառումների իրականացումը կարող է ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել և խոչընդոտել հասարակական կարգի պահպանմանը,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային արժույթի կուրսի կտրուկ տատանումները:
Արժույթների սահմանափակումների մասին ծանուցումները դրանք կիրառող Կողմի կողմից ուղարկվում են մյուս Կողմերին այդպիսի սահմանափակումների կիրառության օրվանից առավելագույնը 15 օրվա ընթացքում:
Բաժին 4
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 14
Սույն Համաձայնագրի կատարմանն ուղղված միջոցառումների համաձայնեցման գործառույթներն իրականացնում է Միջպետական արժութային հանձնաժողովը՝ ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի հետ համագործակցելով:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը չի շոշոփում Կողմերի այնպիսի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից:
Հոդված 16
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում վեճի Կողմերը շահագրգիռ ցանկացած կողմի նախաձեռնությամբ դիմում են ԱՊՀ Տնտեսական դատարան կամ այլ ընթացակարգի` փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 17
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կազմում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված` ուժի մեջ մտնելու կարգի մասին համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից:
Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերն իրականացրել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 19
Սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ստեղծված և գործող բանկերի վրա, որոնց հիմնադիրները սույն Համաձայնագրի մասնակից պետություններն են, և որոնք մշտապես գտնվում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններից մեկում:
Հոդված 20
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդպիսի մտադրության մասին ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցում ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ, և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Հոդված 21
Ուժի մեջ մտնելուց հետո Սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության Կառավարության և կենտրոնական (ազգային) բանկի միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով:
Սույն Համաձայնագիրը միացած պետության համար ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր Կողմին ուղարկում է իր հաստատած պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 1-ին
Վերապահում
Հայաստանի Հանրապետության
ԱՊՀ մասնակից պետությունների արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության համար վճարման արժույթի սահմանափակումը Հայաստանի Հանրապետության տարածքում չի համարվի արժութային սահմանափակում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Վերապահում
Բելառուսի Հանրապետության
ԱՊՀ մասնակից պետությունների արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի վերաբերյալ
Բելառուսի Հանրապետության` արտաքին ցնցումների նկատմամբ տնտեսության խոցելիության պահպանման պայմաններում արտաքին ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը և կապիտալի հոսքերի ուղղորդման առանցքային ինստիտուցիոնալ տարրերի ձևավորման գործընթացների անավարտությունը նկատի ունենալով` կապիտալի տեղաշարժերի հետ կապված ազատականացման գործողությունները կարող են հանգեցնել մակրոտնտեսական վիճակի անկայունության և սահմանափակող բնույթի միջոցառումների կրկնակի ձեռնարկման անհրաժեշտության, ուստի 7-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները Բելառուսի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն 2017 թ. հունվարի 1-ից:
Բելառուսի Հանրապետության |
| |
Մ. Մյասնիկովիչ |
Ն. Երմակովա |
