ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2006 թվականի N 401-Ն
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի N 691-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի 4.2.10-րդ կետի հինգերորդ պարբերության պահանջների` բնակարանային ոլորտում պետական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի նպատակային գործունեությունն ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ բնակարանային ռեեստրի ստեղծման և վարման հետ կապված` կարգավորման ենթակա հարցերի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Վարդանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Հակոբյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Հ. Մաթիլյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ա. Մինասյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ |
Լ. Շահվերդյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Ա. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության փախստականների վարչության պետ |
Թ. Բաբայան | - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Խաչատրյան | - «Հազարամյակի համայնքներ» զարգացման հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
Ե. Աթայան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչության պետ (խորհրդի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 24.09.07 N 674-Ն, 21.08.10 N 661-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության իրականացման կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը բնակարանային ոլորտում քաղաքականության` ըստ ուղղությունների իրականացման նպատակով ոլորտում պետական պարտավորությունների կատարման ծրագրերի շրջանակներում միասնական մոտեցումների ձևավորումը, աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:
3. Խորհուրդն ունի 11 անդամ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
4. Խորհուրդն իր գործունեությունը նպատակաուղղում է ինչպես անօթևան ընտանիքների բնակարանային ապահովության, այնպես էլ բազմաբնակարան շենքերում կառավարման արդյունավետ համակարգի ստեղծման և բազմաբնակարան շենքերում մատուցվող կոմունալ ծառայությունների (ջուր, գազ, ջեռուցում, ջերմամատակարարում, աղբահանություն և այլն) որակի բարձրացման ու պայմանագրային հիմունքների կատարելագործման հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
5. Խորհրդի խնդիրներն են`
ա) պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին բնակարանային ոլորտի զարգացման ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում միասնական մոտեցումների ձևավորման նպատակով ծրագրային դրույթների քննարկումների կազմակերպումը.
բ) բնակարանային ոլորտում պետական աջակցության ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման կազմակերպումը.
գ) պետական միջամտությամբ անօթևան ընտանիքների (այդ թվում` սոցիալապես անապահովների) բնակարանային ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
դ) պետական ծրագրերի իրականացման մասին տարեկան հաշվետվությունների քննարկումների կազմակերպումը.
ե) պետական ծրագրերի մոնիթորինգի իրականացումը.
զ) բնակարանային ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականության ուղղություններին առնչվող հարցերի քննարկումների կազմակերպումը.
է) բնակարանային ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ը) տեղական ինքնակառավարման մարմիններին, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին, բազմաբնակարան շենքերի, շինությունների սեփականատերերին շենքի կայուն կառավարման համակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
թ) բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման և շենքերում մատուցվող կոմունալ ծառայությունների նկատմամբ վերահսկողության գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
6. Առաջադրված խնդիրներին համապատասխան` խորհուրդն իրավասու է`
ա) նպաստելու բնակարանային ոլորտում գործող սուբյեկտների համագործակցության իրականացմանը.
բ) օրենքով սահմանված վերահսկողություն իրականացնող մարմիններ ներկայացնելու առաջարկություններ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման և մատուցվող կոմունալ ծառայությունների նկատմամբ վերահսկողության գործընթացի բարելավման վերաբերյալ.
գ) կազմակերպելու նախատեսվող պետական ծրագրերի իրականացման հետ կապված աշխատանքների կատարման համար կապալառուների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների տեխնիկական առաջադրանքների քննարկումներ և անհրաժեշտության դեպքում ներկայացնելու եզրակացություն.
դ) ներկայացնելու առաջարկություններ ծրագրային մոտեցումների և դրանցում կատարվող փոփոխությունների վերաբերյալ.
ե) եռամսյա պարբերականությամբ կազմակերպելու պետական ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի քննարկումներ և անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առաջարկություններ.
զ) բնութագրելու ոլորտում տիրող իրավիճակը և ներկայացնելու համապատասխան առաջարկություններ ոլորտի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացման վերաբերյալ.
է) քննարկելու պետական ծրագրերի շրջանակներում, ինչպես հրատարակման նախապատրաստվող ձեռնարկների, բուկլետների, գովազդների և այլ հանրային իրազեկման նյութերի բովանդակությանը, այնպես էլ ուսուցողական սեմինարների ծրագրերին վերաբերող հարցերը և ներկայացնելու առաջարկություններ.
ը) հաստատելու խորհրդի աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբերի անդամների կազմը.
թ) ընդունելու խորհրդում քննարկվող հարցերի մասին որոշումներ և դրանք տրամադրելու շահագրգիռ կողմերին.
ժ) լուսաբանելու ոլորտին վերաբերող միջազգային փորձը և նպաստելու դրա առաջավոր մեթոդների կիրառմանը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են պարբերաբար, բայց առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնակարգի 7-րդ կետին համապատասխան:
Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային կապի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ:
Խորհրդի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:
8. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները լուծելու համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
10. Խորհրդի նիստը վարում է նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
11. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:
12. Հարցի քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ:
13. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների ու կազմակերպությունների համապատասխան մասնագետները` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առաջարկությամբ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Խորհրդի նախագահն ապահովում է խորհրդի աշխատանքների կազմակերպումը և ներկայացնում է խորհուրդը պետական կամ այլ մարմիններում:
15. Խորհրդի նախագահը ձևավորում է խորհրդի աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբեր` ըստ խորհրդի գործունեության իրականացման ուղղությունների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներից (համաձայնությամբ):
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Խորհրդի անդամները ներկայացնում են խորհրդի նիստերի արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքները` դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
17. Խորհրդի անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Խորհրդի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |