Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Բանվորների աշխատանքների և մասնագիտությունների Միասնական սակագնային-որակավորման տեղեկատուի և ծառայողների պաշտոնների Որակավորման տեղեկատուի կիրառման գծով համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ՝ Կողմեր),
ճանաչելով աշխատանքային գործունեություն իրականացնելիս՝ աշխատողների սոցիալական պաշտպանության կարևորությունը,
գիտակցելով աշխատանքային գործունեության հարցերի կարգավորման անհրաժեշտությունը և ձգտելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում աշխատանքի գծով միասնական նորմատիվ բազայի ստեղծմանը,
հավատարիմ մնալով մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերին և Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում մշակված սկզբունքներին,
նշելով, որ ստեղծվող աշխատանքի ընդհանուր շուկան կապահովի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շահերի զուգակցումը կոնկրետ գործատուների և աշխատողների շահերի հետ,
նպատակ ունենալով բարելավել Կողմերի փոխգործակցությունը աշխատավորների զբաղվածության սոցիալական և մասնագիտական-իրավական երաշխիքների ապահովման, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության հարցերում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի համագործակցության հիմնական ուղղությունները բանվորների աշխատանքների և մասնագիտությունների Միասնական սակագնային-որակավորման տեղեկատուի (այսուհետ՝ ՄՍՈՏ) և ծառայողների պաշտոնների Որակավորման տեղեկատուի (այսուհետ՝ ՈՏ) կիրառման բնագավառում՝ Կողմերի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (այսուհետ՝ ձեռնարկություններ), անկախ սեփականության ձևից, աշխատողների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելիս:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը համապատասխան ազգային մարմիններին կհանձնարարեն ՄՍՈՏ-ի և ՈՏ-ի մեջ մտնող աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների անվանումների հիման վրա համատեղ մշակել բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների Միջպետական դասակարգիչ (այսուհետ՝ Միջպետական դասակարգիչ):
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը կապահովեն Միջպետական դասակարգչի կիրառումը բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների անվանումների, ձեռնարկությունների աշխատողների մասնագիտական որակավորման և գիտելիքների մակարդակի նկատմամբ պահանջների միատեսակություն ստեղծելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 4
Միջպետական դասակարգչի հաստատման, Միջպետական դասակարգչի մեջ մտնող բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների անվանումների ներառման և հանման մասին որոշումներն ընդունում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատանքի, միգրացիայի և բնակչության սոցիալական պաշտպանության գծով Խորհրդատվական խորհուրդը (այսուհետ՝ Խորհրդատվական Խորհուրդ):
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը պարտավորվում են ֆինանսավորել Միջպետական դասակարգիչի ստեղծման, ՄՍՈՏ-ի և ՈՏ-ի սակագնային-որակավորման և որակավորման բնութագրերի մշակման միջոցառումները:
Նշված միջոցառումների ֆինանսավորման ծավալները, կարգը և պայմանները որոշվում են Կողմերի լիազորված մարմինների կողմից:
Հ ո դ վ ա ծ 6
Համագործակցության մասնակից պետություններում օրինական կարգով բնակվող և ձեռնարկություններում աշխատող աշխատողների մասնագիտական բարձր մակարդակի ապահովման նպատակով, Կողմերը կսահմանեն համեմատելի պահանջներ կադրերի պատրաստման և որակավորման շնորհման կրթական ստանդարտների նկատմամբ, որոնք կիրառվում են սույն Համաձայնագրի մասնակից պետություններում:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը համապատասխան ազգային մարմիններին կհանձնարարեն անցկացնել իրենց պետություններում գոյություն ունեցող բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների անվանումների շնորհման կարգի վերլուծություն և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն նշված բնագավառում ազգային նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 8
Աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթղթերում, բանվորների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների անվանումների գրանցումը կատարվում է ՄՍՈՏ-ին, ՈՏ-ին և Միջպետական դասակարգչին համապատասխան, այն պետության լեզվով, որում մշտապես բնակվում է աշխատողը, այդ պետության լեզուների մասին օրենսդրության համաձայն:
Մշտական բնակության պետության տարածքից դուրս աշխատանքային գործունեություն իրականացնող անձի համար աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում նրա աշխատանքային գործունեությունը հաստատող և մշտական բնակության պետության տարածքում գործող փաստաթղթից ռուսերեն արված նոտարական կարգով հաստատված քաղվածքը:
Հ ո դ վ ա ծ 9
Յուրաքանչյուր Կողմ ՄՍՈՏ-ը, ՈՏ-ը և Միջպետական դասակարգիչը կիրառում է իր պետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերն իրենց պետությունների համապատասխան մարմիններին կհանձնարարեն տեղեկացնել Խորհրդատվական Խորհրդին սույն Համաձայնագրի իրագործման նպատակով իրենց կողմից ձեռնարկված կոնկրետ միջոցների մասին:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից, իսկ այն մասնակից պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան փաստաթղթերի ներկայացման ամսաթվից:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից նրան միանալու համար, ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերի փոխանցման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ մեկ տարով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Հ ո դ վ ա ծ 16
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին գրավոր ծանուցագիր ուղարկելով ավանդապահին՝ դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ:
Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի նրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից:
