ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 սեպտեմբերի 2010 թ. |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդված 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի մայիսի 21-ին Կիևում ստորագրված` «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական բնապահպանական գնահատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 17.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2003թ. մայիսի 21-ին Կիևում` երկրում բնապահպանական հարցերի քննարկման և արդյունավետ լուծման, ինչպես նաև հարևան երկրների հետ բնապահպանական խնդիրների համատեղ լուծման հստակեցված և իրավական հիմքերով համագործակցություն ծավալելու նպատակով:
2. Արձանագրությունը «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիային կից արձանագրություն է: Այդ կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1996թ. մայիսի 14-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-096-1 որոշմամբ:
3. Արձանագրության բաղկացուցիչ մաս են կազմում հինգ հավելված: Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ համապատասխան միջոցներ` Արձանագրության դրույթները պարզ և թափանցիկ շրջանակներում իրագործելու համար,
● ապահովել այն ընկերակցությունների, կազմակերպությունների կամ խմբերի ճանաչումն ու աջակցումը, որոնք նպաստում են Արձանագրության համատեքստում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության պահպանմանը,
● ապահովել, որ իրենց բնապահպանական կոլեկտիվ իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չպատժվեն, չհետապնդվեն կամ հարձակման չենթարկվեն,
● ապահովել ռազմավարական բնապահպանական գնահատման իրագործումը,
● որոշել, թե արդյոք Արձանագրությամբ սահմանված պլաններն ու ծրագրերն զգալի ազդեցություն կունենան շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա` ցանկացած դեպքում հաշվի առնելով Արձանագրության հավելվածում սահմանված չափորոշիչները,
● սահմանել այն տեղեկությունների որոշման պայմանները, որոնք պետք է ընդգրկվեն շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ, ինչպես նաև ապահովել բնապահպանական և առողջապահական մարմինների հետ խորհրդակցությունների անցկացումը,
● ապահովել շրջակա միջավայրի մասին հաշվետվության մշակումը` ռազմավարական բնապահպանական գնահատում պահանջող պլանների և ծրագրերի համար,
● ապահովել հանրության պատշաճ, ժամանակին և արդյունավետ մասնակցությունը պլանների և ծրագրերի` ռազմավարական բնապահպանական գնահատմանը,
● ապահովել, որ պլանը կամ ծրագիրն ընդունելիս պատշաճ կերպով հաշվի առնվեն շրջակա միջավայրի մասին հաշվետվության եզրակացությունները և շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ նշված վնասակար ներգործությունները կանխարգելող, նվազեցնող կամ մեղմացնող միջոցառումները,
● իրականացնել պլանների կամ ծրագրերի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա զգալի ազդեցությունների մոնիտորինգ,
● իրականացված մոնիտորինգի արդյունքները տրամադրել բնապահպանական և առողջապահական մարմիններին և հանրությանը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
4. Արձանագրությամբ սահմանված են նաև խորհրդակցությունների իրականացման, կողմերի քվեարկելու իրավունքի իրականացման, Արձանագրությունում փոփոխությունների կատարման, ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միացման, ուժի մեջ մտնելու, դուրս գալու, ինչպես նաև վեճերի և աուտենտիկության կարգավորման կարգն ու պայմանները:
5. ՀՀ սահմանադրական դատարանն ուսումնասիրելով նաև Արձանագրության տեքստի անգլերեն բնօրինակը` գտնում է, որ անհրաժեշտ է հայերեն պաշտոնական տեքստի հասկացութային ապարատը համապատասխանեցնել անգլերեն բնօրինակին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2003 թվականի մայիսի 21-ին Կիևում ստորագրված` «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական բնապահպանական գնահատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-911