Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների (այսուհետ՝ երրորդ երկրների) հետ առևտրում մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման նպատակով,
ցանկանալով փոխշահավետության և միջազգային իրավունքի հիման վրա բարենպաստ պայմաններ ստեղծել առևտրի զարգացման համար,
ձգտելով ամրապնդել բազմակողմ առևտրային համակարգը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերի պետությունների միասնական մաքսային տարածքում երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ կիրառվում են Ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնները, սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածի համաձայն՝ բացառությամբ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների և այն երկրների ծագման ապրանքների, որոնք ունեն ազատ առևտրի մասին պայմանագրեր, որոնց մասնակից են Կողմերի բոլոր պետությունները։
Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները հաստատվում են Կողմերի միջև առանձին համաձայնագրով։
Այն երկրի ծագման ապրանքների նկատմամբ, որն ունի ազատ առևտրի մասին պայմանագիր, որին մասնակից են Կողմերի բոլոր պետությունները, կիրառվում են տվյալ պայմանագրով սահմանված՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։
Հոդված 2
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում հանձնվում են Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը։
Հոդված 3
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են Կողմերի առանձին արձանագրություններով։
Հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի հունվարի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեում, որը, որպես դրա ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Հավելված
«Ապրանքների ծագման երկիրը որոշելու
միասնական կանոնների մասին»
համաձայնագրի
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն Կանոններում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
ավելացված արժեք՝ «ֆրանկո գործարան» պայմաններով ապրանքի գնի և դրա արտադրության համար օգտագործված՝ ներկրված հումքի ու նյութերի արժեքի տարբերությունը,
ապրանքի խմբաքանակ՝ ապրանքներ, որոնք մեկ տրանսպորտային փաստաթղթով մեկ բեռնառաքողի կողմից ուղարկվում են մեկ բեռն ստացողի հասցեով, ինչպես նաև մեկ փոստային բեռնագրով ուղարկվող կամ մաքսային սահմանը հատող՝ մեկ ֆիզիկական անձի կողմից որպես ձեռքի ծանրոց տեղափոխվող ապրանքներ,
ապրանքների ծագման երկիր՝ երկիր, որտեղ ապրանքներն ամբողջությամբ արտադրվել կամ ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն Կանոններով սահմանված՝ ապրանքների բավարար վերամշակման չափանիշներին համապատասխան։ Ընդ որում՝ ապրանքների ծագման երկիր ասելով ենթադրվում է երկրների խումբ կամ երկրների մաքսային միություններ կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե անհրաժեշտ է դրանք տարանջատել՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու նպատակով,
«ֆրանկո-գործարան» պայմաններով գին՝ ապրանքի գին, որը ենթակա է վճարման արտադրողին, որն իրականացրել է ապրանքի վերջին էական վերամշակումը՝ հանած բոլոր ներքին հարկերը, որոնք վճարվում են կամ կարող են վճարվել դրա արտահանման ժամանակ։
2. Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված ապրանքներ են համարվում՝
1) երկրի ընդերքից, դրա տարածքային ծովից (ջրերից) կամ տվյալ ծովի հատակից արդյունահանված օգտակար հանածոները,
2) տվյալ երկրում աճեցված կամ հավաքված՝ բուսական ծագման արտադրանքը,
3) տվյալ երկրում ծնված և բուծված կենդանի կենդանիները,
4) տվյալ երկրում բուծված կենդանիներից՝ այդ երկրում ստացված արտադրանքը,
5) տվյալ երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը,
6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և տվյալ երկրի նավի միջոցով ստացված ծովային արդյունագործական այլ արտադրանք,
7) տվյալ երկրի վերամշակող նավի վրա՝ բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից ստացված արտադրանքը,
8) տվյալ երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ տվյալ երկիրն ունի այդ ծովի հատակի կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ,
9) տվյալ երկրում արտադրական կամ վերամշակման այլ գործողությունների արդյունքում ստացված թափոնները և ջարդոնը (երկրորդային հումք), ինչպես նաև տվյալ երկրում հավաքված ու միայն որպես հումք վերամշակման համար պիտանի՝ նախկինում օգտագործված արտադրատեսակները,
10) բաց տիեզերքում տիեզերական օբյեկտներում ստացված բարձր տեխնոլոգիաների արտադրանքը, եթե տվյալ երկիրը համապատասխան տիեզերական օբյեկտի գրանցման պետությունն է,
11) բացառապես սույն կետի 1-10-րդ ենթակետերում նշված արտադրանքից՝ տվյալ երկրում պատրաստված ապրանքները։
3. Եթե ապրանքի արտադրության գործընթացում ներգրավված են երկու և ավելի երկրներ, ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ իրականացվել են ապրանքի վերամշակման կամ պատրաստման հետ կապված վերջին գործողությունները, որոնք համապատասխանում են սույն Կանոններին համապատասխան սահմանված՝ բավարար վերամշակման չափանիշներին։
4. Եթե սույն Կանոնների 6-րդ կետին համապատասխան՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու առանձնահատկություններն ապրանքների առանձին տեսակների կամ որևէ երկրի մասով հատուկ չեն նշվում, ապա ապրանքը համարվում է տվյալ երկրի ծագում ունեցող, եթե ապրանքի վերամշակման կամ պատրաստման հետ կապված գործողությունների իրականացման արդյունքում տեղի է ունեցել Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն առաջին չորս նիշերից ցանկացածի մակարդակով։
5. Անկախ սույն Կանոնների 4-րդ կետով սահմանված դրույթներից՝ բավարար վերամշակման չափանիշներին չեն համապատասխանում՝
1) ապրանքի պահպանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողությունները,
2) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողությունները (խմբաքանակների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողությունները,
3) պարզ հավաքման գործողությունները և ապրանքի կազմատման հետ կապված գործողությունները, ինչպես նաև այլ գործողություններ, որոնց իրականացման արդյունքում էապես չի փոփոխվում ապրանքի վիճակը ըստ այն անվանացանկի, որը սահմանվում է «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրով հիմնադրված Մաքսային միության հանձնաժողովի կողմից,
4) ապրանքների (բաղադրամասերի) խառնումը, ինչի արդյունքում ստացված արտադրանքն էապես չի տարբերվում ելակետային բաղադրիչներից,
5) կենդանիների սպանդը, մսի մասնատումը (տեսակավորումը),
6) լվացումը, մաքրումը, փոշեհեռացումը, օքսիդապատումը, յուղով կամ այլ նյութերով պատումը,
7) տեքստիլի (մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակներ, մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակներից գործվածքներ և դրանցից արտադրատեսակներ) արդուկումը կամ մամլումը,
8) ներկման կամ փայլեցման գործողությունները,
9) հացահատիկների և բրնձի թեփահանումը, մասնակի կամ ամբողջական սպիտակեցումը, հղկումն ու ողորկումը,
10) շաքարը ներկելու կամ շաքարի կտորներ պատրաստելու գործողությունները,
11) մրգերի, բանջարեղենի և ընկուզեղենի կեղևահանումը, սերմերի հեռացումն ու մասնատումը,
12) սրումը, պարզ աղումը կամ պարզ կտրատումը,
13) մաղով կամ քարամաղով մաղումը, տեսակավորումը, դասակարգումը, ընտրումը, հավաքումը (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների կազմումը),
14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ պարզ գործողություններ,
15) ապրանքների բաժանումը բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից,
16) վերոհիշյալ երկու կամ ավելի գործողությունների համակցությունը։
6. Ապրանքի ծագման երկիրը որոշելու համար Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով օգտագործվում են նաև բավարար վերամշակման հետևյալ չափանիշները՝
1) որոշակի պայմանների, արտադրական կամ տեխնոլոգիական գործողությունների կատարում, որոնք բավարար են, որ ապրանքների ծագման երկիր համարվի այն երկիրը, որտեղ կատարվել են տվյալ գործողությունները,
2) ապրանքի արժեքի փոփոխությունը, երբ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի հաստատագրված բաժնին (ադվալորային բաժնի կանոն)։
7. Այն դեպքում, երբ կիրառվում է ադվալորային բաժնի կանոնը, արժեքային ցուցանիշները հաշվարկվում են՝
1) ներկրվող նյութերի համար` այդ նյութերի մաքսային արժեքով` դրանք այն երկիր ներմուծելու ժամանակ, որի տարածքում արտադրվում է վերջնական արտադրանքը, կամ (ներկրվող նյութերի անհայտ ծագման դեպքում) (ՌԴ) իրենց առաջին վաճառքի՝ փաստաթղթով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ արտադրվում է վերջնական արտադրանքը,
2) վերջնական արտադրանքի համար՝ «ֆրանկո-գործարան» պայմաններով գնով։
8. Ծագման երկիրը որոշելիս հայտարարատուի ցանկությամբ որպես մեկ միասնական ապրանք են դիտարկվում կազմատված կամ չհավաքված ապրանքները, որոնք մատակարարվում են մի քանի խմբաքանակներով՝ արտադրական կամ տրանսպորտային պայմաններից ելնելով դրանց բեռնառաքումը մեկ խմբաքանակով իրականացնելու անհնարինության դեպքում, ինչպես նաև այն ապրանքները, որոնց խմբաքանակը սխալմամբ բաժանվել է մի քանի խմբաքանակների:
9. Սույն Կանոնների 8-րդ կետով նախատեսված կանոնը կիրառվում է հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
1) նախնական ծանուցում ներմուծման երկրի մաքսային մարմնին մի քանի խմբաքանակով մատակարարվող՝ կազմատված կամ չհավաքված տեսքով ապրանքների կամ ապրանքները մի քանի խմբաքանակի մասնատելու մասին՝ նշելով մասնատման պատճառները, կից ներկայացնելով յուրաքանչյուր խմբաքանակի մասնագիրը՝ նշելով Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն սահմանված ապրանքների ծածկագրերը, յուրաքանչյուր խմբաքանակում ներառված ապրանքների արժեքները և ծագման երկրները կամ ապրանքները սխալմամբ մի քանի խմբաքանակի մասնատելու փաստաթղթային հաստատումը,
2) ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մեկ երկրից՝ մեկ մատակարարի կողմից,
3) ապրանքների բոլոր խմբաքանակների համար հայտարարագրի ներկայացում մեկ մաքսային մարմին,
4) ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մեկ պայմանագրի շրջանակներում,
5) ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մաքսային հայտարարագրի ընդունման օրվանից հետո մեկ տարին չգերազանցող ժամկետում կամ մինչև հայտարարագիրն ապրանքների առաջին խմբաքանակի համար ներկայացնելու ժամկետի ավարտը: Հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա՝ ապրանքն ստացողից անկախ պատճառներով ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարման անհնարինության դեպքում, նշված ժամկետները կարող են մաքսային մարմնի կողմից երկարաձգվել ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարման համար անհրաժեշտ՝ սակայն մեկ տարին չգերազանցող ժամկետով:
10. Ապրանքների ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում դրանց արտադրության կամ վերամշակման համար օգտագործվող ջերմային և էլեկտրական էներգիայի, մեքենաների, սարքավորումների ու գործիքների ծագումը:
11. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ միասին օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի և գործիքների ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերն ու գործիքները ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք տեխնիկական փաստաթղթերի համաձայն սովորաբար մատակարարվում են տվյալ սարքավորանքների հետ:
12. Ներմուծվող ապրանքի փաթեթվածքի ծագման երկիր է համարվում տվյալ ապրանքի ծագման երկիրը` բացառությամբ այն դեպքերի, երբ փաթեթվածքը, հաշվի առնելով Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, ենթակա է հայտարարագրման` ապրանքից առանձին: Այդ դեպքում փաթեթվածքի ծագման երկիրը որոշվում է ապրանքի ծագման երկրից առանձին։
Եթե մաքսային տարածք ներմուծվող ապրանքի փաթեթվածքի ծագման երկիր է համարվում ապրանքի ծագման երկիրը, ապա ապրանքի ծագման երկիրը որոշելու համար հաշվի է առնվում միայն այն փաթեթվածքը, որով ապրանքն իրացվում է մանրածախ առևտրում, այդ թվում՝ սույն Կանոնների 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ադվալորային բաժնի կանոնի կիրառման դեպքում: