ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0422/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0422/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Օհանյանի, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Էմմա Կարախանյանի ընդդեմ Նարինե Օհանյանի, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և Նարինե Օհանյանի, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների հակընդդեմ հայցի` բնակարանի բաժնի առանձնացման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Էմմա Կարախանյանը պահանջել է դադարեցնել Նարինե Օհանյանի, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ս. Տարոնցու նրբանցքի 1 շենքի թիվ 24 բնակարանի նկատմամբ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը:
Հակընդդեմ հայցով Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանները պահանջել են առանձնացնել Երևանի Ս. Տարոնցու նրբանցքի 1-ին շենքի թիվ 24 բնակարանի իրենց բաժինը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Կարախանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման, իսկ հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է Մերի Թադևոսյանի դիմումը և Վազգեն Օհանյանի ցուցմունքը այն պարագայում, երբ մի շարք այլ ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանները իրենց գործողություններով չեն հրաժարվել վերը նշված բնակարանի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ Նարինե Օհանյանի, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանների գույքը գտնվում է վիճելի բնակարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանները իրենց գործողություններով կամավոր հրաժարվել են իրենց սեփականության իրավունքից` փոխարենը ստանալով Երևան քաղաքի Ծերենցի թիվ 3 շենքի բնակարան 181 հասցեում գտնվող տունը: Մասնավորապես, պատասխանողներից Մերի Թադևոսյանի 29.04.2009 թվականի դիմումով, Նարինե Օհանյանի հոր՝ Վազգեն Օհանյանի ցուցմունքով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Նարինե Օհանյանին և նրա ընտանիքի անդամներին ծնողների կողմից հատկացվել է Երևանի Ծերենցի 3 հասցեում գտնվող մեկսենյականոց բնակարանը, որտեղ նրանք մշտապես բնակվել են:
Այնուհետև, Ռուսաստանի Դաշնություն մեկնելիս այն վաճառել են` տնօրինելով բնակարանի վաճառքից ստացած ամբողջ գումարը: Նշված հանգամանքը հաստատվում է նաև Նազիկ Դանիելյանի հայտարարությամբ, համաձայն որի՝ բնակարանը վաճառող կողմ հանդես է եկել Նարինե Օհանյանը, նրա հետ են տարվել բանակցություններ, ինչպես նաև Նարինե Օհանյանին է վճարվել բնակարանի արժեքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Շենգավիթի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 08.12.1994 թվականի թիվ 26/1 որոշմամբ Երևանի Ս. Տարոնցու նրբանցքի 1-ին շենքի թիվ 24 բնակարանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն սեփականաշնորհվել է Էմմա Կարախանյանի անվամբ` ընտանիքի վեց անձին, այդ թվում Նարինե Օհանյանին, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյաններին (հատոր 1-ին, գ.թ. 11):
2. 09.11.2005 թվականին տրված թիվ 1568270 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Ս. Տարոնցու նրբանցքի 1-ին շենքի թիվ 24 բնակարանի սեփականատերերն են Էմմա Կարախանյանը, Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանները (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
3. Դատարանին ուղղված Մերի Թադևոսյանի դիմումի համաձայն` հայցադիմումում նշված փաստական հանգամանքները համապատասխանում են իրականությանը (հատոր 1-ին, գ.թ. 104):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է oրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչմանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե՛ս Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների հայցն ընդդեմ Ռոզա Գրիգորյանի, Նիկոլայ և Հասմիկ Սողոմոնյանների՝ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության և ժառանգությունն ընդունելու փաստերը հաստատելու պահանջների մասին, և Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-509(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Մերի Թադևոսյանի 29.04.2009 թվականի դիմումով և Նարինե Օհանյանի հոր՝ Վազգեն Օհանյանի դատաքննությամբ տրված ցուցմունքով հիմնավորվել է, որ Նարինե Օհանյանին և նրա ընտանիքի անդամներին ծնողների կողմից հատկացվել է Երևանի Ծերենցի 3 հասցեում գտնվող մեկսենյականոց բնակարանը, որտեղ նրանք մշտապես բնակվել են:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Շենգավիթի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 08.12.1994 թվականի թիվ 26/1 որոշմամբ Երևանի Ս. Տարոնցու նրբանցքի 1 շենքի թիվ 24 բնակարանը սեփականաշնորհվել է Էմմա Կարախանյանի անվամբ` ընտանիքի վեց անձին, այդ թվում Նարինե Օհանյանին, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյաններին և նշված հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ 09.11.2005 թվականին գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, որ պատասխանողներից Մերի Թադևոսյանի 29.04.2009 թվականի դիմումով, Նարինե Օհանյանի հոր՝ Վազգեն Օհանյանի ցուցմունքով հիմնավորվում է այն, որ Նարինե Օհանյանը, Աննա, Մերի, Էմմա և Խաչիկ Թադևոսյանները իրենց գործողություններով կամավոր հրաժարվել են իրենց սեփականության իրավունքից` փոխարենը ստանալով Երևան քաղաքի Ծերենցի թիվ 3 շենքի, բնակարան 181 հասցեում գտնվող տունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն Մերի Թադևոսյանի 29.04.2009 թվականի դիմումը, Նարինե Օհանյանի հոր՝ Վազգեն Օհանյանի ցուցմունքը բավարար չէ, վիճելի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Էմմա Կարախանյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար:
Ինչ վերաբերում է Էմմա Կարախանյանի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացված Նազիկ Դանիելյանի հայտարարությանը և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Նազիկ Դանիելյանի հայտարարությամբ հաստատվում է, որ բնակարանը վաճառող կողմ հանդես է եկել Նարինե Օհանյանը, նրա հետ են տարվել բանակցություններ, ինչպես նաև Նարինե Օհանյանին է վճարվել բնակարանի արժեքը, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Էմմա Կարախանյանը նշված փաստարկը Դատարանում չի վկայակոչել, ինչպես նաև այդ փաստարկով Դատարանի վճիռը չի բողոքարկել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում այն Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |