ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/3585/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3585/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Հանձնաժողովի հայցի ընդդեմ «Որդի Էրիկ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Հանձնաժողովի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հանձնաժողովը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 500.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 06.03.2009 թվականի թիվ 21-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Գեղեցիկ Բարսեղյանը 14.07.2009 թվականի գրավոր բացատրությամբ նշել է, որ 2009 թվականի փետրվարի 13-ին ստացած հանձնաժողովի 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշումը նույն պահին հանձնել Է Ընկերության տնօրեն Գրիգոր Խեչոյանին: Ուստի Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել հանձնելու հաջորդ օրը` 2009 թվականի փետրվարի 14-ին, որին հաջորդող 10-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել պահանջված տեղեկատվությունը, սակայն չի ներկայացրել:
Հետևաբար, Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառումը իրավաչափ է:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հանձնաժողովի թիվ 3-Ա որոշումը ներկայացվել է Ընկերությանը չառնչվող հասցեով: Այն «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հանձնվել է Գեղեցիկ Բարսեղյանին: Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի կողմից անտեսվել է Ընկերության տնօրեն Գրիգոր Խեչոյանի, գործով որպես վկա հարցաքննված Անուշ Ներսիսյանի, Անժելա Թովմասյանի և Գեղեցիկ Բարսեղյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, որոնցով ապացուցվել է, որ Հանձնաժողովի թիվ 3-Ա որոշումը Ընկերությանը հանձնվել է միայն 13.03.2009 թվականին, որից անմիջապես հետո Ընկերությունը անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկել է Հանձնաժողովին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հանձնաժողովի 04.02.2009 թվականի «Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Ընկերությունից պահանջվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն 2008 թվականի ընթացքում իրականացված գործունեության վերաբերյալ (գ.թ. 5-7)։
2. «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR011061924AM ծանուցման թերթիկի համաձայն` Հանձնաժողովի 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշումը 09.02.2009 թվականի թիվ ՎԵ-331 գրությամբ 13.02.2009 թվականին հանձնվել է քաղաք Չարենցավան, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամաս, 10-րդ շենք, 34 բնակարան հասցեով (գ.թ. 9, 13):
3. Քաղաք Չարենցավան, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամաս, 10-րդ շենք, 34 բնակարանի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանի 14.07.2009 թվականի գրավոր պարզաբանման համաձայն՝ նա ստացել է Ընկերությանը հասցեագրված 13.02.2009 թվականի, 02.03.2009 թվականի, 13.03.2009 թվականի և 28.04.2009 թվականի հետադարձ ծանուցումներով նամակները: Առաջին նամակը բացելով կարդացել է և նույն պահին հանձնել Գրիգոր Խեչոյանին: 2-րդ և 3-րդ նամակները նույնպես հանձնել է Գրիգոր Խեչոյանին (գ.թ. 36):
4. Հանձնաժողովի 06.03.2009 թվականի թիվ 21-Ա որոշմամբ` 04.02.2009 թվականի թիվ 3-Ա որոշմամբ սահմանված տեղեկատվությունը նույն որոշմամբ նախատեսված ժամկետում չներկայացնելու հիմքով Ընկերության նկատմամբ նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք (գ.թ 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործով Դատարանը, Ընկերության հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Գեղեցիկ Բարսեղյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ստորագրել և ստացել է Հանձնաժողովի կողմից ուղարկված նամակները, քանի որ դրանք ուղարկված են եղել իր բնակության հասցեով, և մոտ մեկ ամիս հետո տարել հանձնել է Ընկերության գլխավոր հաշվապահ Անուշ Ներսիսյանին: Նշված հիմքով Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Հանձնաժողովի կողմից ուղարկված բոլոր ծանուցումները, այդ թվում՝ 10-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելու և 500.000 ՀՀ դրամ տուգանքը վճարելու վերաբերյալ Ընկերությանը չեն հանձնվել ծանուցագրերի հավաստագրերում նշված ժամկետներում:
Մինչդեռ սույն գործով Դատարանը պատշաճ չի գնահատել Չարենցավան քաղաքի, 2-րդ մ/շ, 2-րդ թաղամասի, 10-րդ շենքի, թիվ 34 բնակարանի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանի գրավոր պարզաբանումը, համաձայն որի՝ նա ստացել է Ընկերությանը հասցեագրված 13.02.2009 թվականի, 02.03.2009 թվականի, 13.03.2009 թվականի և 28.04.2009 թվականի հետադարձ ծանուցումներով նամակները: Առաջին նամակը բացելով կարդացել և նույն պահին հանձնել է Գրիգոր Խեչոյանին: 2-րդ և 3-րդ նամակները նույնպես հանձնել է Գրիգոր Խեչոյանին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի պարզել նաև Գեղեցիկ Բարսեղյանի կողմից 14.07.2009 թվականին տրված գրավոր պարզաբանման և նրա դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված ցուցմունքի միջև առկա հակասությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար, կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան