Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Օդային տարածքի օգտագործման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,
ելնելով իր ցամաքային և ջրային տարածքի վերևում գտնվող օդային տարածքի նկատմամբ յուրաքանչյուր մասնակից պետության լիակատար և բացառիկ ինքնիշխանությունից,
նկատի ունենալով օդային տարածքի օգտագործման օդային երթևեկության կառավարման և հսկողության նկատմամբ հարցերի կարևորությունը,
ցանկանալով նպաստել պայմանավորվող կողմերի միջև համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Մասնակից պետությունները պարտավորվում են նախքան համապատասխան պետական կառույցների ստեղծումը և օդային տարածքի օգտագործման համար նորմատիվ ակտերի ընդունումը, ղեկավարվել օդային տարածքի օգտագործման և դրա նկատմամբ հսկողության համար գոյություն ունեցող նորմատիվ փաստաթղթերի պահանջներով, որոնք չեն հակասում մասնակից պետությունների օրենսդրություններին:
Հ ո դ վ ա ծ 2
Մասնակից պետությունների տարածքներում օդային երթևեկության և հակաօդային պաշտպանության կառավարման միասնական համակարգի մարմինները հանդիսանում են օդային տարածքի օգտագործման կառավարման և դրա նկատմամբ հսկողության հարցերով հիմնական մարմիններ:
Օդային երթևեկության պլանները համաձայնեցվում են այն մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների (կոմիտեներ) հետ, որոնց տարածքում նախատեսվում է օդային տարածքի օգտագործումը:
Օդային տարածքի օգտագործման կարգի խախտումների մասին օդային երթևեկության և հակաօդային պաշտպանության կառավարման միասնական համակարգի մարմինները տեղեկացնում են այն մասնակից պետությունների պաշտպանության նախարարություններին (կոմիտեներին), որոնց տարածքում տեղի է ունեցել խախտումը:
Հ ո դ վ ա ծ 3
Օդային տարածքի օգտագործման և դրա նկատմամբ հսկողության կարգի համաձայնեցման գործողությունների համադրումը հանձնարարել օդային երթևեկության կառավարման միասնական համակարգի գոյություն ունեցող գլխավոր կենտրոնին և հակաօդային պաշտպանության զորքերի կենտրոնական հրամանատարական կետին:
Հ ո դ վ ա ծ 4
Մասնակից պետությունները համադրված գործունեություն կիրականացնեն օդային երթևեկության, նավագնացության, վայրէջքի և կապի կառավարման տեխնիկական միջոցների ու համակարգի հետազոտությունների, նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման աշխատանքների ժամանակ, այդ թվում օդային տարածքի օգտագործման կատարելագործման բնագավառում համատեղ ծրագրերի ստեղծմամբ` հաշվի առնելով Համագործակցության զինված ուժերի և օդային տարածքից այլ օգտվողների շահերը:
Հ ո դ վ ա ծ 5
Մասնակից պետությունները պարտավորվում են պայմանագրային հիմունքներով օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության կառավարման բնագավառում մտցնել մասնագետների նպատակային պատրաստում և վերապատրաստում` համաձայնեցված մեթոդներով և ծրագրերով:
Նրանց կողմից տրվող վկայականները և վկայագրերը, ինչպես նաև այլ փաստաթղթերը, որոնք հավաստում են մասնագետների մասնագիտությունը և որակավորումը, այդ թվում նաև մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը տրված վերոհիշյալ փաստաթղթերը, ճանաչվում են Համագործակցության պետությունների տարածքներում:
Հ ո դ վ ա ծ 6
Մասնակից պետությունները անցումային ժամանակաշրջանում, մինչև 1994 թվականը, մշակում են օդային տարածքի օգտագործման վերաբերյալ օրենսդրական ակտեր:
Մասնակից պետությունները անհրաժեշտություն են համարում օդային տարածքի օգտագործման և ավիացիայի գործունեության կարգը կանոնակարգող օրենսդրական ակտերի մշակման ժամանակ հաշվի առնել Համագործակցության զինված ուժերի և օդային տարածքից այլ օգտվողների շահերը:
Հ ո դ վ ա ծ 7
Մասնակից պետությունները Համագործակցության զինված ուժերի գործունեության համար կներկայացնեն իրենց վրա գտնվող օդային տարածքը և չեն ձեռնարկի դրանց նորմալ գործունեությունը խախտող կամ դժվարացնող որևէ գործողություններ:
Մասնակից պետությունների և Համագործակցության միացյալ զինված ուժերի ռազմական օդանավերը թռիչքներ են իրականացնում Համագործակցության բոլոր պետությունների օդային տարածքներում` մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների (կոմիտեների) համատեղ սահմանած հատուկ կանոններին համապատասխան: Նման կանոնները չպետք է հակասեն այդ պետությունների տարածքներում օդանավերի թռիչքների համար գործող կանոններին:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:
