Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
04.04.2014
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
04.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,

ՆՇԵԼՈՎ, որ պետություններն իրենց մտահոգությունն են հայտնել օդանավում տիրող անհնազանդ վարքագիծ դրսևորելու լրջության աստիճանի բարձրացման և այդպիսի դեպքերի հաճախակիության հետ կապված, ինչը կարող է վտանգել օդանավի կամ դրանում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունը կամ վտանգել օդանավում անհրաժեշտ կարգուկանոնն ու կարգապահությունը,

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ շատ պետությունների՝ օդանավերում տիրող անհնազանդ վարքագիծը զսպելու և կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու հարցում միմյանց աջակցելու ցանկությունը,

ՀԱՎԱՏԱՑԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այդ մտահոգությունները վերացնելու համար անհրաժեշտ է ընդունել 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայի դրույթները փոփոխող դրույթներ,

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

Հոդված I

 

Սույն արձանագրությամբ փոփոխվում է 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։

 

Հոդված II

 

Կոնվենցիայի 1-ին հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1

 

3. Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա) օդանավը համարվում է թռիչքի մեջ գտնվող ցանկացած ժամանակ՝ սկսած այն պահից, երբ ուղևորների նստեցումից հետո դրա բոլոր արտաքին դռները փակվում են, մինչև այն պահը, երբ այդպիսի ցանկացած դուռ բացվում է ուղևորների իջեցման համար. հարկադիր վայրէջքի դեպքում համարվում է, որ թռիչքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ իրավասու մարմինները չեն ստանձնել օդանավի, օդանավում գտնվող անձանց և գույքի համար պատասխանատվությունը. և

բ) եթե շահագործողի պետությունը գրանցման պետությունը չէ, ապա Կոնվենցիայի 4-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածներում գործածված «գրանցման պետություն» եզրույթը պետք է ընկալվի որպես շահագործողի պետություն:»։

 

Հոդված III

 

Կոնվենցիայի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2

 

Չսահմանափակելով 4-րդ հոդվածի դրույթները և բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի կամ օդանավում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունն է այդպես պահանջում՝ սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չպետք է մեկնաբանվի որպես քաղաքական բնույթի հանցագործությունների կամ ռասայի, կրոնի, ազգության, էթնիկական ծագման, քաղաքական համոզմունքի կամ սեռի հիմքով խտրականության վրա հիմնված հանցագործությունների նկատմամբ որևէ գործողություն թույլատրող կամ պահանջող:»։

 

Հոդված IV

 

Կոնվենցիայի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3

 

1. Օդանավի գրանցման պետությունն իրավասու է իրավազորություն իրականացնել այդ օդանավում կատարված հանցագործությունների և գործողությունների նկատմամբ:

1 bis. Պետությունը նաև իրավասու է իրավազորություն իրականացնել այդ օդանավում կատարված հանցագործությունների և գործողությունների նկատմամբ՝

ա) որպես վայրէջքի պետություն, եթե օդանավը, որում կատարվել է հանցագործությունը կամ գործողությունը, վայրէջք է կատարում իր տարածքում, և ենթադրյալ հանցագործը դեռ գտնվում է տվյալ օդանավում. և

բ) որպես շահագործողի պետություն, եթե հանցագործությունը կամ գործողությունը կատարվել է այն օդանավում, որն առանց անձնակազմի վարձակալության է հանձնվել այն վարձակալին, որի գործունեության հիմնական վայրը, կամ եթե վարձակալը չունի գործունեության այդպիսի վայր, ապա նրա մշտական գտնվելու վայրն այդ պետությունում է։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդպիսի պետությունում գրանցված օդանավում կատարված հանցագործությունների նկատմամբ որպես օդանավի գրանցման պետություն իր իրավազորությունը սահմանելու համար:

2 bis. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել օդանավում կատարված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը սահմանելու համար՝ հետևյալ դեպքերում.

ա) որպես վայրէջքի պետություն, եթե՝

i) օդանավի, որում կատարվել է հանցագործությունը, թռիչքի վերջին կետը կամ հավանական վայրէջքի հաջորդ կետը գտնվում է այդ պետության տարածքում, և օդանավն ավելի ուշ վայրէջք է կատարում տվյալ պետության տարածքում, երբ ենթադրյալ հանցագործը դեռ գտնվում է օդանավում. և

ii) վտանգվում է օդանավի, օդանավում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունը կամ օդանավի կարգուկանոնն ու կարգապահությունը.

բ) որպես շահագործողի պետություն, եթե հանցագործությունը կատարվել է այն օդանավում, որն առանց անձնակազմի վարձակալության է հանձնվել այն վարձակալին, որի գործունեության հիմնական վայրը, կա, եթե վարձակալը չունի գործունեության այդպիսի վայր, ապա նրա մշտական գտնվելու վայրն այդ պետությունում է։

2 ter. Որպես վայրէջքի պետություն իր իրավազորությունն իրականացնելիս պետությունը հաշվի է առնում՝ արդյոք տվյալ հանցագործությունը շահագործողի պետությունում համարվում է հանցագործություն։

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որն իրականացվում է ներպետական իրավունքին համապատասխան:»։

 

Հոդված V

 

Կոնվենցիան լրացնել հետևյալ 3 bis հոդվածով.

 

«Հոդված 3 bis

 

Եթե 3-րդ հոդվածին համապատասխան իր իրավազորությունն իրականացնող Պայմանավորվող պետությունը տեղեկանում կամ այլ կերպ իմանում է, որ մեկ կամ ավելի Պայմանավորվող այլ պետություններ քննություն, քրեական հետապնդում կամ դատական վարույթ են իրականացնում միևնույն հանցագործության կամ գործողության առնչությամբ, ապա այդ Պայմանավորվող պետությունը համապատասխան դեպքերում խորհրդակցում է այդ Պայմանավորվող այլ պետությունների հետ՝ իրենց գործողությունները համակարգելու նպատակով։ Սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն սահմանափակում Պայմանավորվող պետության՝ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները:»։

 

Հոդված VI

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը հանել։

 

Հոդված VII

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6

 

1. Եթե օդանավի հրամանատարը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ անձն օդանավում կատարել է կամ պատրաստվում է կատարել 1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված հանցագործություն կամ գործողություն, ապա նա կարող է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այդ անձի նկատմամբ, ներառյալ՝ սահմանափակիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են՝

ա) օդանավի կամ դրանում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունն ապահովելու համար,

բ) օդանավում կարգուկանոնն ու կարգապահությունը պահպանելու համար, կամ

գ) այդ անձին իրավասու մարմիններին հանձնելու կամ, սույն գլխի դրույթներին համապատասխան, օդանավից իջեցնելու հնարավորություն նրան տալու համար:

2. Օդանավի հրամանատարը կարող է պահանջել անձնակազմի այլ անդամներից կամ նրանց թույլատրել օգնություն ցուցաբերել, իսկ թռիչքային անվտանգության աշխատակիցներին կամ ուղևորներին թույլատրել, բայց նրանցից չպահանջել օգնություն ցուցաբերել ցանկացած այն անձի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ կիրառելու համար, որի նկատմամբ նա իրավունք ունի այդպիսի միջոցներ կիրառելու: Անձնակազմի ցանկացած անդամ կամ ցանկացած ուղևոր կարող է ձեռնարկել ողջամիտ կանխարգելիչ միջոցներ՝ առանց այդպիսի թույլտվության, եթե նա բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ այդպիսի գործողությունն անհապաղ անհրաժեշտ է օդանավի կամ դրանում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունն ապահովելու համար:

3. Համապատասխան Պայմանավորվող պետությունների միջև երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի կամ պայմանավորվածության համաձայն տեղակայված՝ թռիչքային անվտանգության աշխատակիցը կարող է ողջամիտ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ առանց այդպիսի թույլտվության, եթե նա բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ այդպիսի գործողությունն անհապաղ անհրաժեշտ է օդանավը կամ դրանում գտնվող անձանց ապօրինի միջամտության գործողությունից, կամ եթե դա թույլատրվում է համաձայնագրով կամ պայմանավորվածությամբ, ապա լուրջ հանցագործությունների կատարումից պաշտպանելու համար:

4. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չպետք է Պայմանավորվող պետությանը պարտավորեցնի ստեղծել թռիչքային անվտանգության աշխատանքների համակարգման ծրագիր կամ համաձայնել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի կամ պայմանավորվածության հետ, որը թռիչքային անվտանգության օտարերկրյա աշխատակիցներին թույլ կտա աշխատել իր տարածքում:»:

 

Հոդված VIII

 

Կոնվենցիայի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9

 

1. Օդանավի հրամանատարը կարող է ցանկացած այն Պայմանավորվող պետության, որի տարածքում օդանավը վայրէջք է կատարում, իրավասու մարմիններին հանձնել ցանկացած անձի, եթե բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ այդ անձն օդանավում կատարել է այնպիսի գործողություն, որը, հրամանատարի կարծիքով, ծանր հանցագործություն է:

2. Օդանավի հրամանատարը գործնականում հնարավորինս սեղմ ժամկետում, և եթե հնարավոր է` մինչև Պայմանավորվող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելն այն անձի հետ միասին, որին օդանավի հրամանատարը մտադիր է հանձնել նախորդ կետին համապատասխան, այդ պետության իրավասու մարմիններին հայտնում է այդ անձին հանձնելու իր մտադրության և հանձնման պատճառների մասին:

3. Օդանավի հրամանատարն այն իրավասու մարմիններին, որոնց նա սույն հոդվածի դրույթներին համապատասխան հանձնում է ցանկացած ենթադրյալ հանցագործի, տրամադրում է իր մոտ օրինականորեն առկա ապացույցներն ու տեղեկությունները։»:

 

Հոդված IX

 

Կոնվենցիայի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10

 

Օդանավի հրամանատարը, անձնակազմի որևէ անդամ, որևէ ուղևոր, թռիչքային անվտանգության որևէ աշխատակից, օդանավի սեփականատերը կամ շահագործողը, անձը, որի անունից իրականացվում է թռիչքը, անձի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ վարվող վարույթով որևէ պատասխանատվություն չեն կրում սույն Կոնվենցիային համապատասխան այդ անձի նկատմամբ ձեռնարկված միջոցների համար:»:

 

Հոդված X

 

Կոնվենցիան լրացնել հետևյալ 15 bis հոդվածով.

 

«Հոդված 15 bis

 

1. Խրախուսվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կողմից այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք կարող են անհրաժեշտ լինել համապատասխան քրեական, վարչական վարույթ կամ որևէ այլ ձևով դատական վարույթներ սկսելու համար ցանկացած անձի դեմ, որն օդանավում կատարում է 1-ին հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություն կամ գործողություն, մասնավորապես՝

ա) անձնակազմի անդամի նկատմամբ ուժ գործադրելը կամ ուժ գործադրելու սպառնալիքը, կամ

բ) օդանավի, օդանավում գտնվող անձանց կամ գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավի հրամանատարի կողմից կամ նրա անունից տրված օրինական ցուցումներին հետևելուց հրաժարվելը։

2. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի խոչընդոտում օդանավում կատարված անհնազանդ և կարգազանց գործողությունները պատժելու համար համապատասխան միջոցների վերաբերյալ դրույթներ իր ազգային օրենսդրության մեջ ներմուծելու կամ դրանց վերաբերյալ եղած դրույթները պահպանելու յուրաքանչյուր Պայմանավորվող պետության իրավունքը:»։

 

Հոդված XI

 

Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16

 

1. Օդանավում կատարված հանցագործությունները Պայմանավորվող պետությունների միջև հանձնման նպատակներով դիտարկվում են այնպես, կարծես դրանք կատարվել են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլ նաև Պայմանավորվող պետությունների տարածքում, որոնք պետք է իրենց իրավազորությունն իրականացնեն 3-րդ հոդվածի 2-րդ և 2 bis կետերին համապատասխան:»։

 

Հոդված XII

 

Կոնվենցիայի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17

 

1. Օդանավում կատարված որևէ հանցագործության առնչությամբ քննության կամ ձերբակալման ցանկացած միջոցառում ձեռնարկելիս կամ այլ կերպ իրավազորություն իրականացնելիս Պայմանավորվող պետությունները պատշաճ ուշադրություն են դարձնում օդային նավիգացիայի անվտանգության և այլ շահերի պահպանման անհրաժեշտությանը և գործում են այնպես, որ հնարավորինս խուսափեն օդանավի, դրա ուղևորների, անձնակազմի կամ բեռի անհարկի ուշացումներից:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր պարտավորությունները կատարելիս կամ սույն Կոնվենցիայով սահմանված թույլատրելի հայեցողությունն իրականացնելիս գործում է միջազգային իրավունքով պետությունների համար սահմանված պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան։ Այս առնչությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ուշադրություն է դարձնում պատշաճ գործընթացի և արդարացի վերաբերմունքի սկզբունքներին:»։

 

Հոդված XIII

 

Կոնվենցիան լրացնել հետևյալ 18 bis հոդվածով.

 

«Հոդված 18 bis

 

Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի խոչընդոտում համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ հոդվածների համաձայն իջեցված կամ հանձնված անձից պատճառված վնասի համար ազգային իրավունքի համաձայն հատուցում պահանջելու որևէ իրավունքի իրականացում:»:

 

Հոդված XIV

 

Սույն արձանագրության հավելված հանդիսացող՝ Կոնվենցիայի արաբերեն, չինարեն և ռուսերեն տեքստերը Կոնվենցիայի անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն տեքստերի հետ միասին համարվում են հավասարազոր տեքստեր՝ վեց լեզուներով։

 

Հոդված XV

 

Սույն արձանագրության Պայմանավորվող պետությունների միջև ձևավորված հարաբերությունների շրջանակներում Կոնվենցիան և սույն արձանագրությունը ընթերցվում և մեկնաբանվում են միասին՝ որպես մեկ միասնական փաստաթուղթ, և հայտնի են որպես Տոկիոյի կոնվենցիա, որը փոփոխվել է Մոնրեալի 2014 թվականի արձանագրությամբ:

 

Հոդված XVI

 

Սույն արձանագրությունը բաց է 2014 թվականի մարտի 26-ից ապրիլի 4-ը Մոնրեալում կայացած՝ Օդային իրավունքի միջազգային համաժողովի մասնակից պետությունների կողմից 2014 թվականի ապրիլի 4-ին Մոնրեալում ստորագրման համար։ 2014 թվականի ապրիլի 4-ից հետո սույն արձանագրությունը բաց է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ Մոնրեալում գտնվող գլխամասային գրասենյակում բոլոր պետությունների կողմից ստորագրման համար՝ մինչև XVIII հոդվածին համապատասխան այն ուժի մեջ մտնելը:

 

Հոդված XVII

 

1. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրող պետությունների կողմից: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ է հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն, այսպիսով, համարվում է Ավանդապահ։

2. Ցանկացած պետություն, որը սույն արձանագրությունը չի վավերացնում, ընդունում կամ հաստատում սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող է ցանկացած ժամանակ միանալ դրան։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Ավանդապահին։

3. Սույն արձանագրության վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը Կոնվենցիայի Պայմանավորվող պետություն չհանդիսացող ցանկացած պետության կողմից համարվում են 2014 թվականի Մոնրեալի արձանագրությամբ փոփոխված Տոկիոյի կոնվենցիայի վավերացում, ընդունում, հաստատում կամ միացում։

 

Հոդված XVIII

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն Ավանդապահին ի պահ հանձնելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2. Վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող, ընդունող, հաստատող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը։

3. Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ավանդապահն այն գրանցում է Միավորված ազգերի կազմակերպությունում:

 

Հոդված XIX

 

1. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն արձանագրությունը՝ Ավանդապահին ուղղված գրավոր ծանուցմամբ:

2. Արձանագրությունը չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Ավանդապահի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվից մեկ տարի հետո։

 

Հոդված XX

 

Ավանդապահը սույն արձանագրությունը ստորագրող բոլոր պետություններին և Պայմանավորվող պետություններին անհապաղ ծանուցում է յուրաքանչյուր ստորագրման ամսաթվի, վավերացման, ընդունման, հաստատման կամ արձանագրությանը միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու ամսաթվի, սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվի և այլ վերաբերելի տեղեկությունների մասին:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն արձանագրությունը:

ԿԱՏԱՐՎԱԾ Է Մոնրեալում երկու հազար տասնչորս թվականի ապրիլ ամսվա չորրորդ օրը՝ անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի միմյանց համապատասխանության վերաբերյալ այդպիսի վավերությունն ուժի մեջ է մտնում Համաժողովի Նախագահի իրավասությամբ Համաժողովի քարտուղարության կողմից վավերացվելու միջոցով՝ այս պահի դրությամբ իննսուն օրվա ընթացքում: Սույն արձանագրությունն ի պահ է հանձնվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, իսկ Ավանդապահը դրա հաստատված օրինակներն ուղարկում է սույն արձանագրության բոլոր Պայմանավորվող պետություններին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան