ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-6-Ո-07 2010 թ.
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
|
2010 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 18.03.2010 թվականի N-Կ-2-05/2010 որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Ռուբեն Մանուկյանի գրությունը` հասցեագրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ըստ եզրակացության.
Քաղաքացի Ռուբեն Մանուկյանը (այսուհետ` Դիմումատու) դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով: Մասնավորապես, Դիմումատուն Դատարանից խնդրել է հաստատել 1964 թվականի մարտի 24-ից մինչև 2006 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածի իր աշխատանքային ապահովագրական ստաժը` կենսաթոշակի անցնելու համար: Դատարանը (դատավոր` Ա. Խաչատրյան) թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով 09.10.2009 թվականի վճռով դիմումը բավարարել է մասնակի` իրավական հիմքում դնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը:
Դատարանը մասնավորապես նշել է. «Դատարանն ապացուցված է համարում դիմումատուի կողմից 24.03.1964 թվականից մինչև 01.07.1969 թվականը, ինչպես նաև 01.01.1992 թվականից մինչև 12.03.2001 թվականը աշխատելու փաստը, որը կազմում է 14 տարի 5 ամիս 19 օր, և գտնում է, որ դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու նշված փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, սակայն դատարանը գտնում է նաև, որ դիմողի պահանջը` նշված ժամանակահատվածում իր ունեցած աշխատանքային ապահովագրական ստաժը հաստատելու վերաբերյալ, ենթակա է բավարարման մասնակիորեն, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի»:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը հաստատել է Դիմումատուի կողմից 24.03.1964 թվականից մինչև 01.07.1969 թվականը, ինչպես նաև 01.01.1992 թվականից մինչև 12.03.2001 թվականն ընկած ժամանակահատվածում տասը տարվա աշխատանքային ապահովագրական ստաժ ունենալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:
Դիմումատուի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2009 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Դատարանը 09.10.2009 թվականի վճռի հիմքում դրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը չի ունեցել 4-րդ մաս, և Դատարանի կողմից վկայակոչված վարքագծի կանոնը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասին (դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի), որն էլ ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում:
Օրենքի 74-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահից:
ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
20.01.2009 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած են ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում` կիրառելով այն օրենքը, որը չպետք է կիրառեր, ինչի արդյունքում Դիմումատուն զրկվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունից:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը Կարգապահական հանձնաժողովին 24.03.2010 թվականին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշված է.
«Իմ կողմից քննվել է թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործն ըստ դիմումի Ռուբեն Սենիկի Մանուկյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը` դիմողի աշխատանքային ապահովագրական ստաժը, հաստատելու վերաբերյալ, և 09.10.2009 թվականին կայացված վճռով դիմումը բավարարվել է մասնակի` հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը:
Վճիռ կայացնելիս նշված իրավական նորմը իմ կողմից կիրառվել է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը: Այս հարցը քննարկելիս գտել եմ, որ տվյալ հարցի լուծման համար պետք է կիրառվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես, նշված օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նորմերը:
Այդ նպատակով օգտվել եմ www.arlis.am կայքէջում հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի տեքստից` իմանալով, որ նշված կայքէջը հանդիսանում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության կայքէջը, իսկ «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականների հրապարակումը 1997 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությունը: Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ էլ 2005 թվականից գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS) www.arlis.am, որի իրավական ակտերի բազայի համալրման և սպասարկման աշխատանքները նույնպես, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությունը: Այդ մասին նշված է նաև հիշատակված կայքէջի «Մեր մասին» բաժնում:
Վերը նշված կայքէջում առ այսօր էլ` 24.03.2010 թվականը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը ներկայացված է հետևյալ խմբագրությամբ` 4 մասերով.
Հոդված 47. Ապահովագրական ստաժը հաստատելու կարգը և ստաժը հաստատող փաստաթղթերը
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
(2-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
(3-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
Դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:
(47-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն, 26.12.08 ՀՕ-35-Ն)
Վերը նշվածից հետևում է, որ տվյալ հոդվածն ունեցել է 4 մաս, որոնցից 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրել են 26.12.2008 թվականի ՀՕ-35-Ն օրենքի համաձայն:
Նույն կայքէջում, մինչ 26.12.2008 թվականը գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը ներկայացված է հետևյալ խմբագրությամբ` 4 մասերով.
Հոդված 47. Ապահովագրական ստաժը հաստատելու կարգը և ստաժը հաստատող փաստաթղթերը
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:
Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:
(47-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն)
Նույն կերպ` 4 մասով է ներկայացված Օրենքի 47-րդ հոդվածը` տվյալ Օրենքում կատարված յուրաքանչյուր փոփոխությունից առաջ և հետո:
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 29.01.2008 թվականին որոշում է կայացրել` որոշելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունված և 05.02.2009 թվականին ուժի մեջ մտած օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած են ճանաչվել:
Դրանից հետո վերը նշված կայքէջում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը ներկայացված է այն խմբագրությամբ, որի մասին արդեն նշեցի` 4 մասերով, որոնցից առաջինը և չորրորդը գործում են, իսկ երկրորդն ու երրորդը ուժը կորցրել են:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:
Վերը նշված օրենքները և Սահմանադրական դատարանի որոշումը համադրելով` եկել եմ այն եզրակացության, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածն ի սկզբանե, ընդունման պահից` 19.11.2002 թվականից, ունեցել է 4 մաս, ինչպես որ շարադրված է www.arlis.am կայքէջում, հետագայում` 29.01.2008 թվականին, ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որից հետո «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունված և 05.02.2009 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-35-Ն օրենքով նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած են ճանաչվել, իսկ 1-ին և 4-րդ մասերը մնացել են և գործում են, ինչպես որ առ այսօր ներկայացված է վերը նշված կայքէջում:
Տվյալ պարագայում «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակում իրականացնող «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության www.arlis.am կայքէջում տեղադրված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն այն խմբագրությամբ, ինչպես որ հրապարակված է, տվյալ դեպքում` Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը, իմ կողմից ընդունվել է որպես հիմք, որպես գործող օրենսդրական նորմ և կիրառվել է թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Դիմումատուն դիմել է Դատարան` խնդրելով հաստատել 1964 թվականի մարտի 24-ից մինչև 2006 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածի իր աշխատանքային ապահովագրական ստաժը` կենսաթոշակի անցնելու համար:
2. Դատարանը (դատավոր` Ա. Խաչատրյան) թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով 09.10.2009 թվականի վճռով դիմումը բավարարել է մասնակի` իրավական հիմքում դնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Դատարանի կողմից որպես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մաս վկայակոչված վարքագծի կանոնը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասին (դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի):
4. ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
5. 20.01.2009 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած են ճանաչվել:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Նշված հոդվածից հետևում է, որ չի կարող կիրառվել ուժը կորցրած, անվավեր և հակասահմանադրական ճանաչված, վերացված իրավական նորմը:
Դատարանը թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով 09.10.2009 թվականի վճռի հիմքում դրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը` մասնավորապես, նշելով. «Դատարանն ապացուցված է համարում դիմումատուի կողմից 24.03.1964 թվականից մինչև 01.07.1969 թվականը, ինչպես նաև 01.01.1992 թվականից մինչև 12.03.2001 թվականը աշխատելու փաստը, որը կազմում է 14 տարի 5 ամիս 19 օր, և գտնում է, որ դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու նշված փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, սակայն դատարանը գտնում է նաև, որ դիմողի պահանջը` նշված ժամանակահատվածում իր ունեցած աշխատանքային ապահովագրական ստաժը հաստատելու վերաբերյալ, ենթակա է բավարարման մասնակիորեն, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի»:
Մինչդեռ, սույն իրավահարաբերության ժամանակ գործող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 47-րդ հոդվածը չի ունեցել 4-րդ մաս, և Դատարանի կողմից վկայակոչված վարքագծի կանոնը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասին (դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի):
ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահից:
ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
20.01.2009 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած են ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Այսինքն, Դատարանի կողմից թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով դատավարությունն իրականացվել է կիրառված վարքագծի կանոնի գործողության ժամկետի ավարտից հետո, այն է` 09.10.2009 թվականին:
Դիտարկվող հարցի վերաբերյալ Խորհուրդն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է 26.01.2010 թվականի թիվ N-Կ-2-01/2010 որոշմամբ: Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական ուժը կորցրած իրավական ակտը համարվում է գոյություն չունեցող: Նման ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է հոդվածում կոնկրետ նշված հետևանքների` օրենքով նախատեսված պատասխանատվության:
Դատավոր Ա. Խաչատրյանը թիվ ՇԴ/0587/02/09 քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս կիրառել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նորմերը և այդ նպատակով օգտվել է www.arlis.am կայքէջում հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի տեքստից:
Այս առումով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով: Նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ օրենքները, ԱԺ որոշումները, ՍԴ որոշումները, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ԱԺ նախագահի որոշումները, կառավարության և վարչապետի որոշումները դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Հետևաբար, www.arlis.am կայքէջը չի կարող դիտվել որպես պաշտոնական աղբյուր, իսկ դատավորը պետք է հիմք ընդուներ միակ պաշտոնական աղբյուրը հանդիսացող «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» զետեղված` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պաշտոնական ինկորպորացիան:
Դրա հետ մեկտեղ, Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ դատավորին թյուրիմացության մեջ է գցել ՀՀ օրենսդրական դաշտի ոչ պաշտոնական աղբյուր հանդիսացող` Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am, www.laws.am, www.legislation.am) հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ինկորպորացիան, որի 47-րդ հոդվածում նույնիսկ 22.04.2010 թվականի դրությամբ էլ առկա է 4-րդ մաս, որը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքի տեքստին:
Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2006 թվականին, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, իր գործունեությամբ նպաստում է արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Գ. Բադիրյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան |