Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ առողջապահության նախարարության միջոցով և Կիպրոսի Հանրապետության Կառավարությունը՝ առողջապահության նախարարության միջոցով, որոնք այսուհետև կանվանվեն Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խրախուսել համագործակցությունը առողջապահության և բժշկագիտության բնագավառներում ի շահ երկու երկրների ժողովուրդների,
հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բժշկական խնդիրների լուծման արագացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը,
համոզված լինելով, որ այդ համագործակցությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը՝
ստորագրեցին ներքոհիշյալ Համաձայնագիրը.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը փոխադարձության հիման վրա կզարգացնեն և կընդլայնեն համագործակցություն առողջապահության և բժշկագիտության բնագավառներում՝ յուրաքանչյուր երկրի գործող օրենսդրությանը համապատասխան: Այդ համագործակցությունը կզարգանա գլխավորապես հետևյալ բնագավառներում.
ա) սրտանոթային հիվանդություններ,
բ) չարորակ նորագոյացություններ,
գ) ընդհանուր վիրաբուժություն, նեյրովիրաբուժություն, մանկական վիրաբուժություն,
դ) օֆթալմոլոգիա,
ե) թոքային հիվանդություններ և տուբերկուլյոզ,
զ) դեղաբանություն,
է) բուժման ֆիզիկական մեթոդներ և ջրաբուժություն,
ը) սննդի, դեղերի, ջրի և շրջակա միջավայրի որակի վերահսկում,
թ) հոգեկան առողջություն,
ժ) ուրոլոգիա,
ժա) անեսթեզիոլոգիա,
ժբ) ինտենսիվ թերապիա,
ժգ) օպերատիվ գինեկոլոգիա,
ժդ) անտենատոլոգիա, պերինատոլոգիա, նեոնատոլոգիա,
ժե) արհեստական բեղմնավորում,
ժզ) առողջապահական կադրերի նախադիպլոմային և հետդիպլոմային ուսուցում,
ժէ) առողջապահության բարեփոխումներ,
ժը) բժշկության և առողջապահության բնագավառներում համագործակցության փոխհամաձայնությամբ որոշված այլ ոլորտներ:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցության հետևյալ ձևերին.
ա) գիտատեխնոլոգիական տեղեկատվության փոխանակում,
բ) երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում մասնագետների և պատվիրակությունների փոխանակում,
գ) մասնակցություն երկու երկրներից մեկում կազմակերպված միջազգային համաժողովներին,
դ) համաձայնեցված ծրագրերի հիման վրա համատեղ հետազոտություններ,
ե) համատեղ սիմպոզիումներ, խորհրդատվական ժողովներ և սեմինարներ,
զ) երկու Կողմերի բժշկական անձնակազմերի կարճատև և երկարատև փոխադարձ աշխատանքային այցերի կազմակերպում:
Հոդված 3
Սույն Համաձայնագրից բխող պարտականությունները կատարելու համար Պայմանավորվող կողմերը համաձայնում են սահմանել փոխանակումների քվոտա՝ յուրաքանչյուր Կողմից ամեն մարդու համար տարեկան մինչև երեսուն օր չափով:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի դրույթները իրականացնելու համար Պայմանավորվող կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ, որը կկազմի աշխատանքային ծրագրեր և պարբերաբար կգնահատի սույն համագործակցության ծրագրերի իրականացման առաջընթացը:
Աշխատանքային խումբը բաղկացած կլինի Կողմերի երեքական ներկայացուցիչներից, որոնք կնշանակվեն երկու պետությունների առողջապահության նախարարների կողմից:
Հոդված 5
Երկու երկրներից որևէ մեկը այցելող անձինք, սույն Համաձայնագրին համապատասխան, սուր հիվանդությունների առաջացման դեպքում իրավունք կունենան հյուրընկալ երկրի տարածքում գտնվելու ժամանակ ստանալ անվճար բժշկական օգնություն:
Հոդված 6
Սույն համագործակցությունը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից և Կիպրոսի Հանրապետության Կառավարության կողմից, ինչպես նաև համագործակցությանը մասնակցող հետազոտական հիմնարկների և այլ հաստատությունների կողմից:
Մասնագետների փոխանակումը դրա համար սահմանված քվոտայի շրջանակներում կֆինանսավորվի հետևյալ կերպ.
ա) ուղարկող երկիրը կվճարի հյուրընկալ երկրի մայրաքաղաք մեկնելու և հետադարձ ուղևորության ծախսերը,
բ) հյուրընկալ երկիրը կվճարի կեցության բոլոր ծախսերը, հյուրանոցի ծախսերը, այդ երկրում գիտական ծրագրի իրականացման օրակարգից բխող ճանապարհածախսը, գիտական համաժողովների, կոնֆերանսների և վեհաժողովների, ինչպես նաև հետազոտական աշխատանքների հետ կապված ծախսերը:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը փոխհամաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրությունները հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված որևէ վեճ Պայմանավորվող կողմերի միջև կկարգավորվի խորհրդակցությունների միջոցով: Եթե վեճը այդ ճանապարհով չի կարգավորվում, ապա այն կհանձնվի միջնորդ դատարանի քննարկմանը՝ Պայմանավորվող կողմերի ընտրությամբ իրենց ազգային օրենսդրության կամ համապատասխան միջազգային իրավունքի համաձայն:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի պահանջվող սահմանադրական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի՝ միմյանց ծանուցելու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին չծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին:
Համաձայնագիրը ստորագրված է Նիկոսիա քաղաքում, 2004 թ. հուլիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 24-ին:
