ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1383/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1383/05/09 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Աշտարակի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Վոլոդյա Կարապետյանի` գույքահարկի գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Վոլոդյա Կարապետյանից 2001 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար առաջացած 2.604.244 ՀՀ դրամ գույքահարկի գումարը, որից 1.712.644 ՀՀ դրամ ապառք, 891.600 ՀՀ դրամ տույժ: Նկատի ունենալով, որ Վոլոդյա Կարապետյանը վճարել է 500.000 ՀՀ դրամ, Քաղաքապետարանը նույն չափով պակասեցրել է հայցապահանջը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վոլոդյա Կարապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետարանը Վոլոդյա Կարապետյանի գույքահարկի գումարները պետք է հաշվարկեր և պահանջը ներկայացներ ոչ թե 2001 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար, այլ ոչ ավելի, քան վերջին երեք տարիների համար: Տվյալ դեպքում, Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Վոլոդյա Կարապետյանը 2001-2009 թվականների ընթացքում ընդհանրապես չի ծանուցվել գույքահարկի գծով պարտավորությունների մասին, ինչը վկայում է Քաղաքապետարանի կողմից մինչև դատարան դիմելը խախտումը հայտնաբերված չլինելու մասին, ինչպես նաև այն, որ Քաղաքապետարանն իր պահանջը հիմնավորելու համար ապացույցը` 26.06.2009 թվականին կազմված տեղեկանքը, ներկայացրել է միայն գործի քննության ընթացքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճռի` 2001 թվականից 2005 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գծով պարտավորությունների մասը և գործն ուղարկել նոր քննության կամ այդ մասով վճիռը փոփոխել և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն գործով Քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել 17.03.2009 թվականին (գ.թ. 2):
2) Քաղաքապետարանի 26.06.2009 թվականի տեղեկանքի համաձայն` 26.06.2009 թվականի դրությամբ Վոլոդյա Կարապետյանի գույքահարկի գծով պարտավորությունը 2001 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար կազմել է 2.604.244 ՀՀ դրամ (գ.թ. 32):
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում՝ Քաղաքապետարանի կողմից Վոլոդյա Կարապետյանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ:
4) Վոլոդյա Կարապետյանը կատարել է 500.000 ՀՀ դրամ գույքահարկի վճարում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:
Նշված հոդվածներից հետևում է, որ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո, իսկ հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացված տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների գույքահարկի գումարը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին: Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը: Գույքահարկի պարտքի առկայությունը 1999-2002 թվականների ժամանակաշրջանի համար օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը (տե՛ս, ըստ հայցի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի ընդդեմ Ենոք Ղազարյանի` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1772 (ՎԴ)):
Սույն վարչական գործով Դատարանը հայցը բավարարելիս վճռի հիմքում դրել է Քաղաքապետարանի ներկայացրած Վոլոդյա Կարապետյանի գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ 26.06.2009 թվականի տեղեկանքը, որով 2001 թվականից 2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար Վոլոդյա Կարապետյանին առաջադրվել է 2.604.244 ՀՀ դրամ գույքահարկի գծով պարտավորություն:
Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան 17.03.2009 թվականին, ինչպես նաև սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում՝ Քաղաքապետարանի կողմից Վոլոդյա Կարապետյանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վոլոդյա Կարապետյանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը: Մինչդեռ Վոլոդյա Կարապետյանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտման հանգամանքը Քաղաքապետարանը հայտնաբերել է 2009 թվականին, հետևաբար Վոլոդյա Կարապետյանի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություն կարող էր առաջանալ 2009 թվականին անմիջապես նախորդող երեք տարիների` 2006, 2007 և 2008 թվականների համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` | Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
