Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եվ Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջեվ իրավական օգնության եվ համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով հետևյալ Եվրոպական կոնվենցիաների սկզբունքների վրա.
Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Եվրոպական կոնվենցիա, 20-ը ապրիլի 1959 թ.
Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիա, 13-ը դեկտեմբերի 1957 թ.
Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիա, 15-ը մայիսի 1972 թ.
Դատապարտված անձանց փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիա, 21-ը մարտի 1983 թ.,
ելնելով պետությունների ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքներից և փոխըմբռնման ու փոխշահավետության հիման վրա դատախազության մարմինների միջև համագործակցությունն ընդլայնելու ձգտումից.
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կիրականացնեն փոխադարձ համագործակցություն իրենց իրավասության շրջանակներում, սույն Համաձայնագրին համապատասխան և պահպանելով իրենց պետությունների օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրենց փոխհարաբերություններում Կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են անմիջականորեն, եթե միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 3
Կողմերը հաղորդակցվում են միմյանց հետ իրենց պետական լեզվով, կից ներկայացնելով ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը:
Հոդված 4
Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն կատարելիս, հարցվող Կողմը կիրառում է իր պետական օրենսդրությունը: Հարցում անող Կողմի խնդրանքով կարող են կիրառվել նրա դատավարական նորմերը, եթե դրանք չեն հակասում հարցվող Կողմի պետության օրենսդրությանը և եթե իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունը պարունակում է դրանց կիրառման անհրաժեշտությունը:
Հոդված 5
Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է, որ մյուս Կողմից ստացված նյութերը կօգտագործվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար դրանք տրամադրվել են: Նյութերի այլ նպատակներով օգտագործման համար պահանջվում է այն Կողմի համաձայնությունը, որը տրամադրել է տվյալները և տեղեկությունները:
Յուրաքանչյուր Կողմ իր պետության օրենսդրությանը համապատասխան ապահովում է գաղտնիության այնպիսի աստիճան, ինչպիսին խնդրում է մյուս Կողմը:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են խորհրդակցությունների միջոցով:
Կողմերի համաձայնությամբ Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով և կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 7
Սույն պայմանագրի պայմանները չեն ազդում Հայաստանի Հանրապետության կամ Լատվիայի Հանրապետության կողմից կնքված միջազգային երկկողմանի կամ բազմակողմանի պայմանագրերի կիրառման վրա:
Հոդված 8
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգը կատարելու մասին վերջին գլխավոր ծանուցումը ստացվելու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը գործողությունը դադարեցնում է Կողմերից մեկի կողմից Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գլխավոր ծանուցումը ստացվելու օրվանից մեկ ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի օգոստոսի 9-ին, 2 բնօրինակով՝ հայերեն, լատիշերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Բոլոր տեքստերը հավասարազոր են են:
Տարաձայնությունների դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. օգոստոսի 9-ին:
