ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5381/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ «Սևկաբել-Հոլդինգ-Հայկաբել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ 5.316.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.316.000 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.05.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը և 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Տեսչության հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչությունը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր Ընկերության ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառի օգտագործման համար թույլտվություն տրված լինելու հանգամանքը: Մինչդեռ Դատարանը պահանջել է ներկայացնել ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառը օգտագործելու հանգամանքը հավաստող ապացույցը և ոչ թե ֆիրմային անվանման մեջ այդ բառն օգտագործելու համար Ընկերությանը տրված թույլտվությունը հավաստող ապացույցը:
Այսինքն՝ Դատարանն էական է համարել վեճի լուծման համար նշված փաստի ապացուցման անհրաժեշտությունը, սակայն, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի պահանջել ներկայացնելու այդ փաստի վերաբերյալ ապացույցներ: Ավելին, չի օգտվել նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր իրավունքից և վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով չի պահանջել համապատասխան ապացույցներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Տեսչության կողմից ներկայացված «Պետական տուրքի պարտավորությունների վերաբերյալ» հաշվարկի համաձայն՝ 24.04.2008 թվականի դրությամբ Ընկերությունն ունի պետական տուրքի գծով պարտավորություններ (գ.թ. 17):
2. Սույն գործում առկա 25.02.2009 թվականի արձանագրության համաձայն՝ Դատարանի կողմից գործի քննությունը հետաձգվել է և դատաքննությունը նշանակվել է 20.04.2009 թվականին՝ Տեսչության ներկայացուցչին հնարավորություն ընձեռելով պահանջել և ներկայացնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ֆիրմային անվանման մեջ «Հայ» բառն օգտագործելու փաստը հաստատող ապացույցներ:
3. Գործում առկա 20.04.2009 թվականի արձանագրության համաձայն՝ որպես պետական տուրքի գծով պարտավորության ծագման հիմք` «Հայ» բառն օգտագործելու համար տրված թույլտվության առկայությունը հիմնավորող ապացույց Տեսչության կողմից չի ներկայացվել(գ.թ. 55):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը կարող են օգտագործվել միայն ՀՀ կառավարության սահմանված կարգով:
ՀՀ կառավարության «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգը հաստատելու մասին» 07.06.2000 թվականի թիվ 289 որոշմամբ հաստատված` Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի 20-րդ կետի համաձայն` իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանությունները իրենց ֆիրմային անվանումների` տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրքի գումարը կազմում է բազային տուրքի 600-ապատիկի չափով:
Նշված հոդվածից հետևում է, որ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանման մեջ կարող են օգտագործվել միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «չներկայացվեցին ապացույցներ, որ «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի տրամաբանության համապատասխան հենց «Հայ» բառն է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ տեղ գտած «Հայկաբել» բառի մեջ և ոչ թե, ասենք` «Հայկ» և «Աբել»»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նման եզրահանգումը հիմնված է Ընկերության ֆիրմային անվանման մեկ բառի, այն է` «Հայկաբել» բառի սահմանափակ մեկնաբանության հիման վրա՝ առանց հաշվի առնելու ֆիրմային անվանման մյուս տարրերի իմաստային նշանակությունը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ֆիրմային անվանումը, այն է` «Սևկաբել-Հոլդինգ-Հայկաբել» պետք է համալիր մեկնաբանության առարկա դարձվի՝ հաշվի առնելով նաև անվանման մյուս տարրերի իմաստը: Մասնավորապես, անվանման մեջ օգտագործված «Սևկաբել» և «Հայկաբել» տարրերի համեմատական վերլուծությունից հետևում է, որ Ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործվել է հենց «Հայ» և «կաբել» բառերը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |