Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջԵՎ Դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր),
ցանկանալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը երկու պետությունների միջև,
ձգտելով դյուրացնել ուղևորության հետ կապված ընթացակարգերը դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1 |
Յուրաքանչյուր Կողմ ազատում է մյուս Կողմի պետության` վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջից՝ այցելության նպատակով իր տարածք մուտք գործելու կամ մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով գտնվելու համար։
Հոդված 2 |
Պետություններից որևէ մեկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք ունեն վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր, թույլատրվում է առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք և գտնվել այնտեղ ծառայության ընթացքում։
Հոդված 3 |
Երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն 1-ին հոդվածում նշված անձնագիր, բացառությամբ 2-րդ հոդվածում նշված քաղաքացիների, որոնք մտադիր են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել իննսուն (90) օրից ավելի, պետք է, մյուս Կողմի պետության կանոնակարգերին համապատասխան, ստանան մուտքի արտոնագիր։
Հոդված 4 |
Դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող երկու պետությունների քաղաքացիների` մյուս պետության տարածք մուտք գործելը և այդ տարածքից հեռանալը պետք է իրականացվի միջազգային ուղևորափոխադրումների համար թույլատրված՝ երկու պետությունների սահմանային ցանկացած անցակետից։
Հոդված 5 |
Սույն Համաձայնագիրը դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց չի ազատում մյուս Կողմի տարածքում օրենքներն ու կանոնակարգերը պահպանելու պարտավորությունից։
Հոդված 6 |
1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցնելու վերը նշված դրույթների պահպանումը՝ ելնելով պետության անվտանգության ապահովման, հանրային կարգի, առողջապահության կամ այլ լուրջ նկատառումներից։
2. Այդպիսի դադարեցման մասին դիվանագիտական ուղիներով պետք է անհապաղ ծանուցվի մյուս Կողմը։
Հոդված 7 |
Երկու Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց վավերական` ծառայողական կամ հատուկ անձնագրերի երեք նմուշ դրանք գործողության մեջ դնելուց առնվազն տասնհինգ (15) օր առաջ։
Հոդված 8 |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պահանջվող իրենց ներպետական իրավական ընթացակարգերը կատարվել են։
Սույն Համաձայնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին այն դադարեցնելուց վեց ամիս առաջ։
Կատարված է Կահիրեում 2009 թվականի փետրվարի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 14-ին