ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0387/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0387/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Ռուշանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Համլետ Ռուշանյանի, երրորդ անձ Գառնիկ Ռուշանյանի՝ ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համլետ Ռուշանյանը պահանջել է ճանաչել մոր՝ Սեդիկ Մուրադյանի ամբողջ ժառանգական գույքի 1/2 մասն ընդունած ժառանգ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.02.2009 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 17.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Ռուշանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ Ռուշանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 191-րդ և 192-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-1227-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթով գործի քննության պարտադիր պայման է նախատեսել այն իրավիճակը, երբ դիմողները հնարավորություն չունեն արտադատարանական կարգով ստանալ իրավունք հավաստող փաստաթուղթ։ Տվյալ դեպքում դիմումատուն ոչ միայն չի նշել արտադատարանական կարգով ժառանգության ձևակերպման անհնարինության վերաբերյալ, այլև չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։
Բացի այդ, Համլետ Ռուշանյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-1227-րդ հոդվածներով նախատեսված ոչ մի եղանակով չի ընդունել ժառանգությունը, չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհավաստեր, որ իր վկայակոչած ոսկյա զարդը պատկանել է ժառանգատուին ու նրան է անցել ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում։ Համլետ Ռուշանյանի՝ ժառանգության ընդունման փաստը վիճարկվել է Գառնիկ Ռուշանյանի կողմից, հետևաբար Դատարանը վեճը կարող էր քննել միայն հայցային վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2009 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Դատարանը և Վերաքննիչ դատարանը գործը քննել են օբյեկտիվորեն, որի արդյունքում դիմումը բավարարվել է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան: Վերաքննիչ դատարանը որոշումը հիմնավորել է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի պահանջը։
Դատարանը հաստատված է համարել, որ սույն գործով դիմումատուն և երրորդ անձը հանգուցյալ Սեդիկ Մուրադյանի որդիներն են, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի հիմքով առաջին հերթի ժառանգներ են։
Դատարանը հաստատված է համարել, որ ժառանգությունը բացվել է 04.04.2005 թվականին և ժառանգներն այն ընդունել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան, այսինքն՝ Սեդիկ Մուրադյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու եղանակով՝ Գառնիկ Ռուշանյանը՝ տիրապետելով ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ գույքը, իսկ Համլետ Ռուշանյանը՝ տիրապետելով որոշակի զարդեղեն, որը և նշանակում է, որ ժառանգներն ընդունել են իրենց հասանելիք ամբողջ ժառանգությունը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) 09.10.2008 թվականի թիվ 10526 տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 6-րդ փողոցի թիվ 7 հասցեում հանգուցյալներ Վանիկ Ռուշանյանի, Սեդիկ Մուրադյանի անվամբ հաշվառված է 0,081հա բնակելի կառուցապատման հողամաս, 121,2քմ մակերեսով բնակելի տուն շինությունով (գ.թ. 5):
2) Կադաստրի 21.10.2008 թվականի թիվ 10982 տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 6-րդ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է 12.07.1995 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Մասիսի տեղամասում: 28.12.1994 թվականին Վանիկ Ռուշանյանը մահացել է: 28.09.1997 թվականի թիվ 087 Գետափի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքով Վանիկ Ռուշանյանի մահից հետո տնտեսության ղեկավար է հանդիսացել նրա կինը՝ Սեդիկ Մուրադյանը: Կադաստրային քարտեզագրման արդյունքում կազմած տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքը հաշվառված է Սեդիկ Մուրադյանի անվամբ (գ.թ. 20):
3) ՀՀ Արարատի մարզի Գետափի գյուղապետարանի 18.11.2008 թվականի թիվ 0-22 տեղեկանքի համաձայն՝ հանգուցյալ Սեդիկ Սրապիոնի Մուրադյանը մինչև իր մահը մշտական հաշվառմամբ բնակվել է Արարատի մարզի Գետափ գյուղում գտնվող բնակելի տանը տղայի՝ Գառնիկ Վանիկի Ռուշանյանի, հարսի՝ Անահիտ Լեռնիկի Ռուշանյանի և թոռան՝ Կարեն Գառնիկի Ռուշանյանի հետ, որոնք ունեն մշտական հաշվառում: Սեդիկ Մուրադյանի մահից հետո նշված տանն իր ընտանիքով շարունակում է բնակվել Գառնիկ Վանիկի Ռուշանյանը և կառավարել գույքը՝ վճարելով հարկերը (գ.թ. 22):
4) 29.05.2008 թվականի թիվ 123487 մահվան վկայականի համաձայն՝ Վանիկ Հմայակի Ռուշանյանը մահացել է 28.12.1994 թվականին (գ.թ. 47):
5) 29.05.2008 թվականի թիվ 123488 մահվան վկայականի համաձայն՝ Սեդիկ Մուրադյանը մահացել է 16.04.2005 թվականին (գ.թ. 48):
6) 06.05.1963 թվականի թիվ 1-ԺԶ 618584 ծննդյան վկայականի համաձայն՝ Գառնիկ Վանիկի Ռուշանյանը ծնվել է 03.12.1962 թվականին, ծնողներն են՝ հայրը՝ Վանիկ Հմայակի Ռուշանյանը, մայրը՝ Սեդիկ Սրապիոնի Մուրադյանը (գ.թ. 4):
7) 02.03.1964 թվականի թիվ 1-ԶԺ 707147 ծննդյան վկայականի համաձայն՝ Համլետ Վանիկի Ռուշանյանը ծնվել է 03.10.1957 թվականին, ծնողներն են՝ հայրը՝ Վանիկ Հմայակի Ռուշանյանը, մայրը՝ Սեդիկ Սրապիոնի Մուրադյանը (գ.թ. 49):
8) Սույն քաղաքացիական գործը քննվել է հատուկ վարույթի կարգով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին:
Սույն գործով Համլետ Ռուշանյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ ինքը մոր ժառանգական գույքի 1/2 մասն ընդունած ժառանգ է: Դիմումը Դատարանի կողմից քննվել է հատուկ վարույթի կարգով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի հիմքով:
Սույն գործում առկա ապացույցների հիմքով ՀՀ Արարատի մարզի Գետափ գյուղի 6-րդ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքը ներառվել է 16.04.2005 թվականին մահացած Սեդիկ Մուրադյանի կողմից թողնված ժառանգական զանգվածի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ: Վերը նշվածի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին (Տես «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի թիվ 3- 445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սեդիկ Մուրադյանի որդիներ Գառնիկ և Համլետ Ռուշանյանների միջև վեճ է ծագել ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի ժառանգման վերաբերյալ, հետևաբար սույն վեճը հատուկ վարույթի կանոններով քննարկման ենթակա չէ, և հատուկ վարույթի կարգով ներկայացված դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով պետք է թողնել առանց քննության:
Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է բավարարել՝ բեկանելով դատական ակտը և գործով ներկայացված դիմումը թողնելով առանց քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2009 թվականի որոշումը և Համլետ Ռուշանյանի դիմումը թողնել առանց քննության:
2. Համլետ Ռուշանյանից հօգուտ Գառնիկ Ռուշանյանի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամը՝ վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումար, և 8.000 ՀՀ դրամը՝ վերաքննիչ բողոքի համար վճարած պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |