ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0883/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0883/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Էդ. Մուրադյան | |
Դատավորներ՝ Վ. Թորոսյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Վագեվ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի` ջրամատակարարումը վերականգնելու և վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել «Երևան-Ջուր» ՓԲԸ-ին վերականգնել ջրամատակարարումը և որպես վնասի հատուցում բռնագանձել 01.08.2007 թվականից մինչև փաստացի ջրամատակարարման վերականգնումը ամսական 413.650 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն պարտավորեցվել է վերականգնել Ընկերության ջրամատակարարումը, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշման 38-րդ կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
«Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից առանց Ընկերությանն իրազեկելու ջրամատակարարումը դադարեցնելն իրականացվել է ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշման 38-րդ կետի պահանջներին համապատասխան, քանի որ հայցվորի ներքին ցանցը գտնվել է ծայրաստիճան վթարային վիճակում, որի հետևանքով հետագա ջրամատակարարումը դարձել էր անհնարին:
Բացի այդ, «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն չի իմացել, թե որտեղից էր միացված Ընկերության ջրագիծը, քանի որ վերջինս չի ունեցել ջրամիացման և ջրահեռացման տեխնիկական պայման, ինչի մասին «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն իրազեկված չի եղել:
Ինչ վերաբերում է կողմերի միջև կնքված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» 01.06.2006 թվականի պայմանագրին, ապա այն կնքվել է նախկին ջրամատակարար Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի համակարգչային բազայում առկա բոլոր ջուր սպառողների հետ` համարելով, որ նրանք օրինական ջրօգտագործողներ են:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.05.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դեռևս 18.10.2003 թվականից Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի «Մաշտոց» մասնաճյուղում ֆիքսվել է Ընկերության ջրամիացումը հարևանությամբ գտնվող մետրոյի շինարարության տարածքով անցնող d=300 մմ ջրագծից d=15մմ խողովակով: Բացի այդ, Ընկերության և «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» պայմանագիր, որի առկայության պայմաններում վերջինիս կողմից 28.07.2008 թվականից մինչ այսօր ապօրինի կերպով ջրազրկվել է Ընկերությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 16.02.2003 թվականին Ընկերության և Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի «Մաշտոց» մասնաճյուղի միջև կնքվել է «Ջրամատակարարման և ջրահեռացման» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 31):
2. 28.02.2003 թվականին Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կազմվել է հայտնաբերված խախտումների վերաբերյալ ակտ, համաձայն որի` Ընկերության կողմից իրականացվել է ապօրինի ջրամիացում (հատոր 1-ին, գ.թ. 74):
3. 01.06.2006 թվականին «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքվել է «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 32):
4. Երևանի Շիրազ և Բաշինջաղյան փողոցների ջրամատակարարումը վերականգնելու նպատակով «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից խցափակվել է Շիրազի 6 և 8 հասցեներում գտնվող պոմպակայանից դեպի անավարտ մետրոյի շինարարություն կառուցված ջրագիծը, որի արդյունքում 28.07.2007 թվականից Ընկերությունը ջրազրկվել է:
5. Ընկերության 15.04.2008 թվականի դիմումի հիման վրա «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից տրվել է ջրամիացման և ջրահեռացման տեխնիկական պայման, որի համաձայն` թույլատրվում է ջրամիացումն իրականացնել Ջանիբեկյան փողոցով անցնող d=300 մմ ջրագծից d=25մմ խողովակով: Միացման աշխատանքները կատարվելու են «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից հաճախորդի հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 112-114):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման, սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը։ Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով (տե՛ս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՔԴ/0595/04/08 գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2007 թվականի որոշումը):
ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» 2-րդ կետի համաձայն` առանց ջրամատակարարի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման` ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման համակարգերին ինքնակամ միացումը համարվում է ապօրինի:
ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» 12-րդ կետի համաձայն` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխությունները կարող են կատարվել ինչպես բաժանորդի սեփական ուժերով, այնպես էլ ջրամատակարարի կամ այլ անձանց կողմից` պահպանելով միացման տեխնիկական պայմանները: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացումները կամ կատարված միացումների փոփոխություններն իրականացվում են բաժանորդի հաշվին:
ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների» 41-րդ կետի համաձայն` եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված են օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ջրամատակարարումը դադարեցվում է առանց նախազգուշացման:
Դատարանի 14.05.2008 թվականի վճռի համաձայն՝ Ընկերությանը ջրազրկելու մեջ բացակայում է «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի մեղքը, քանի որ ՀՀ կառավարության 22.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշման 41-րդ կետի համաձայն՝ եթե ջրամատակարարման սահմանափակումը և կամ դադարեցումը կապված են ջրաղբյուրներում ու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ջրամատակարարումը դադարեցվում է առանց նախազգուշացման: Ուստի, վնասի հատուցման մասին չի կարող խոսք լինել:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Շիրազ և Բաշինջաղյան փողոցների ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի աշխատանքների արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից խցափակվել է Շիրազի 6 և 8 հասցեներում գտնվող պոմպակայանից դեպի անավարտ մետրոյի շինարարություն կառուցված ջրագիծը, որից սեփական նախաձեռնությամբ իրականացված ջրամիացման միջոցով ջրամատակարարվում էր Ընկերությունը: Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այն պնդումը, որ առանց Ընկերությանը նախազգուշացնելու նշված աշխատանքների իրականացումը պայմանավորված էր ջրամատակարարման և ջրահեռացման վերոնշյալ համակարգում վթարների վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: Այսինքն` «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի վարքագիծը թելադրված էր անհաղթահարելի ուժով, այն է` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներով, հետևաբար վերջինս պատասխանատվություն չի կրում ջրամատակարարումը դադարեցնելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Երևան-Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամիացման և ջրահեռացման տեխնիկական պայման տալու պայմաններում համապատասխան աշխատանքները պետք է կատարվեն Ընկերության հաշվին:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը բավարար է Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան |