Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեվ դեղագործական արդյունաբերության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուկրաինայի նախարարների կաբինետը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հատուկ նշանակություն տալով բնակչությանը դեղորայքային միջոցներով, շիճուկներով և այլ իմունակենսաբանական դեղամիջոցներով, բժշկական նշանակության իրերով և բժշկական տեխնիկայով ապահովելու հարցին,
ձգտելով պահպանել և զարգացնել դեղագործական արդյունաբերության բնագավառում ձևավորված կապերը,
ելնելով իրավահավասարության, փոխշահավետության և փոխօգնության սկզբունքներից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը աջակցություն կցուցաբերեն իրենց բժշկական արտադրանք թողարկող ձեռնարկություններին դեղորայքային միջոցների, շիճուկների և այլ իմունակենսաբանական դեղամիջոցների, բժշկական նշանակության իրերի և բժշկական տեխնիկայի արտադրության և մատակարարման ապահովման հարցում:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ դեղորայքային միջոցների, շիճուկների և այլ իմունակենսաբանական դեղամիջոցների, բժշկական նշանակության իրերի և բժշկական տեխնիկայի փոխադարձ մատակարարումները կիրականացվեն իրենց օրենսդրություններին համապատասխան և սեփականության բոլոր ձևերով` տնտեսավարող սուբյեկտների միջև կոնտրակտների (պայմանագրերի) հիման վրա:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը սահմանում են իրենց իրավասու մարմինների ցանկը, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի կատարման համար, ինչպես նաև իրավասու մարմինների վերակազմակերպման կամ պաշտոնական անվանման փոփոխման դեպքում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են այդ մասին գրավոր ծանուցել միմյանց:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը պայմանավորվեցին պահպանել և զարգացնել կոոպերացված կապերը դեղորայքային միջոցների արտադրման համար անհրաժեշտ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, սարքավորումների մատակարարումների մասով:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը պայմանավորվեցին պարբերաբար զարգացնել փոխշահավետ համագործակցությունը գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքների բնագավառում, ինչպես նաև դեղորայքային միջոցների ստանդարտացման, գրանցման և որակի վերահսկման բնագավառում:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը պայմանագրային հիմունքներով միմյանց օժանդակություն կցուցաբերեն դեղագործական արդյունաբերության բնագավառում զբաղված կադրերին պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հնարավորություններ տրամադրելու գործում:
Հոդված 7
Համաճարակների և վարակիչ հիվանդությունների բռնկումը կանխելու և վերացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին թույլատրել վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման և ախտորոշման համար անհրաժեշտ դեղորայքային միջոցների, շիճուկների և այլ իմունակենսաբանական դեղամիջոցների ներմուծումն ու արտահանումը` ըստ Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն փոխհամաձայնեցված և ձևակերպված ցուցակի:
Հոդված 8
Դեղորայքային միջոցները, շիճուկները և այլ իմունակենսաբանական դեղամիջոցները, բժշկական նշանակության իրերն ու բժշկական տեխնիկան առանց Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինների համապատասխան նախնական գրավոր համաձայնեցման ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ, այդ թվում` օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպությունների համար:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը դիտվում է որպես սույն Համաձայնագրի անբաժանելի մաս և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
Հոդված 10
Բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ տնտեսավարող սուբյեկտների միջև սույն Համաձայնագրին համապատասխան ապարանքներ մատակարարելիս, կլուծվեն արտաքին առևտրային կոնտրակտներով (պայմանագրերով) նախատեսված պայմաններով:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող` Պայմանավորվող կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գործողության համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո դրա դրույթները կկիրառվեն երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև կնքված, բայց Համաձայնագրի գործողության ընթացքում չկատարված կոնտրակտների նկատմամբ:
Կատարված է Կիև քաղաքում, 1999 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակների համար գերակայում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. փետրվարի 15-ից: