ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 05.08.2009թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հուլիսի 31-ին` ընտրված տարածքներում ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության բարելավման և գյուղական շրջաններում անմիջական զբաղվածության խթանման նպատակով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30000000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաղկացած է երկու մասից` առաջին մասով նախատեսվում է Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերի գլխավոր ջրանցքների վերականգնում, երկրորդ մասով` Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ գործողություններ:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք ներդիր և մեկ հավելված, որոնցում սահմանված են ծրագրի նկարագրությունը, ծրագրի իրականացման կարգը, փոխառության մարման ժամանակացույցը, սահմանումները և ընդհանուր պայմանների փոփոխությունները:
3. Համաձայնագրով սահմանված են տրամադրվող ֆինանսավորման մասհանման կարգը, վճարման ենթակա սկզբնական վճարի չափը, տոկոսագումարի դրույքաչափը և վճարման ամսաթվերը, փոխառության մայր գումարի վերադարձման կարգը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
հայտարարել Ծրագրի նպատակների նկատմամբ իր պարտավորվածության մասին և իրականացնել այն համաձայնագրի դրույթներին համապատասխան,
-
նշանակել ԾԻԳ, որը պատասխանատու կլինի գնումների պլանավորման, մոնիթորինգի և հաշվետվությունների, վճարումների և ներքին ֆինանսական հսկողության, Ծրագրի հաշիվները վարելու և Ծրագրի հաշվետվությունները պատրաստելու համար, և ապահովել, որ ԾԻԳ-ը միշտ ունենա համապատասխան աշխատակազմ և միջոցներ` կատարելու Ծրագրի իրականացման իր պարտավորությունները,
-
արդիականացնել և պահպանել Գործառնական ձեռնարկը` մյուս կողմի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, պատշաճ կերպով կատարել Գործառնական ձեռնարկի ներքո իր բոլոր պարտավորությունները և առանց մյուս կողմի նախնական համաձայնության չփոփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել Գործառնական ձեռնարկից,
-
մինչև Ծրագրի ավարտը պահպանել ՋՕԸ-ների օժանդակության թիմը,
-
երաշխավորել տարեկան բյուջեում ոռոգման համակարգերի պահպանման համար համարժեք միջոցների առկայությունը,
-
ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթների համաձայն,
-
Ծրագրի միջոցառումների նկատմամբ կիրառել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուսումնասիրության և Վերաբնակեցման քաղաքականության փաստաթղթում սահմանված չափորոշիչները, քաղաքականությունը, ընթացակարգերն ու մեխանիզմները,
-
ապահովել Ծրագրի առաջին մասով իրականացվող միջոցառումների համապատասխանությունը մյուս կողմի համար ընդունելի բնապահպանական նորմերին և ուղեցույցներին,
-
իրականացնել Ծրագրի առաջընթացի հսկողությունն ու գնահատումը ևպատրաստել Ծրագրի մասին հաշվետվություններ, Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և պահանջվող համապատասխան պլանը ներկայացնել մյուս կողմին ոչ ուշ, քան փակման ժամկետից վեց ամիս անց,
-
վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ,
-
պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր անց մյուս կողմին ներկայացնել միջանկյալ, աուդիտի չենթարկված Ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները,
-
ապահովել, որպեսզի ՀՀ-ի ֆինանսական հաշվետվությունները ենթարկվեն աուդիտի, ինչպես նաև դրանք ներկայացնել մյուս կողմին համաձայնագրով սահմանված ժամկետում,
-
ապահովել փոխառության միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքների և աշխատանքների ձեռքբերման համապատասխանությունը համաձայնագրի դրույթներին,
-
բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի` ապրանքներն ու աշխատանքները գնել Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա կնքվող պայմանագրերով, իսկ խորհրդատուների ծառայությունները` Որակի և գնի վրա հիմնված ընտրության հիմունքներով կնքվող պայմանագրերով:
5. Համաձայնագրով սահմանված են նաև գնումների և խորհրդատվական ծառայությունների իրականացման կարգը, գնման մեթոդները, խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդները, փոխառության միջոցների մասհանման ընդհանուր կարգը, պայմանները և ժամանակաշրջանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
