Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր.
անհրաժեշտ համարելով զանգվածային լրատվական միջոցներում հնարավորինս ընդարձակորեն լուսաբանել Անկախ Պետությունների Համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը ուղղված գործունեությունը,
ցանկանալով ակտիվորեն նպաստել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների միջև վստահության, փոխըմբռնման և համագործակցության զարգացմանը,
ձգտելով նպաստել միջազգային հանրության մեջ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի վերաբերյալ լիարժեք և օբյեկտիվ պատկերացման ձևավորմանը,
ճանաչելով ներդրումը, որն ունեն Կողմերի ազգային տեղեկատվական գործակալությունները տեղեկատվության փոխանակման և տարածման մշտական և օպերատիվ աղբյուրների ստեղծման գործում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.
տեղեկատվական գործակալություն - Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան ձևավորված և գործող կազմակերպություն, որը կանոնավոր կերպով զբաղվում է տեղեկատվական նյութեր հավաքելով և տարածելով.
ազգային տեղեկատվական գործակալություն - Կողմի կենտրոնական պետական տեղեկատվական գործակալություն.
ազգային տեղեկատվական գործակալությունների նյութեր - տեղեկատվական գործակալությունների միջոցով փոխանցվող տեղեկատվական արտադրանք.
տեղեկատվական արդյունք - օգտագործողների տեղեկատվական պահանջմունքները բավարարելու համար նախատեսված ազգային տեղեկատվական գործակալությունների գործունեության նյութականացված արդյունք.
տեղեկատվական ծառայություններ - ազգային տեղեկատվական գործակալությունների կողմից իր օգտագործողներին տրամադրվող ծառայություններ.
միջպետական տեղեկատվական փոխանակում - Կողմերի կողմից տեղեկատվական արտադրանքի փոխանցում և ստացում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների փոխադարձաբար մատուցում:
Հոդված 2
Կողմերը կնպաստեն ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի հոսքի ավելացմանը, նրանց մասնագիտական կապերի ամրապնդմանը, նրանց միջև նյութերի արդյունավետ և ազատ փոխանակման բարենպաստ պայմանների ստեղծմանը, նրանց կողմից արտադրվող տեղեկատվական արտադրանքի իրացմանը:
Կողմերը ազգային տեղեկատվական գործակալություններին կաջակցեն միջպետական տեղեկատվական փոխանակումների համար օգտագործվող տեղեկատվական և հեռուստահաղորդակցական համակարգերի օպտիմալ մոդելների մշակման ու շահագործման գործում:
Հոդված 3
Կողմերն ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման ժամանակ առաջնորդվում են հետևյալ հիմնական սկզբունքներով`
գնահատման կառուցողականություն և նյութերի հավաստիություն, որը նպաստում է Կողմերի տարածքներում բնակվող ժողովուրդների միջև բազմակողմանի կապերի ամրապնդմանն ու փոխըմբռնման ուղիների որոնմանը.
Համագործակցության ինքնիշխան պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների, գործընթացների և երևույթների գնահատման մեջ միտումնավորության անթույլատրելիություն.
ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների ազգային կամ դավանական զգացմունքները վիրավորող հրապարակումների, տեղեկատվական հաղորդագրությունների և այլ նյութերի մերժում.
Կողմերի ազգային օրենսդրության պահանջներին հակասող կամ նրանց անվտանգությանը սպառնացող գործողությունների հրահրման անթույլատրելիություն.
օբյեկտիվություն և իրադարձությունների բազմակողմանի լուսաբանում, հասարակությանը բազմազան տեղեկատվության մատչելիության տրամադրում, որը թույլ կտա յուրաքանչյուրին համոզվել փաստերի հավաստիության մեջ և օբյեկտիվորեն գնահատել իրադարձությունները.
հարգանք ինչպես յուրաքանչյուր Կողմի, այնպես էլ ընդհանրապես Կողմերի շահերի նկատմամբ, բոլոր սոցիալական խմբերի և շերտերի միջև համաձայնության հաստատման ուղղվածություն.
մարդկության ընդհանուր ժառանգության տարրերի՝ մշակույթների բազմազանության հավասարություն և դրա նկատմամբ հարգանք.
տեղեկատվության և կարծիքների արտահայտման ազատության իրականացում, որոնք կազմում եմ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բաղկացուցիչ մասը.
փոխադարձ հարգանք և փոխըմբռնում մարդու իրավունքների զարգացման, բոլոր մարդկանց և բոլոր ազգերի իրավահավասարության, տնտեսական և սոցիալական առաջընթացի նպատակով:
Հոդված 4
Կողմերը ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխանակումը սահմանափակող միջոցների օգտագործումից` բացառությամբ արտակարգ իրավիճակների. մինչև դրանց վերացումը:
Հոդված 5
Կողմերը ազգային տեղեկատվական գործակալությունների ներուժի ակտիվ օգտագործման, տեղեկատվական փոխանակման մակարդակի և արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հոսքի հավասարակշռության ապահովման նպատակով սույն Համաձայնագրի դրույթների կատարման պատասխանատվությունը դնում են Անկախ Պետությունների Համագործակցության պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների գործող Խորհրդի վրա:
Հոդված 6
Կողմերը տեղեկատվության առավել լայն և ազատ տարածման նպատակով պարբերաբար կանցկացնեն խորհրդակցություններ և կձեռնարկեն փոխհամաձայնեցված միջոցներ սույն Համաձայնագիրը իրականացնելու համար:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը շահագրգիռ Կողմերի միջև կարգավորվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ավանդապահին ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցման հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ ավարտած Կողմերի համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան ծանուցում հանձնելու օրվանից:
Հոդված 9
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը համարվում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար, որոնք ընդունում են նրա դրույթները և պատրաստ են իրենց վրա վերցնելու սույն Համաձայնագրից բխող պարտավորություններ: Միացող պետության համար Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարի ժամկետով: Այս ժամկետի լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է, յուրաքանչյուր անգամ` հինգ տարի ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Հոդված 12
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ, կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Յալթա քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 27-ից: