ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0209/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0209/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Ավանեսյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում քննելով Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշման դեմ ըստ դիմումի` Լաուրա Ադամյանի, երրորդ անձ Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լաուրա Ադամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2008 թվականի որոշմամբ Լաուրա Ադամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.12.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` դիմումը բավարարվել է. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լաուրա Ադամյանի սեփականության իրավունքը Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լաուրա Ադամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լաուրա Ադամյանը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը բարեխիղճ ձեռք բերելու, ինչպես նաև Աջափնյակ թաղային համայնքի կողմից վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ գրանցված է Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը, առավել ևս, որ Աջափնյակ թաղային համայնքը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վկայել վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին:
Մասնավորապես, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման թիվ 1 հավելվածի համաձայն՝ Աջափնյակ վարչական տարածքի պետական բնակարանային ֆոնդը ճանաչվել է Աջափնյակ թաղային համայնքի սեփականությունը, ինչի հիման վրա նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև սեփականության իրավունքի թիվ 2450559 վկայականը` հիմք ընդունելով միայն «Հույս» համատիրության կողմից տրված տեղեկանքները:
Բացի այդ, Լաուրա Ադամյանը հայտնել է, որ Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը Սվետա Ալոյանին հատկացվել էր վարձակալական հիմունքներով, ուստի վերջինս այն չէր կարող օտարել կամ փոխանցել որպես սեփականություն: Փաստորեն վիճելի գույքը Լաուրա Ադամյանը բարեխիղճ չի տիրապետել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008 թվականի վճռին։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու դիմումը ներկայացվել է դատարան 24.12.2007 թվականին և այդ պահի դրությամբ գույքը սեփականատեր չի ունեցել: Նշվածը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.12.2007 թվականի թիվ 7341 տեղեկանքով: Փաստորեն, վիճելի անշարժ գույքը եղել է տիրազուրկ:
Երևանի Աջափնյակի թաղային համայնքի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ գրանցվել է 20.10.2008 թվականին՝ այն պահին, երբ վիճելի գույքի սեփականության իրավունքը ճանաչելու հարց էր բարձրացվել: Սեփականության իրավունքի գրանցումը նման պայմաններում ինքնին առոչինչ է: Բնակարանը հատկացվել է Սվետա Ալոյանին, որի հետ բանավոր համաձայնության գալով 2700 ԱՄՆ դոլարով գնել է վիճելի բնակարանը: Գումարը վերջինիս հանձնելու պահից Լաուրա Ադամյանը համոզված է եղել, որ գույքը տիրապետում է օրինական հիմքով, ո՛չ Սեվետա Ալոյանը և ո՛չ էլ Աջափնյակի թաղապետարանը չեն խոչընդոտել իր կողմից նշված գույքը տիրապետելուն:
Բացի այդ, բնակարան մուտք գործելը եղել է առանց բռնություն գործադրելու, հետևաբար, տիրապետումը պետք է դիտել բարեխիղճ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն քաղաքացիական գործում առկա տվյալների համաձայն՝ Լաուրա Ադամյանը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի վարձակալ Սվետա Ալոյանի հետ՝ նշված բնակարանը գնելու մասին:
2) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմարկի 26.07.2006 թվականի թիվ 28/ԼԱ տեղեկանքի, Երևանի Աջափնյակ համայնքի «Հույս» համատիրության կնիքով հավաստված Երևանի Հալաբյան 57-րդ շենքի բնակիչների հայտարարության և նույն համատիրության 17.12.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Լաուրա Ադամյանը 1993 թվականից երեխայի հետ գրանցված բնակվում է Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանում, բնակարանի կոմունալ վճարումները կատարվում են վերջինիս կողմից (հատոր առաջին գ.թ. 16, 17, 19):
3) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի 25.09.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի 42 որոշման համաձայն, Աջափնյակ թաղային համայնքի սեփականությունն է (հատոր երկրորդ, գ.թ. 47): 20.10.2008 թվականին Աջափնյակ թաղային համայնքին տրվել է թիվ 2450559 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հատոր երկրորդ գ.թ. 71-72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Վիճելի գույքը Լաուրա Ադամյանի փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման: Նշված փաստը հաստատվում է այն հանգամանքով, որ վիճելի բնակարանը դիմողին հատկացվել է Սվետա Ալոյանի կողմից, ում հետ Լաուրա Ադամյանը ձեռք է բերել բանավոր համաձայնություն` բնակարանը 2.700 ԱՄՆ դոլար գումարով գնելու վերաբերյալ»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ Սվետա Ալոյանը Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի վարձակալն էր: Վիճելի գույքի վարձակալ Սվետա Ալոյանը Լաուրա Ադամյանին է փոխանցել վարձակալական գույքը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լաուրա Ադամյանի կողմից գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Աջափնյակի թաղային համայնքի ղեկավարին ուղղված Լաուրա Ադամյանի 31.07.2006 թվականի դիմումը՝ վիճելի բնակարանը վարձակալությամբ իրեն հատկացնելու վերաբերյալ, որը համայնքի ղեկավարի 15.08.2007 թվականի գրությամբ մերժվել է: Այդ փաստերով հիմնավորվում է, որ Լաուրա Ադամյանը վիճելի բնակարանը տիրապետել է ոչ որպես սեփական գույք և գիտակցել է, որ այն օգտագործում է վարձակալությամբ, իսկ Աջափնյակ թաղային համայնքը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն վկայում գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Այդ փաստը հիմնավորվել է վիճելի գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելով և 20.10.2008 թվականին սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալով:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 26.03.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Վ. Աբելյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|