ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5265/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5265/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
|
Է. Հայրիյանի | |
Տ. Պետրոսյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.03.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ «Լանդրաս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) հայցի ընդդեմ ՀՀ կառավարության՝ վարչական ակտն ընդունված ճանաչելու և անգործության հետևանքը վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է «Լանդրաս» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) 89.313.345 ՀՀ դրամի չափով օժանդակություն ցուցաբերելու մասին որոշումն անասնահամաճարակի հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի կողմից համարել ընդունված և որպես անգործության հետևանքի վերացում՝ պարտավորեցնել ՀՀ կառավարությանն Ընկերությանը վճարել օժանդակության գումարը՝ 89.313.345 ՀՀ դրամը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կառավարիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Սույն գործով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հիմնավոր է համարել Կառավարչի փաստարկն այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության հետաքննության բաժանմունքի հետաքննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին 03.10.2008 թվականի որոշմամբ հաստատված է հայցի հիմքում ընկած և խոզերի անկման փաստը հաստատող ակտերի արժանահավատությունը, այսինքն՝ Ընկերության տնօրենի կողմից կեղծ փաստաթուղթ չի կազմվել և չի հիմնավորվել անկած խոզերի ավելի մեծ գլխաքանակ ցույց տալու հանգամանքը։
ՀՀ գլխավոր դատախազի 16.03.2009 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության հետաքննության բաժանմունքի հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 03.10.2008 թվականի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նկատի ունենալով Ընկերության տնօրենի և մյուս աշխատակիցների կողմից տարբեր պաշտոնական փաստաթղթերում նույն ժամանակահատվածի համար խոզերի գլխաքանակի վերաբերյալ իրար հակասող կեղծ տվյալներ ներառելու հանգամանքը, որոնք ներկայացվել են հանձնաժողով և Դատարան, այսինքն՝ վերացել է այն որոշումը, որը հիմք է ծառայել վիճարկվող դատական ակտի կայացման համար, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով նոր երևան եկած հանգամանք է։
2) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգի» 9-11-րդ և 18-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է նույն կարգի 19-րդ և 20-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ հոդվածները, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ և 19-րդ հոդվածները, 30-րդ հոդվածի 1-ին մասը և 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 46-րդ հոդվածի 1-ին մասը և 48-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի «Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը սահմանելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» թիվ 84-Ա որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 9-11-րդ, 16-րդ և 18-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ անկած և հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին օժանդակություն տրամադրվում է ՀՀ մարզերում գյուղատնտեսական կենդանիների հարկադիր սպանդի գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ մարզերում ստեղծված մարզային հանձնաժողովների (այսուհետ՝ Մարզային հանձնաժողով) կողմից կազմված ակտերի հիման վրա, այսինքն՝ որոշման գործողությունը տարածվում է միայն մարզերի վարչական տարածքներում գործող խոզաբուծական տնտեսությունների նկատմամբ՝ բացառելով Երևան քաղաքը։
Բացի այդ, նշված Կարգի 18-րդ կետով օժանդակություն հատկացնելու հարցերով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների ակտերի ամփոփման արդյունքների հիման վրա ազգային հանձնաժողովին դիմելու իրավասությունը տրված է միայն Մարզային հանձնաժողովներին, հետևաբար, Ընկերությունն իրավասու չէր այդ հարցերով դիմելու ազգային հանձնաժողովին և ակնկալելու նրանից պատասխան:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի բովանդակությունից հետևում է, որ դիմող կարող է լինել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով վարչական իրավահարաբերության սուբյեկտ է և օրենքով օժտված է տվյալ հանգամանքներում վարչական մարմին դիմելու իրավունքով, այսինքն՝ տվյալ վարչական հարաբերությունների համար օժտված է համապատասխան իրավունակությամբ և գործունակությամբ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ չեն տարածվում ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հետևաբար, բացակայում է ինչպես հարկադիր սպանդի ենթարկված անասնագլխաքանակի արժեքի դիմաց Ընկերությանը ցուցաբերվող օժանդակության հետ կապված իրավահարաբերության ծագման նախադրյալը՝ իրավական նորմը, այնպես էլ վարչական վարույթի ծագման իրավական նախադրյալը։ Նման պայմաններում վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն Դատարանի վկայակոչած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավական նորմերը, հետևաբար, Դատարանը չպետք է 30-օրյա ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները սահմանող իրավական նորմերի պահանջները կիրառեր իրավահարաբերության կողմ չհանդիսացող սուբյեկտի՝ Ընկերության նկատմամբ։
Բացի այդ, ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն նորմատիվ իրավական ակտի հիման վրա և իր բնույթով անհատական իրավական ակտ է, այսինքն՝ չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոն միայն դրանում ուղղակի անհատապես նշված անձի համար, այն է՝ վերաբերում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելուն և սահմանում է օժանդակության գումարի չափը։
3) Դատարանը չի կիրառել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետը, ՀՀ կառավարության 06.09.2007 թվականի «Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը հաստատելու և կարանտին սահմանելու մասին» թիվ 1108-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ գլխի 9-րդ կետը, 13-րդ կետի 4-րդ ենթակետը, 14-րդ կետի 2-րդ ենթակետը, 32-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը չի կատարել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը և իր տնտեսությունում խոզերի անկման մասին անհապաղ չի հայտնել հիվանդության դեմ պայքարի տեղական հանձնաժողովին, այլ միանգամից դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել ՀՀ կառավարության 06.09.2007 թվականի թիվ 1108-Ն որոշման 1-ին հավելվածի վերոնշյալ կետերով նախատեսված միջոցառումները։ Ընկերության ներկայացրած ակտերում նշված «սուր վարակիչ հիվանդությունը», որպես խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդություն ախտորոշվելու և այդ առնչությամբ ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշման դրույթները դրա նկատմամբ կիրառելի լինելու համար, աֆրիկական ժանտախտից Ընկերության խոզերի անկման հանգամանքը պետք է հաստատված լիներ «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, քանի որ ՀՀ կառավարության 06.09.2007 թվականի թիվ 1108-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 32-րդ կետի համաձայն՝ դիֆերենցիալ (տարբերակված) ախտորոշումը կլինիկական զննման և դիահերձման ընթացքում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վարակը տարբեր մակարդակների ախտանշաններով հաճախ հնարավոր չէ տարբերել խոզերի դասական ժանտախտից, կարմրախտից, պաստերելոզից և սալմոնելոզից: Կառավարչի ներկայացրած ակտերը որևէ նշում չեն պարունակում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մասին, և ակտերում նշված «սուր վարակիչ հիվանդության» պարագայում հավանական է, որ Ընկերության խոզերը վարակված լինեին դասական ժանտախտ, կարմրախտ, պաստերելոզ կամ սալմոնելոզ հիվանդություններով, որոնց համար ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշմամբ հատուցում չի նախատեսվում։
Այսպիսով, եթե նույնիսկ Ընկերության նկատմամբ տարածվեր ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշման պահանջները, ապա վերջինիս պահանջը ենթակա չէր բավարարման, քանի որ 07.11.2007, 12.11.2007 և 15.11.2007 թվականների ակտերը ՀՀ կառավարության 06.09.2007 թվականի թիվ 1108-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 4-րդ ենթակետի և 14-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան չեն ներկայացվել խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի տեղական հանձնաժողովին, իսկ այնուհետև՝ «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքով հնարավոր չի եղել պարզել Ընկերության խոզերի աֆրիկական ժանտախտից անկելու հանգամանքը։
4) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ կայացնելիս հաստատված փաստ է համարել սոսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հասցեագրված ՀՀ ֆինանսների նախարարի 01.09.2008 թվականի թիվ 9/5-1150-9214 գրությունը։ Դատարանը ներքին համոզմունք ձևավորելու համար բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և չի գնահատել ՀՀ ֆինանսների նախարարության՝ Դատարան ներկայացրած 22.09.2008 և 17.10.2008 թվականների հայցադիմումի պատասխանները և բացատրությունը, որոնցում պատասխանողը, առարկելով հայցադիմումի դեմ, արտահայտել է հայցում ներկայացված պահանջի նկատմամբ իր դիրքորոշումը և նշել է, որ հայցվորի կողմից սույն վարչական գործով, որպես հայցի փաստական հիմք ներկայացվող 07.11.2007, 12.11.2007 և 15.11.2007 թվականների թվով 6 ակտերը, ըստ որոնց՝ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 3.041 գլուխ խոզ, չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող արժանահավատ լինել, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 12.09.2008 թվականի գրության մեջ նշված է, որ 15.11.2007 թվականի գրության և 15.11.2007 թվականի 2 ակտերի համաձայն՝ Ընկերությունում ոչնչացվել է 404 գլուխ խոզ՝ 8.940 կիլոգրամ քաշով։ ՀՀ ֆինանսների նախարարությունն արժանահավատ չի համարել նաև խոզերի հերձման վերաբերյալ վերոնշյալ ակտերում ցույց տրված խոզերի քանակը, ակտերում նշված ժամկետներում դրանք դիահերձելու հնարավորությունը, ինչը Դատարանը չի գնահատել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 16.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Կառավարչի հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշմամբ հաստատված կարգի կիրառման, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավական ակտերի կիրառման առումով մարզին վերաբերող բոլոր իրավանորմերը հավասարապես վերաբերում են նաև Երևան քաղաքին։
ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշումն ընդունվել է 31.01.2008 թվականի թիվ 82-Ն նորմատիվ որոշման հիման վրա: Նշված որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումարը հատկացվել է 2007 թվականի ընթացքում անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու նպատակով, միաժամանակ, սահմանվել է նաև օժանդակության գումարի չափը՝ մեկ կիլոգրամ մսեղիքի համար։ Ակնհայտ է, որ Ընկերությանը, ինչպես նաև 2007 թվականին անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների այլ սեփականատերերին օժանդակության գումարի տրամադրումը պետք է լիներ ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշման կիրառմամբ։ ՀՀ կառավարության նշված որոշումների կիրառմամբ անձին օժանդակություն տրամադրելու որոշումը նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունվող բարենպաստ վարչական ակտ է, որի ընդունմանն ուղղված գործունեությունն էլ համարվում է վարչական վարույթ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի։ Վարչական վարույթի փուլերից է վարչական վարույթի հարուցումը, որը, տվյալ դեպքում, եղել է Ընկերության դիմումի հիման վրա։
ՀՀ կառավարության 06.09.2007 թվականի թիվ 1108-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ տեղական հանձնաժողովներն ստեղծվում են մարզերում, տարածաշրջաններում և համայնքներում, իսկ 15-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ համայնքի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարը՝ որպես տեղական հանձնաժողովի նախագահ, համայնքի անասնաբույժը՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, և հանձնաժողովի անդամների կարգավիճակով՝ համայնքի հաշվապահը, ավագանու անդամը և այլն։ Այսինքն՝ տեղական հանձնաժողովին դիմելը կնշանակի դիմել հանձնաժողովի նախագահին, որպիսին համարվում է համայնքի ղեկավարը։ Գործում առկա 07.11.2007, 12.11.2007 և 15.11.2007 թվականների ակտերն ստորագրված են համայնքի ղեկավարի, համայնքի անասնաբույժի, ֆինանսական բաժնի պետի, գյուղ. բաժնի մասնագետի, ավագանու անդամի, պոլիկլինիկայի գլխավոր բժշկի կողմից։ Այս փաստաթղթերով հաստատվում է, որ Ընկերությունը դիմել է հանձնաժողովի նախագահին, իսկ մնացած գործողություններն արդեն պետք է կատարվեին և կատարվել են հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ։ Նշված փաստերը վկայում են, որ Ընկերությունը պատշաճ կատարել է համաճարակի մասին անհապաղ տեղեկացնելու իր պարտականությունը։
Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդունել են խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով 404 գլուխ խոզերի անկման փաստը։ Դատարանում գործի քննության ընթացքում պատասխանող կողմը հիվանդության տեսակի, համաճարակի մասով որևէ առարկություն չի ներկայացրել, այլ ընդամենը կասկած է հայտնել անկած և ոչնչացված կենդանիների քանակի վերաբերյալ։ Չէր կարող 404 գլուխ խոզերի անկման պատճառը լինել խոզերի աֆրիկական ժանտախտը, իսկ մնացածինը՝ այլ հիվանդություն, եթե նշված փաստերը եղել են մի քանի օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում աֆրիկական ժանտախտի համաճարակ լինելու պայմաններում։
Միաժամանակ, բողոքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին 03.10.2008 թվականի որոշումը ներկայացվում է որպես բողոքարկվող վճռի կայացման համար հիմք հանդիսացած որոշում, իսկ դրա վերացումը՝ որպես նոր երևան եկած հանգամանք՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի։ Վճռի կայացման համար հիմք է ծառայել ոչ թե քննիչի վերացված որոշումը, այլ սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հանգամանքը, որի հիման վրա կիրառվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը։ Վճռի բովանդակությունից ակնհայտ է, որ քննիչի որոշման բացակայության դեպքում էլ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման հիմքերը և նույն օրենքի 10-րդ հոդվածի խախտումը, որոնք էլ հենց հիմք են հանդիսացել վճռի կայացման համար։ Նման պայմաններում քննիչի որոշումը վերացվելը չի կարող դիտվել նոր երևան եկած հանգամանք։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերությունը զբաղվել է տոհմային խոզաբուծության գործունեությամբ։
2) Խոզերի աֆրիկական ժանտախտի բռնկման հետևանքով 2007 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում անկել և ոչնչացվել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող խոզամայրեր ու տարբեր սեռահասակային խմբերի խոզեր։
3) Խոզերի անկման ու ոչնչացման մասին Ընկերության տնօրենը 19.12.2007 թվականի գրությամբ տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին, իսկ 09.01.2008 թվականին՝ ՀՀ փոխվարչապետին՝ խնդրելով անասնահամաճարակի հետևանքով անկած, ոչնչացված կենդանիների սեփականատերերին նախատեսվող օժանդակության հարցը քննարկելիս հաշվի առնել նաև Ընկերության կրած վնասները։
4) 31.01.2008 թվականին ՀՀ կառավարության թիվ 82-Ն որոշմամբ հաստատվել է «Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդների դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության» կարգը։ Նույն որոշմամբ հաստատվել է նաև օժանդակության ենթակա սեփականատերերի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկը, որում ընդգրկված է նաև «Խոզերի աֆրիկական ժանտախտ» հիվանդությունը։ Հիմք ընդունելով նշված որոշումը՝ ՀՀ կառավարությունը 2008 թվականի փետրվարի 7-ին ընդունել է «ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթակված կենդանիների սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը սահմանելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» թիվ 84-Ա որոշումը, որով Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթակված կենդանիների սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը սահմանվել է 1.005 դրամ՝ կենդանիների 1 կգ մսեղիքի հաշվով:
5) Ընկերության տնօրենն օժանդակության գումար ստանալու խնդրանքով 07.05.2008 թվականին դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին։ Նախարարի տեղակալը 26.05.2008 թվականի թիվ 07-ԼՈ-14-1374 գրությամբ պատասխանել է, որ ՀՀ կառավարության 31.01.2008 թվականի թիվ 82-Ն որոշմամբ ստեղծված անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ խոշոր տնտեսվարող սուբյեկտներին օժանդակություն չի տրամադրվում։
6) Ընկերության տնօրենը 24.06.2008 թվականի գրությամբ կրկին դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ հիմնավորելով, որ Հանձնաժողովի որոշմամբ չի կարող սահմանափակվել ՀՀ կառավարության 08.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշմամբ սահմանված օժանդակության՝ տնտեսվարող սուբյեկտի իրավունքը, և Հանձնաժողովի որոշումը հակասում է ՀՀ կառավարության որոշմանը, քանի որ նշված որոշումը հավասարապես վերաբերում է անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների բոլոր սեփականատերերին։
7) Նույնաբովանդակ հիմնավորումներով 03.07.2008 թվականի գրությամբ Ընկերության տնօրենը դիմել է նաև Հանձնաժողովի նախագահին։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը 10.07.2008 թվականի թիվ 44-ԼՈ-14/Հ-370 գրությամբ հայտնել է, որ օժանդակության գումար դեռևս չստացած սեփականատերերին օժանդակություն տրամադրելու հարցը 20.06.2008 թվականի գրություն-առաջարկությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է Հանձնաժողովի քննարկմանը, այդ թվում՝ Ընկերությանն օժանդակություն տրամադրելու հարցը։
8) Երևանի քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի թիվ ԵՔԴ-0595/04/08 վճռի համաձայն՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 28.07.2008 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը:
9) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից 03.10.2008 թվականին հաստատված՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ հաստատվել է, որ փաստաթղթի կեղծիք չի կատարվել, իսկ Ընկերությանտնօրենի կողմից ՀՀ կառավարությունից փոխհատուցում ստանալու ակնկալիքով անկած խոզերի ավելի մեծ գլխաքանակ ցույց տալու փաստ չի հիմնավորվել։
10) ՀՀ գլխավոր դատախազի 16.03.2009 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի հետաքննիչի քրեական գործ հարուցելը մերժելու մասին 03.10.2008 թվականի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքը նոր երևան եկած հանգամանքի հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության 134-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի դատական ակտերը կարող են վերանայվել նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենuգրքով uահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մաuնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ
4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Սույն վարչական գործով Դատարանը ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի կողմից 03.10.2008 թվականին հաստատված՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման հիման վրա հաստատել է այն փաստական հանգամանքը, որ փաստաթղթի կեղծիք չի կատարվել, իսկ «Լանդրաս» ՍՊԸ-ի տնօրենի կողմից ՀՀ կառավարությունից փոխհատուցում ստանալու ակնկալիքով անկած խոզերի ավելի մեծ գլխաքանակ ցույց տալու փաստ չի հիմնավորվել, որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից Ընկերությանը վճարման ենթակա օժանդակության գումարի չափ սահմանել 89.313.345 ՀՀ դրամը:
Բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին» 16.03.2009 թվականի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազը, հաշվի առնելով այն, որ «նյութերով հիմնավորվել է, որ «Լանդրաս» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը և մյուս աշխատակիցները տարբեր պաշտոնական փաստաթղթերում ներառել են նույն ժամանակահատվածի համար իրար հակասող, կեղծ տվյալներ խոզերի գլխաքանակի վերաբերյալ, որոնք օգտագործելու միջոցով «Անասնահամաճարակների հետևանքով անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման» ազգային հանձնաժողովին և ապա՝ դատարան պահանջ են ներկայացրել փոխհատուցում ստանալու համար», վերացրել է Ավետիք Զուրաբյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 03.10.2008 թվականի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին» 16.03.2009 թվականի որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով, սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված որոշմամբ վերացվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի կողմից 03.10.2008 թվականին հաստատված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը, որը հիմք է ծառայել սույն գործով վճռի կայացման համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու հիմք է նաև նոր երևան եկած հանգամանքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Նոր երևան եկած հանգամանքի հիմքով Դատարանի վճռի բեկանման պայմաններում Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա չի դարձնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |