Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-1563

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1693/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ L. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ե. Խունդկարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Օլգա Տերոյանի, Վյաչեսլավ, Անուշ, Գուրգեն, Արտուշ, Մարինե, Դիաննա, Օլգա, Էլինե Տերոյանների` 27.12.1995 թվականի բնակարանի հատկացման պայմանագիրն անվավեր ճանաչելու, Կոտայքի մարզպետի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նախկին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության անունից կայացված «Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման» հանձնաժողովի 10.11.1999 թվականի թիվ 4 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, հայցվորներին 1988 թվականից բնակարանի կարիքավոր համարելու, դրա հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և նրա կազմում գործող միգրացիոն գործակալությանը հայցվորների հետ՝ որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի, բնակարանի հատկացման պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են անվավեր ճանաչել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջի վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված բնակարանի հատկացման պայմանագիրը, Կոտայքի մարզպետի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը, ինչպես նաև Կադաստրի կողմից Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ վերը նշված քոթեջի վերաբերյալ կատարված իրավունքի պետական գրանցումը, մասնակիորեն՝ իրենց մասով անվավեր ճանաչել «Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման» հանձնաժողովի 10.11.1999 թվականի թիվ 4 որոշումը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և Գործակալությանը պարտավորեցնել կնքելու բնակարանի հատկացման պայմանագիր` Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջի և նրան կից հողատարածքի վերաբերյալ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը:

Դատարանի 08.08.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու մասին դիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանի 24.09.2008 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1693/02/08 քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը վերանայելու պահանջի մասին միացվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը վերանայելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2002/02/08 քաղաքացիական գործին:

Դատարանի 26.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու պահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի պահանջները, նշված գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վիճելի թիվ 17աբ քոթեջը Տերոյանների ընտանիքի ինը անձից ութին անօրինական սեփականաշնորհվելու փաստն ապացուցվում է Օլգա Տերոյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությունում տրված 07.09.2005 թվականի բացատրությամբ այն մասին, որ վիճելի քոթեջում Տերոյանների ընտանիքը չի բնակվել՝ սեփականության իրավունքով այլ բնակարան ունենալու, ՀՀ-ից բացակայելու, ՌԴ քաղաքացի լինելու պատճառներով:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշման ուժով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի որոշման հիմքում դրված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճիռը չի կարող նախադատելի նշանակություն ունենալ, քանի որ այդ վճիռը հակասում է գործով ներկայացված ակնհայտ և անառարկելի ապացույցներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, ինչպես նաև նրանք պատշաճ կողմ չեն և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը (գ.թ. 149-151 հ. 1):

2) ՀՀ գլխավոր դատախազության կողմից Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանին հասցեագրված 01.12.2005 թվականի գրությամբ հայտնվել է, որ նրա դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ շարադրվել է վկա Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը ըստ որի՝ Օլգա Տերոյանի և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում՝ 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը, եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ թաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել (գ.թ. 84-94, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար,յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, նրանք պատշաճ կողմ չեն, և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը:

Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:

Մասնավորապես, բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել են ՀՀ Գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ վկա Օլգա Տերոյանը 07.09.2005 թվականին բացատրություն է տվել այն մասին, որ իր և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում՝ 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը, եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրությունը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի: Միաժամանակ, սույն գործում առկա չէ ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը և դրան կից ներկայացված «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» 30.11.2005 թվականի որոշումը բողոք բերողների կողմից իրենցից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Մասնավորապես, Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրության մասին բողոք բերած անձը տեղեկացվել է դեռևս ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությամբ, այսինքն` թիվ 08-1563 քաղաքացիական գործի քննության ընթացքում բողոք բերած անձանց հայտնի է եղել իրենց վկայակոչած հանգամանքը, սակայն դատարան չի ներկայացվել: Ընդ որում, բողոք բերած անձինք չեն նշել որևէ հիմնավորում այն մասին, որ այդ փաստը դատարան չի ներկայացվել իրենց կամքից անկախ պատճառներով:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդհոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը կամ այլ մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Վճռաբեկ դատարանը իր 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի «Սանթէ» ՍՊԸ-ի ըննդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին, և որոշել «Սանթէ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել և բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճիռը: Մինչդեռ Վերաքննի դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են նույն դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ բեկանվել է սույն գործի հետ որևէ առնչություն չունեցող Վերաքննիչ դատարանի 08.11.2007 թվականի վճիռը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումներըև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան