ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 17-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 25.08.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հունիսի 17-ին` Երևանում: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 11 հոդվածներից:
2. Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի ներդրողների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար` ինքնիշխան հավասարության և փոխշահավետության հիման վրա:
Համաձայնագրով տրամադրվում են երաշխիքներ`
-
կողմերի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար և հավասար վերաբերմունք ապահովելու,
-
կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանությունն ու կորուստների փոխհատուցումն ապահովելու,
-
կողմերի ներդրողների ներդրումներից ստացվող եկամուտների` կապիտալի ծագման երկիր, կամ այլ երկրներ ազատ փոխանցումն ապահովելու նպատակով:
3. Համաձայնագրով սահմանված են կողմերի և ներդրողների միջև վեճերի, համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանը վերաբերող վեճերի կարգավորման, ինչպես նաև համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման կարգերը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
խրախուսել և ստեղծել մյուս կողմի ներդրողների համար ներդրումներ կատարելու բարենպաստ պայմաններ,
-
մյուս կողմի ներդրողների նկատմամբ ցուցաբերել արդար և հավասար վերաբերմունք, ապահովել ներդրումների պատշաճ պաշտպանություն և ապահովություն` համաձայն ազգային օրենքների և կանոնակարգերի,
-
հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները ՀՀ տարածքում չենթարկվեն օտարման, սեփականազրկման կամ ազգայնացման: Դա կարող է տեղի ունենալ հասարակության և պետության կարիքների համար միայն բացառիկ դեպքերում, օրենքով սահմանված կարգով, անխտրականության հիման վրա ևհամարժեք փոխհատուցմամբ, որը պետք է վճարվի օտարման միջոցներ ձեռնարկող` ընդունող երկրի սահմանադրության և օրենքների համաձայն,
-
ապահովել Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների, համաձայնագրի ցանկով սահմանված միջոցների` առանց ուշացման փոխանցումներն օրենքների և կանոնակարգերի շրջանակներում,
-
ձեռնարկել միջոցներ, որպեսզի Պայմանավորվող կողմի ներդրողի ՀՀ տարածքում կատարած ներդրման հետ կապված ցանկացած վեճ կարգավորվի բարեկամաբար, խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Համաձայնության չհասնելու դեպքում մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է իրավունք ունենա վեճը ներկայացնելու ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան,
-
ապահովել, որ համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ կարգավորվի դիվանագիտական ուղիներով կատարվող խորհրդակցությունների միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 17-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|