ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0119/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0119/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Է. Մուրադյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Տ. Պետրոսյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լենա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Լենա Եղիազարյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Եղիազարյանի, Ժիրայր Հարությունյանի, երրորդ անձինք Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ Մարգարիտ Եղիազարյանի, Ժիրայր Հարությունյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լենա Եղիազարյանի, Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լենա Եղիազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարգարիտ Եղիազարյանի անվամբ 03.10.2007 թվականին տրված թիվ 10780 և թիվ 10781 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 37 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ Մարգարիտ Եղիազարյանի անվամբ 19.10.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, Մարգարիտ Եղիազարյանի և Ժիրայր Հարությունյանի միջև 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Ժիրայր Հարությունյանի անվամբ 05.11.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարգարիտ Եղիազարյանն ու Ժիրայր Հարությունյանը պահանջել են անվավեր ճանաչել Լենա Եղիազարյանին 27.11.2007 թվականին տրված թիվ 13425 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. անվավեր է ճանաչվել Երևանի առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Մարգարիտ Եղիազարյանի անվամբ 03.10.2007 թվականին տրված թիվ 10780 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Մնացած մասով հայցը մերժվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2009 թվականի որոշմամբ Լենա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.09.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լենա Եղիազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մարգարիտ Եղիազարյանը և Ժիրայր Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքները, որ բողոք բերած անձի հայր Լևոն Եղիազարյանը վիճելի բնակարանի սեփականատերերից մեկն է, մինչ մահը հաշվառվել է տվյալ հասցեում և նույն հաճախականությամբ, ինչ Մարգարիտ Եղիազարյանը, այցելել է այդ բնակարան, փաստացի տիրապետել է վիճելի գույքը և իր քրոջ հետ հավասարապես հոգ տարել գույքը պահպանելու համար: Լևոն Եղիազարյանը և Մարգարիտ Եղիազարյանը վիճելի բնակարանում չեն բնակվել, նրանք Սերյոժա Եղիազարյանի ժառանգությունն ընդունելու առումով միմյանց նկատմամբ որևէ առավելություն չեն ունեցել, երկուսն էլ փաստացի տիրապետման եղանակով ընդունել են հոր ժառանգությունը: Ինչ վերաբերում է գույքը պահպանելու հետ կապված ծախսերին, ապա վճարումներին Մարգարիտ Եղիազարյանից ոչ պակաս մասնակցություն է ունեցել նաև Լևոն Եղիազարյանը, սակայն, ինչպես հայտնի է, վճարման անդորրագրերի վրա նշվում է միայն սեփականատերերից մեկի անունը, ուստի նրա անունը չի նշվել:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները, 1225-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձի կամքից անկախ հանգամանքների բերումով նա զրկված է եղել ժառանգական գույքը պետական գրանցման ենթարկելու հնարավորությունից: Նշված հանգամանքը, սակայն, հիմք չէր հայցը մերժելու համար, քանի որ վիճելի գույքի բաժինը համարվում է ժառանգությունն ընդունած անձին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից: Նոտարի պնդմամբ ժառանգության իրավունքի վկայագրերը ժառանգներին պետք է տրամադրվեին նույն օրը: Այդ կապակցությամբ նոտարի 25.10.2007 թվականի գրությունը` որպես ժառանգության ընդունման հրավեր, բողոք բերած անձը հետադարձ ծանուցմամբ ուղարկել է Մարգարիտ Եղիազարյանին: Դրան հակառակ` նոտարի կողմից Մարգարիտ Եղիազարյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր են տրամադրվել ավելի վաղ` 03.10.2007 թվականին, քան բողոք բերած անձին, ինչի հետևանքով Մարգարիտ Եղիազարյանը գույքն ամբողջությամբ գրանցել է իր անվամբ և օտարել: Դրանով հաստատվում է, որ բողոք բերած անձը հնարավորություն չի ունեցել վերահսկել ժառանգության ընդունման համար դիմումին հաջորդող գործընթացը, այսինքն` զրկված է եղել իրեն պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից անկախ իր կամքից, դեռ ավելին` իր կամքին հակառակ:
Բացի այդ, սույն գործով չի վիճարկվում Ժիրայր Հարությունյանի գույքի բարեխիղճ ձեռք բերող լինելու հանգամանքը, սակայն այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ բողոք բերած անձի հայցը մերժելու համար, քանի որ վիճելի գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վճռաբեկ դատարանը 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշմամբ արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ` գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը չբավարարված մասով բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սերյոժա Եղիազարյանի մահից հետո Մարգարիտ Եղիազարյանը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգված գույքը և իր հաշվին կատարել է գույքը պահպանելու հետ կապված ծախսերը, ինչը հաստատվում է վճարման անդորրագրերով, համատիրության տեղեկանքով և հարևանների հայտարարությամբ: Բողոք բերած անձի հայր Լևոն Եղիազարյանն իր գործողություններով հրաժարվել է իրեն հասանելիք ժառանգական գույքից, քանի որ ժառանգության ընդունման հարցով չի դիմել նոտարական գրասենյակ և փաստացի չի տիրապետել ու կառավարել ժառանգական գույքը: Դրանից հետևում է, որ Սերյոժա Եղիազարյանի մահից հետո մնացած գույքը չի մտել Լևոն Եղիազարյանի ժառանգական զանգվածի մեջ, հետևաբար բողոք բերած անձը չէր կարող այն ժառանգել: Մարգարիտ Եղիազարյանը եղբոր մահից հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով դիմել է նոտարական գրասենյակ` ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, վկայագիրն ստանալուց հետո դրանից բխող իրավունքները գրանցել է կադաստրում: Օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավազորություններից` Մարգարիտ Եղիազարյանն իրեն պատկանող բնակարանը վաճառել է Ժիրայր Հարությունյանին: Վերջինս գույքի բարեխիղճ ձեռք բերող է, իսկ սույն գործով բացակայում են նրանից գույքը հետ պահանջելու պայմանները: Բողոք բերած անձի պնդումն այն մասին, թե Մարգարիտ Եղիազարյանը նշված բնակարանը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով, ակնհայտ անհիմն է: Բացի այդ, բողոք բերած անձն ընդունում է, որ կամ նոտարի, կամ իր անփութության պատճառով 21.05.2007 թվականին նոտարին ներկայացված դիմումում ժառանգական գույք հանդիսացող բնակարանի հասցեն սխալ է նշվել, սակայն տեղյակ լինելով դրանից ծագող բացասական հետևանքների մասին` բողոք բերած անձը կոնկրետ գործողությունների չի դիմել այդ հետևանքների կանխման և իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 19.02.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0129931 վկայականի համաձայն` Երևանի Տիգրան Մեծ փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Սերյոժա, Լևոն, Մարգարիտ Եղիազարյաններին (հ.1 գ.թ. 50-52):
2) Սերյոժա Եղիազարյանը Լևոն և Մարգարիտ Եղիազարյանների հայրն է, իսկ Լենա Եղիազարյանը` Լևոն Եղիազարյանի դուստրն է ( հ. 1, գ.թ. 34, 45, 32):
3) Սերյոժա Եղիազարյանը մահացել է 02.11.2005 թվականին, իսկ Լևոն Եղիազարյանը` 01.04.2007 թվականին (հ. 1, գ.թ. 40-41):
4) Լենա Եղիազարյանը 21.05.2007 թվականին դիմել է Կենտրոնի նոտարական գրասենյակ` հոր մահից հետո մնացած ժառանգության ընդունման հարցով, իսկ Մարգարիտ Եղիազարյանը հոր և եղբոր մահից հետո մնացած ժառանգության ընդունման հարցով նոտարական գրասենյակ է դիմել 29.05.2007 թվականին: Նոտարին հասցեագրած դիմումում Մարգարիտ Եղիազարյանը նշել է, որ բացի իրենից այլ ժառանգներ չկան (հ. 1, գ.թ. 20, 38):
5) Թիվ 2173 ժառանգական գործի շրջանակներում Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Մարգարիտ Եղիազարյանին 03.10.2007 թվականին տրվել են սեղանամատյանում թիվ 10780 և թիվ 10781 համարներով գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի` Սերյոժա Եղիազարյանին պատկանող 1/3 բաժնեմասի և Լևոն Եղիազարյանին պատկանող 1/3 բաժնեմասի նկատմամբ: Նույն ժառանգական գործի շրջանակներում Լենա Եղիազարյանին 27.11.2007 թվականին տրվել են սեղանամատյանում թիվ 13424 և թիվ 13425 համարներով գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի` Լևոն Եղիազարյանին պատկանող 1/3 բաժնեմասի, ինչպես նաև Լևոն Եղիազարյանի կողմից որպես Սերյոժա Եղիազարյանի ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունած ժառանգության 1/6 բաժնեմասի նկատմամբ (հ. 1, գ.թ. 39-40, 21-22):
6) Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի երեք բնակիչների, թաղային լիազորի հայտարարության, «Կենտրոն» համատիրության 27.02.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Սերյոժա Եղիազարյանի մահից հետո Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանը տիրապետել և տան հետ կապված ծախսերը կատարել է Մարգարիտ Եղիազարյանը, իսկ Լևոն Եղիազարյանը 1985 թվականից չի բնակվել այդ բնակարանում և չի տիրապետել ու կառավարել այն (հ. 2, գ.թ. 19, 22): Սույն գործում առկա չէ Լևոն Եղիազարյանի կողմից Սերյոժա Եղիազարյանի ժառանգության ընդունման համար ակտիվ գործողություններ կատարելու և գույքը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ որևէ ապացույց:
7) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման 03.12.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ 19.10.2007 թվականին կատարվել է Մարգարիտ Եղիազարյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (հ. 1, գ.թ. 53):
8) 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Մարգարիտ Եղիազարյանը Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանը վաճառել է Ժիրայր Հարությունյանին 9.750.000 (ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով, որի սեփականության իրավունքը, ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2481329 վկայականի, գրանցվել է 05.11.2007 թվականին (հ. 2, գ.թ. 10, 7-9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Վճռաբեկ դատարանը իր 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ) որոշմամբ անդրադարձել է փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման հարցին և արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1126-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե ոչ, և արդյոք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար:
Սույն գործի փաստերի համաձայն` Սերյոժա Եղիազարյանի մահից հետո Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանը տիրապետել և տան հետ կապված ծախսերը կատարել է Մարգարիտ Եղիազարյանը, իսկ Լևոն Եղիազարյանը 1985 թվականից չի բնակվել այդ բնակարանում և չի տիրապետել ու կառավարել այն, սույն գործում առկա չէ Լևոն Եղիազարյանի կողմից Սերյոժա Եղիազարյանի ժառանգության ընդունման համար ակտիվ գործողություններ կատարելու և գույքը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ որևէ ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերյոժա Եղիազարյանի մահից հետո մնացած ժառանգական գույքը փաստացի տիրապետել ու կառավարել է Մարգարիտ Եղիազարյանը, այսինքն` փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Եղիազարյանի ժառանգության բացման ժամանակ վիճելի բնակարանի` Սերյոժա Եղիազարյանին պատկանող 1/3 բաժինը ժառանգության զանգվածի մեջ չի մտել, և Լենա Եղիազարյանն այդ բաժնի նկատմամբ որևէ իրավունք չունի:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`
1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,
2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,
3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տես՝ Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը):
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքն անվավեր է` նույն oրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից oգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն oրենքով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, հանգել է այն հետևության, որ Լենա Եղիազարյանը վիճելի գույքի նկատմամբ որևէ իրավունք չի ունեցել` սեփականության իրավունքի պետական գրանցում չկատարելու պատճառով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշելով, որ Մարգարիտ Եղիազարյանի կողմից վիճելի գույքի օտարումը կատարվել է օրենքի սահմաններում, ինչպես նաև հաստատված համարելով, որ Ժիրայր Հարությունյանը վիճելի գույքի բարեխիղճ ձեռքբերող է, հանգել է այն հետևության, որ սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ բացակայում են բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ պահանջելու համար օրենքով սահմանված պայմանները:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Լևոն Եղիազարյանը մահացել է 01.04.2007 թվականին, Լենա Եղիազարյանը 21.05.2007 թվականին դիմել է Կենտրոնի նոտարական գրասենյակ հոր՝ Լևոն Եղիազարյանի մահից հետո մնացած ժառանգությունն ընդունելու հարցով: 27.11.2007 թվականին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 37 շենքի թիվ 12 բնակարանի 1/3 մասի նկատմամբ Լենա Եղիազարյանը ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Մարգարիտ Եղիազարյանը 29.05.2007 թվականին դիմել է նոտարական գրասենյակ` հոր և եղբոր մահից հետո մնացած ժառանգության ընդունման համար և 03.10.2007 թվականին ստացել է թիվ 10780 և թիվ 10781 համարներով գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի` Սերյոժա Եղիազարյանին պատկանող 1/3 բաժնի և Լևոն Եղիազարյանին պատկանող 1/3 բաժնի նկատմամբ: Դրա հիման վրա 19.10.2007 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով Մարգարիտ Եղիազարյանը վիճելի բնակարանը վաճառել է Ժիրայր Հարությունյանին, որի սեփականության իրավունքը գրանցվել է 05.11.2007 թվականին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լենա Եղիազարյանը, հոր՝ Լևոն Եղիազարյանի մահից հետո մնացած ժառանգության ընդունման հարցով 21.05.2007 թվականին դիմելով Կենտրոնի նոտարական գրասենյակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վիճելի բնակարանի 1/3 մասի սեփականատերն է՝ անկախ այդ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի 1/3 մասի նկատմամբ Մարգարիտ Եղիազարյանի սեփականատեր չլինելու պայմաններում, նրա անվամբ 19.10.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն այդ մասով անվավեր է:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Մարգարիտ Եղիազարյանը վիճելի գույքն օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն վիճելի գույքի 1/3 մասն օրենքի ուժով Լենա Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանելու պայմաններում այն օտարելու իրավունք չի ունեցել, ուստի գույքի օտարմամբ Լենա Եղիազարյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարգարիտ Եղիազարյանի և Ժիրայր Հարությունյանի միջև 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր է, ուստի անվավեր է նաև տվյալ պայմանագրից ծագած՝ Ժիրայր Հարությունյանի անվամբ 05.11.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2009 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ Լենա Եղիազարյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ 1/3 մասով անվավեր ճանաչել Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ Մարգարիտ Եղիազարյանի անվամբ 19.10.2007 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել Մարգարիտ Եղիազարյանի և Ժիրայր Հարությունյանի միջև 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ Ժիրայր Հարությունյանի անվամբ 05.11.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Որպես 01.11.2007 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք՝ Ժիրայր Հարությունյանին պարտավորեցնել վերադարձնելու Երևանի Տիգրան Մեծի փողոցի 37 շենքի թիվ 12 բնակարանը, իսկ Մարգարիտ Եղիազարյանին պարտավորեցնել Ժիրայր Հարությունյանին վերադարձնելու պայմանագրով ստացած 9.750.000 (ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը:
2. Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |