ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0168/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0168/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Ե. Խունդկարյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Մ. Դրմեյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանի ընդդեմ «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ռուբինա Մուրադյանի, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի, Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանի՝ տնօրենի պարտականությունները դադարեցնելու, 28.09.2007 թվականի համաձայնագիրն անվավեր ճանաչելու, գումար և տոկոսներ բռնագանձելու, զբաղեցրած տարածքից անհատ ձեռնարկատիրոջը վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գայանե Մուրադյանը պահանջել է դադարեցնել Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի գործառույթները և այն փոխանցել Ընկերության մասնակից Գայանե Մուրադյանին, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև Ընկերության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով նոր տնօրենի նշանակումը, Ռուբինա Մուրադյանին պարտավորեցնել հաշվարկելու և վճարելու Երևանի Տիգրան Մեծի 12-րդ շենք հասցեում գտնվող նկուղային տարածքի վարձակալության պայմանագրով սահմանված գումարի՝ Գայանե Մուրադյանի հասանելիք մասը, անվավեր ճանաչել Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված 28.09.2007 թվականի համաձայնագիրը, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին վտարել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Տիգրան Մեծի 12-րդ շենք հասցեում գտնվող նկուղային տարածքից, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանից բռնագանձել 2.286.750 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը՝ որպես չկատարված ներդրումային պարտավորություն, 120.000 ՀՀ դրամը՝ որպես կետանցի տոկոսներ, 166.750 ՀՀ դրամը՝ որպես 2008 թվականի հունվար ամսվա համար Գայանե Մուրադյանի մասով չտրված վարձավճարը, ինչպես նաև շարունակել նշված տոկոսների և վարձավճարի բռնագանձումը 2008 թվականի փետրվար ամսից մինչև անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի կողմից 2.000.000 ՀՀ դրամի մասով պարտավորության փաստացի կատարումը և զբաղեցրած տարածքից փաստացի վտարումը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.07.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել հետևյալ կերպ. «Ընկերության մասնակից Գայանե Մուրադյանի հայցն ընդդեմ Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի՝ Ընկերության տնօրենի գործառույթները, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Գայանե Մուրադյանին փոխանցելու, 28.09.2007 թվականի համաձայնագիրն անվավեր ճանաչելու, 2.286.750 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի տնօրենի գործառույթները դադարեցնելու, վիճելի տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Տիգրան Մեծի 12-րդ շենք հասցեում գտնվող նկուղային տարածքից անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին վտարելու պահանջների մասով, քաղաքացիական գործի վարույթը կարճել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության մասնակից Գայանե Մուրադյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, որի հետևանքով սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 24-րդ, 35-37-րդ, 43-րդ, 45-47-րդ հոդվածները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի վճռով ամրագրվել է, որ Գայանե Մուրադյանն Ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ 28.09.2007 թվականի համաձայնագրի կնքումով խախտվել են ինչպես Ընկերության, այնպես էլ Ընկերության մասնակից Գայանե Մուրադյանի իրավունքները, որովհետև Ընկերության շահերից չի բխում նման չնչին վարձավճարով գործարքի կնքումը: Ռուբինա Մուրադյանը հնարավորություն չի տվել Գայանե Մուրադյանին մասնակցելու Ընկերության կառավարմանը, վերջինիս բազմաթիվ գրավոր նամակները՝ հրավիրել ընդհանուր ժողով, լուծել Ընկերության ընթացիկ հարցերը, մնացել են անպատասխան, իսկ Վերաքննիչ դատարանն էլ բավարար ուշադրություն չի դարձրել այդ փաստերին:
Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով Ռուբինա Մուրադյանի՝ Ընկերության միակ մասնակիցը լինելու հանգամանքը, իր բոլոր եզրահանգումները բխեցրել է այդ փաստից, որից ելնելով էլ սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Վերաքննիչ դատարանն իր դատողությունները պետք է բխեցներ այն փաստից, որ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող գումարը հանդիսանում է Ընկերությանը պատկանող անշարժ գույքի անվանական արժեքը, որ կանոնադրական կապիտալը բաժանված է երկու հավասար բաժնեմասերի և որ Ընկերությունն ունի փաստացի և իրավաբանորեն ձևակերպված երկու մասնակից։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ցանկացած գործունեություն պետք է կատարվի Ընկերության մասնակիցների համաձայնությամբ, այնինչ Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն փաստը, որ Ռուբինա Մուրադյանը չի ունեցել 28.09.2007 թվականի համաձայնագրի կնքման լիազորություն։
Անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանը, տեղյակ լինելով Ընկերության մասնակիցների միջև տարածքի վարձակալության հետ կապված վեճի մասին, գործով ներգրավված լինելով որպես պատասխանող, վաղօրոք իմանալով, որ Գայանե Մուրադյանը Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, 09.01.2007 թվականին կնքած վարձակալության պայմանագրի ժամկետի լրանալուց 3 ամիս առաջ, մեկ այլ դատաքննության ընթացքում վաղաժամ երկարացրել է վիճելի տարածքի վարձակալության պայմանագիրը, որով տարածքի վարձավճարի չափը սահմանվել է շատ ցածր։
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել պատասխանող նոտար Աիդա Աբրահամյանի գործողություններին, քանի որ նոտարն իրավասու չէր հաստատել 28.09.2007 թվականի համաձայնագիրն առանց Գայանե Մուրադյանի մասնակցության, որպիսի պայմաններում համաձայնագրի վավերացումը չի բխել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջից։
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եկել է եզրահանգման, որ վիճելի տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին տարածքից վտարելու և Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները դադարեցնելու մասով գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ այդ պահանջների մասով առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր՝ ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի թիվ Տ-1534 վճիռը, ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի թիվ Տ-1980 վճիռը: Այնինչ նշված դատական ակտերը վերաբերել են 09.01.2007 թվականին կնքված տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելուն և այդ հիմքով անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին տարածքից վտարելուն, ինչպես նաև տնօրենի պարտականությունները դադարեցնելուն, իսկ սույն գործով քննարկվող հայցապահանջի հիմքում դրվել է 28.09.2007 թվականի համաձայնագիրն անվավեր ճանաչելու և այդ հիմքով անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին տարածքից վտարելու հանգամանքները, որպիսի պարագայում ներկայացված հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա չէր կարճման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 11.07.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության կանոնադրության համաձայն՝ 05.04.1999 թվականին պետական գրանցում է ստացել «Ռուբինա Մուրադյան» անհատական ձեռնարկության իրավահաջորդ Ընկերությունը 9.515.157 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով: Ընկերության տնօրենն է Ռուբինա Մուրադյանը:
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավարի 21.01.2008 թվականի թիվ ԵԼ-263 գրության համաձայն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտայի 12-րդ շենքի 47,58 քմ մակերեսով նկուղային տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:
3) Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 09.01.2007 թվականին կնքվել է տարածքի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ վարձատուն ամսական 120.000 ՀՀ դրամ վարձավճարով պարտավորվում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտայի 12-րդ շենքի 47,58 քմ մակերեսով նկուղային տարածքը: Պայմանագրի 2.3 կետի համաձայն՝ վարձակալը պարտավորվել է նաև կատարել շինարարական, վերանորոգման աշխատանքներ վարձատուի հետ նախապես համաձայնեցված պլանի համաձայն: Պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 01.01.2007 թվականից մինչև 31.12.2007 թվականը:
Միաժամանակ, Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 28.09.2007 թվականին կնքվել է «09.01.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրում կետի փոփոխություն մտցնելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ փոփոխվել է վարձակալության պայմանագրի 10-րդ կետը հետևյալ բովանդակությամբ. «վարձակալության պայմանագրի ժամկետը սահմանվում է 01.01.2007 թվականից և գործում է մինչև 31.12.2008 թվականը»:
Նշված վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթարկվել են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում:
4) ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի թիվ Տ-1534 վճռով մերժվել է Գայանե Մուրադյանի հայցն ընդդեմ Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Աբրահամյանի՝ 09.01.2007 թվականի տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին Ընկերության սեփականությունը հանդիսացող՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտայի 12-րդ շենքի 47,58 քմ մակերեսով նկուղային տարածքից վտարելու և Ռուբինա Մուրադյանից և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանից 651.600 ՀՀ դրամ՝ որպես Ընկերությանը վարձավճար չվճարելու հետևանքով իրեն պատճառված վնասի գումար բռնագանձելու պահանջների մասին: Նշված վճռով հաստատվել է այն փաստական հանգամանքը, որ Գայանե Մուրադյանը և Ռուբինա Մուրադյանը հանդիսանում են «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակիցներ՝ 50-ական տոկոս բաժնեմասերով:
5) ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի թիվ Տ-1980 վճռի համաձայն՝ ՀՀ տնտեսական դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբինա Մուրադյանի ընդդեմ Գայանե Մուրադյանի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին, և ըստ Գայանե Մուրադյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռուբինա Մուրադյանի՝ մասնակցին ընկերությունից հեռացնելու, գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները դադարեցնելու, Ընկերության կանոնադրության փոփոխությունը գրանցելու համար Ռուբինա Մուրադյանին պետական ռեգիստր ներկայանալուն պարտավորեցնելու պահանջների մասին, հաստատել է կողմերի միջև կնքած հաշտության համաձայնությունը, համաձայն որի՝ Ռուբինա Մուրադյանը պարտավորվել է «Գայանե Մուրադյանի ներկայացված պահանջի համաձայն օրենքով սահմանված կարգով հաստատել Ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ նպատակ հետապնդելով կանոնադրության մեջ պատշաճ կարգով ամրագրել մասնակիցներ Գայանե և Ռուբինա Մուրադյանների անուններով հավասար փայաբաժինները (50 x 50), հետևաբար գալու ՀՀ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ստորագրելու և կնքելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ կապված սույն պարտավորության կատարման հետ», իսկ Գայանե Մուրադյանը հրաժարվել է Տ-1980 քաղաքացիական գործով ներկայացված իր պահանջներից և ընդունել է հաշտության համաձայնությամբ Ռուբինա Մուրադյանի ստանձնած պարտավորության կատարումը:
6) Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 19.12.2007 թվականի թիվ 1 արձանագրության հիմքով 26.12.2007 թվականին պետական գրանցման է ենթարկվել Ընկերության կանոնադրության փոփոխությունը, համաձայն որի՝ Ընկերության մասնակիցներն են 50-ական տոկոս բաժնեմասերով Ռուբինա Մուրադյանը և Գայանե Մուրադյանը (Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 19.12.2007 թվականի թիվ 1 արձանագրությունը և Ընկերության կանոնադրության փոփոխությունը ներկայացվել են բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
1.1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելիս և փոփոխելիս հաստատված է համարել և իր եզրահանգումները կառուցել է այն փաստական հանգամանքի վրա, որ Ընկերության միակ մասնակիցը (100 տոկոս բաժնեմասով) Ռուբինա Մուրադյանն է: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստի հաստատումը ապացույցների ոչ բազմակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ հետազոտության, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջի խախտման արդյունք է:
Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի թիվ Տ-1534 վճիռը (կայացված նույն կողմերի միջև հարուցված քաղաքացիական գործով), որով հաստատվել էր այն փաստական հանգամանքը, որ Գայանե Մուրադյանը և Ռուբինա Մուրադյանը «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակիցներ են՝ 50-ական տոկոս բաժնեմասերով, ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի թիվ Տ-1980 վճիռը (կայացված նույն կողմերի միջև հարուցված քաղաքացիական գործով), որով Ռուբինա Մուրադյանն ընդունել էր Գայանե Մուրադյանի՝ 50 տոկոս բաժնեմասով Ընկերության մասնակից լինելու հանգամանքը, ինչը հիմք ընդունելով դատական կարգով կնքել էր հաշտության համաձայնություն Գայանե Մուրադյանի հետ: Ավելին, նշված հանգամանքները հաստատվում են նաև Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 19.12.2007 թվականի թիվ 1 արձանագրությամբ և Ընկերության կանոնադրության փոփոխությամբ, համաձայն որոնց՝ Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 19.12.2007 թվականի թիվ 1 արձանագրության հիմքով 26.12.2007 թվականին պետական գրանցման է ենթարկվել Ընկերության կանոնադրության փոփոխությունն այն մասին, որ Ընկերության մասնակիցներ են հանդիսանում 50-ական տոկոս բաժնեմասերով Ռուբինա Մուրադյանը և Գայանե Մուրադյանը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոշարադրյալ հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում:
1.2) Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ Գայանե Մուրադյանի՝ Ընկերության մասնակից լինել կամ չլինելու փաստից, սույն գործով հայցվորի պահանջները ենթակա չեն բավարարման, իսկ վճռաբեկ բողոքի սույն հիմքի մյուս հիմնավորումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության հետ կապված վնասների ռիսկը:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների իրավունքները, համաձայն որի` նրանք իրավունք ունեն՝ ա) նույն oրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը, բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ, գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ oրենքով սահմանված շահույթի մասը, դ) oրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) oտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց, ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից, զ) ընկերության լուծարման դեպքում oրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից: Ընկերության մասնակիցներն ունեն նաև oրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Սույն գործով Գայանե Մուրադյանի կողմից ներկայացվել են հինգ հայցապահանջներ, որոնք Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գնահատել է բավարարման ոչ ենթակա հետևյալ պատճառաբանությամբ.
1. Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի գործառույթները դադարեցնելու և այդ գործառույթները Ընկերության մյուս մասնակից Գայանե Մուրադյանին փոխանցելու պահանջի մասով.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր ժողովի իրավասությունները որոշվում են ընկերության կանոնադրությամբ՝ նույն oրենքին համապատասխան, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններն են՝ ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ընկերության գործադիր մարմինների ձևավորման և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերի քննարկումը ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունն է:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության ընդհանուր ժողովի 30.03.1999 թվականի թիվ 2 որոշման և Ընկերության պետական գրանցման 03 Ա թիվ 062777 վկայականի թիվ 001 ներդիրի համաձայն՝ Ընկերության տնօրեն է նշանակվել Ռուբինա Մուրադյանը: Միաժամանակ, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և նոր տնօրենի նշանակման հարցը քննարկվել է Ընկերության ընդհանուր ժողովում:
Բացի այդ, ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի թիվ Տ-1980 վճռի համաձայն՝ ՀՀ տնտեսական դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբինա Մուրադյանի ընդդեմ Գայանե Մուրադյանի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին, և ըստ Գայանե Մուրադյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռուբինա Մուրադյանի՝ մասնակցին ընկերությունից հեռացնելու, գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները դադարեցնելու, Ընկերության կանոնադրության փոփոխությունը գրանցելու համար Ռուբինա Մուրադյանին պետական ռեգիստր ներկայանալուն պարտավորեցնելու պահանջների մասին, հաստատել է կողմերի միջև կնքած հաշտության համաձայնությունը և կարճել է նշված քաղաքացիական գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուբինա Մուրադյանի՝ որպես ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունները դադարեցնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման նաև այն հիմքով, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ առկա է ՀՀ տնտեսական դատարանի 04.12.2007 թվականի թիվ Տ-1980 վճիռը:
2. Վարձակալության պայմանագրով սահմանված վճարի՝ Գայանե Մուրադյանին հասանելիք բաժինը հաշվարկելուն և վճարելուն Ռուբինա Մուրադյանին պարտավորեցնելու պահանջի մասով.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն նաև մասնակցել ընկերության կառավարմանը, ինչպես նաև ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ oրենքով սահմանված շահույթի մասը:
Նույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև, և շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից: Ընդ որում, բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև՝ ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ միայն Ընկերության մասնակիցն իրավունք ունի ստանալ ընկերության գործունեությունից օրենքով սահմանված շահույթի մասը, որն էլ որոշվում է ընդհանուր ժողովի կողմից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ շահույթի բաշխման վերաբերյալ ընկերության ընդհանուր ժողովի կողմից որոշում չի կայացվել:
Վերը նշված նորմը և փաստական հանգամանքը հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանն իրավացի կերպով պատճառաբանել է, որ «Գայանե Մուրադյանի պահանջը վարձակալության պայմանագրով սահմանված գումարի կեսը բռնագանձելու մասով անհիմն է, քանի որ գույքի վարձակալության դիմաց Ընկերության ստացած վճարը դեռևս շահույթ չէ»:
3-4. Վարձակալության պայմանագրով սահմանված ու չկատարված ներդրումները, վարձավճարի գումարները և բանկային տոկոսները անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանից բռնագանձելու, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին Ընկերությանը պատկանող նկուղային տարածքից վտարելու պահանջների մասով.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների իրավունքները:
Սույն գործի փաստերից հետևում է, որ 09.01.2007 թվականին և 28.09.2007 թվականին անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը կնքել է Ընկերությունը, որով վարձակալության է հանձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարձակալության հանձնված գույքից ստացված գումարները Ընկերության դրամական միջոցներն են, ուստիև նշված գումարների բռնագանձման պահանջով դատարան կարող է դիմել միայն Ընկերությունը, և նշված պահանջով Գայանե Մուրադյանը պատշաճ հայցվոր չէ: Բացի այդ, անհատ ձեռնարկատիրոջ հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում Ընկերությունը, քանի որ վարձակալության պայմանագրով հանձնված գույքը պատկանում է Ընկերությանը, այլ ոչ թե Գայանե Մուրադյանին, ուստիև միայն Ընկերությունը կարող է իր գույքը հետ պահանջել ուրիշի տիրապետումից:
5. Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված 28.09.2007 թվականի համաձայնագիրը (վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասով.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր է համարվում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ընկերության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսից ավելին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ խոշոր գործարքի այլ չափ: Խոշոր չեն ճանաչվում այն գործարքները, որոնք կատարվում են ընկերության առօրյա տնտեսական գործունեության ընթացքում:
Ընկերության կանոնադրության 7.6-րդ կետով սահմանվել է Ընկերության տնօրենի իրավասության սահմանները, համաձայն որի՝ Ընկերության տնօրենն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, բացի այդ իրականացնում է ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող, Ընկերության կանոնադրությամբ իրեն վերապահված կամ ընկերության ընդհանուր ժողովի կողմից տրված այլ լիազորություններ և հանձնարարություններ:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 09.01.2007 թվականին կնքվել է տարածքի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ վարձատուն ամսական 120.000 ՀՀ դրամ վարձավճարով պարտավորվել է մեկ տարի ժամկետով վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտայի 12-րդ շենքի 47,58 քմ մակերեսով նկուղային տարածքը: Միաժամանակ Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 28.09.2007 թվականին կնքվել է «09.01.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրում կետի փոփոխություն մտցնելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2008 թվականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գայանե Մուրադյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության տնօրենի կողմից կատարվել է խոշոր գործարք, ինչպես նաև այն, որ վարձավճարի գումարը գերազանցում է Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը: Ավելին, սույն գործով հիմնավորվել է, որ Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանն ընկերության գույքը չի օտարել, Ընկերության համար գույք չի գնել, այլ Ընկերության անունից կնքել է Ընկերությանը պատկանող գույքի վարձակալության պայմանագիր:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի թիվ Տ-1534 վճռով մերժվել է Գայանե Մուրադյանի հայցն ընդդեմ Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա. Աբրահամյանի՝ 09.01.2007 թվականի տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին Ընկերության սեփականությունը հանդիսացող՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտայի 12-րդ շենքի 47,58 քմ մակերեսով նկուղային տարածքից վտարելու և Ռուբինա Մուրադյանից և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանից 651.600 ՀՀ դրամ՝ որպես Ընկերությանը վարձավճար չվճարելու հետևանքով իրեն պատճառված վնասի գումար բռնագանձելու պահանջների մասին: Այսինքն՝ նշված քաղաքացիական գործով քննարկվող հայցի փաստական և իրավական հիմքն է հանդիսացել Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 09.01.2007 թվականին կնքված տարածքի վարձակալության պայմանագիրն օրենքի պահանջներին հակասելու հիմքով անվավեր հանդիսանալը, որպիսի հիմքով և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին վարձակալված տարածքից վտարելու եղանակով անվավերության հետևանքներ կիրառելը:
Իսկ սույն գործով քննարկվող հայցի փաստական և իրավական հիմքն է հանդիսացել Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 28.09.2007 թվականին կնքված համաձայնագիրն օրենքի պահանջներին հակասելու հիմքով անվավեր հանդիսանալը, որպիսի հիմքով և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին վարձակալված տարածքից վտարելու եղանակով անվավերության հետևանքներ կիրառելը:
Այսինքն՝ սույն գործով հայցի հիմքը կազմող տարրերից մեկը՝ հայցի փաստական հիմքը, տարբերվում է ՀՀ տնտեսական դատարանի 29.05.2007 թվականի թիվ Տ-1534 վճռով լուծում ստացած վեճի փաստական հիմքերից, հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Տիգրան Մեծի 12-րդ շենք հասցեում գտնվող նկուղային տարածքից անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանին վտարելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթի կարճումը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից: Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ բաժնի 1.2-րդ կետի 3-4-րդ ենթակետում ներկայացված պատճառաբանությունները, գտնում է, որ նշված պահանջի մասով «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանի հայցը ենթակա էր մերժման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանն առաջին ատյանի դատարանում ներկայացրել է Ընկերության տնօրեն Ռուբինա Մուրադյանի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված 28.09.2007 թվականի համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջ, և ոչ ամենևին Ընկերության՝ որպես վարձատուի և անհատ ձեռնարկատեր Մարինե Գալստյանի՝ որպես վարձակալի միջև 09.01.2007 թվականին կնքված տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որպիսի պարագայում անհիմն է չներկայացված պահանջի մասով՝ 09.01.2007 թվականին կնքված տարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասով Վերաքննիչ դատարանի կողմից քաղաքացիական գործի վարույթը կարճելու դատավարական գործողության կատարումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել.
«Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբինա Մուրադյանի՝ որպես տնօրենի գործառույթները դադարեցնելու և այդ գործառույթները «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանին փոխանցելու վերաբերյալ «Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանի հայցապահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
«Ռուբինա Մուրադյան» ՍՊԸ-ի մասնակից Գայանե Մուրադյանի հայցապահանջները մնացած մասերով մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |