Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.38
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ 1/0097/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ 1/0097/05/08

2009թ.

Դատավոր՝ Հ. Հովհաննիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)՝ 29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 29.08.2008 թվականի թիվ 2314237 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ և 114-րդ հոդվածները: Չի կիրառել Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ու 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 43-րդ հոդվածի 4-րդ կետը, 46-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը և 19-րդ հոդվածի 11-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտում չեն նկարագրվել այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը և հղում՝ համապատասխան փաստաթղթերին:

Դատարանը վկայակոչել է միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ կետը և հղում կատարել նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին,որով սահմանվում է վարչական պատասխանատվություն սահմանող սանկցիա՝ նախատեսելով տուգանք իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

Ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ կետի 10-րդ ենթակետին, ապա այն միայն նախատեսում է, որ լիցենզավորման է ենթակա այն գործունեության տեսակը, որը վերաբերում է ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարմանը, այդ թվում՝ օգտագործմանը: Հիշատակված իրավական նորմը չի պարունակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար նախատեսված և չկատարված որևէ պարտականություն՝ սահմանելով միայն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները:

Վիճարկվող ակտով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ուժով Տեսչությունն Ընկերության նկատմամբ տուգանք է հաշվարկել 5.768.600 ՀՀ դրամի չափով: Սակայն, Տեսչության ղեկավարի կամ Տեսչության համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի կողմից չի ընդունվել հարկ վճարողի հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) մասին համապատասխան որոշում (եզրակացություն):

Բացի այդ, Տեսչության կողմից վիճարկվող ակտում ընդհանուր ձևով հիշատակվել են Ընկերության ներկայացրած հաշվետվությունները և կատարողականները՝ առանց կոնկրետ հղում կատարելու համապատասխան փաստաթղթերին, ինչպես նաև ստուգվող ժամանակաշրջանում առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված հասույթը՝ 11.537.300 ՀՀ դրամ, որի հաշվարկման վերաբերյալ ստուգողները նույնպես որևէ ուսումնասիրություն չեն կատարել:

Տվյալ 11.537.300 ՀՀ դրամ գումարը որևէ կերպ չի հիմնավորվել ստուգողների կողմից, և Դատարանն իր հերթին նույնպես չի անդրադարձել տվյալ փաստին: Ստուգման ակտին որևէ փաստաթուղթ չի կցվել:

Ակտում չի նշվել Ընկերության կատարած խախտման կոնկրետ ժամանակաշրջանը, հիշատակվել է միայն «ստուգվող ժամանակաշրջանը»: Այնինչ, ստուգման ժամանակաշրջանի սկիզբ է սահմանվել 21.07.2004 թվականը, իսկ ավարտ՝ 29.08.2008 թվականը:

Դատարանը հաստատված է համարել Տեսչության կողմից ակտը եռօրյա ժամկետում Ընկերությանը ներկայացնելու պարտականության խախտում և նշել է, որ այնուամենայնիվ Ընկերությունն այն ստացել է և բողոքարկել դատարան: Ավելին՝ Դատարանը նշել է նաև, որ ակտը ստացել է նաև Ընկերության պետական կառավարման մարմին հանդիսացող Սյունիքի մարզպետարանը, քանի որ վերջինս բողոք է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Մինչդեռ, գործում առկա է միայն Տեսչության 01.09.2008 թվականի թիվ 848 գրությունը՝ հասցեագրված Ընկերությանը, և առկա չէ որևէ ապացույց Տեսչության կողմից պետական կառավարման վերադաս մարմնին վիճելի ակտի մեկ օրինակը ուղարկելու մասին:

Բացի վերոգրյալը, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միաձուլման արդյունքում Ընկերությանն են անցել նրանցից յուրաքանչյուրի ինչպես պարտականությունները, այնպես էլ իրավունքները, այդ թվում՝ 2003 և 2007 թվականներին իրավասու պետական մարմինների կողմից տրված լիցենզիաներով նախատեսված իրավունքները, այդ թվում՝ ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման օգտագործման բնագավառում իրավունքները:

Պետք է նշել նաև, որ Ընկերությունը «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որտեղ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի կողմից արձանագրվել էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջի խախտում, որի համաձայն ընկերությունը 01.10.2002 թվականից մինչև 25.01.2006 թվականն ընկած ժամանակահատվածում առանց լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն էր իրականացրել: 24.08.2006 թվականին կազմվել է թիվ 1016654 ստուգման ակտը, որով վճարման է առաջադրվել 28.119.600 դրամ, որը բռնագանձելու պահանջ էր ներկայացվել ՀՀ տնտեսական դատարան: ՀՀ տնտեսական դատարանի 04.07.2007 թվականի վճռով անվավեր է ճանաչվել վերոհիշյալ ստուգման ակտը և մերժվել ներկայացված հայցապահանջը:

Տեսչության 29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտի ընդունմամբ խախտվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջները:

Ավելին, 2003 թվականի հնարավոր խախտումների նկատմամբ կիրառելի են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածով նախատեսված վերջին երեք տարվա վաղեմության ժամկետը, որը դատարանը չի կիրառել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ և 114-րդ հոդվածները չեն խախտվել:

Բողոք բերող անձի իրավական դիրքորոշումը չի բխում օրենքից, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն ստուգման ակտում նկարագրվել են արձանագրված խախտումները, իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել:

Բողոք բերողի իրավական դիրքորոշումը սխալ է, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է ոչ թե վարչական պատասխանատվություն սահմանող սանկցիա, այլ օրենսդրությունը խախտելու համար հարկային տուգանք:

Բողոք բերողի կողմից սխալ է մեկնաբանվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները: Ստուգողների կողմից անհրաժեշտություն չլինելու պատճառով չի կիրառվել նշված հոդվածը և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը, եթե հարկ վճարողը չի ներկայացնում «...հաշվապահական հաշվառման, նաև այլ հաշվառման փաստաթղթերը,»: Սակայն ստուգման ընթացքում հայցվորի կողմից տրամադրվել են բոլոր փաստաթղթերը, հաշվարկվել են իրացման շրջանառության ծավալները, իսկ ստուգող տեսուչները նշված փաստաթղթերի և կատարողական փաստաթղթերի հիման վրա հաշվարկել են տուգանքը: Նշված փաստի առթիվ առկա է Վճռաբեկ դատարանի 2006 թվականի թիվ 3-2388 նախադեպային որոշումը, որի համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը կիրառելի է, եթե տվյալները բավարար չեն իրացման շրջանառությունը որոշելու համար: Նշված հարցը Դատարանում չի քննարկվել և Ընկերության կողմից միջնորդություն և առարկություն չի ստացվել: Գումարի չափի վերաբերյալ հայցվոր կողմը դատարանում առարկություն չի ներկայացրել: Հետևաբար, դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում չի արձանագրվել և պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջները:

Ստուգման ակտում նշված է խախտումը կատարելու վերջին ժամկետը՝ 28.08.2007 թվականը, երբ հայցվոր կողմը ստացել է համապատասխան լիցենզիան: Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586(ՏԴ), 28.09.2006 թվականի թիվ 3-1772 և 3-1831(ՏԴ) նախադեպային որոշումները կիրառելի չեն սույն վարչական գործի համար: Հայցվորի կողմից հայցադիմումի մեջ նշված չէ վաղեմության ժամկետի հարցը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Տեսչության կողմից չի խախտվել: Ստուգման ակտը ստացել է ՀՀ Սյունիքի մարզպետարանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միաձուլման արդյունքում 05.09.2007 թվականին գրանցվել է Ընկերությունը:

2. 07.07.2008 թվականին հրապարակվել է թիվ 2314237 հանձնարարագիրը, որը Ընկերությանն է հանձնվել 16.08.2008 թվականին:

3. Ըստ վիճարկվող ակտի ստուգումը փաստացի սկսվել է 18.08.2008 թվականին և ավարտվել է 29.08.2008 թվականին:

4. Ստուգումն ընդգրկել է 21.07.2004 թվականից մինչև ստուգման ավարտը՝ 29.08.2008 թվականն ընկած ժամանակաշրջանը: 

5. Ստուգման արդյունքներով կազմվել է թիվ 2314237 ստուգման ակտը, որի 4-րդ կետում արձանագրվել է հետևյալ խախտումը. «Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ կետի՝ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարումը, օգտագործումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Ստուգվող ժամանակաշրջանում նշված տեսակի գործունեություն իրականացվել է «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի կողմից, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ն 28.08.2007 թվականին ՀՀ պետատոմհսկողությունից ստացել է թիվ ՃԱՈ-110-2007 լիցենզիան, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն նման լիցենզիա չի ստացել»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի՝ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ ա) անձի դիմումը, բողոքը, բ) վարչական մարմնի նախաձեռնությունը: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից:

Նշված նորմերի մեկ համատեքստում վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինն օրենքով իրեն վերապահված հայեցողական լիազորությունները՝ իր նախաձեռնությամբ իրականացնելիս, վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունը պետք է իրականացնի նախաձեռնության օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Սույն գործի փաստերի համաձայն ստուգման հանձնարարագիրը հրապարակվել է 07.07.2008 թվականին, Ընկերությանը հանձնվել է 16.08.2008 թվականին, իսկ ստուգման ակտը կազմվել է 29.08.2008 թվականին: Այսինքն՝ տվյալ դեպքում ստուգման հանձնարարագրի հրապարակման օրը համարվում է վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության նախաձեռնության օր: Հաշվի առնելով, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմնի գործունեությունը պետք է իրականացվի 30 օրյա ժամկետում, ստացվում է, որ հանձնարարագիրը Ընկերությանը հանձնվել և ստուգման ակտը կազմվել է օրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերր, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում՝ համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները: Իսկ նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Սույն գործով վիճարկվող ակտում նկարագրված չէ արձանագրված խախտման կոնկրետ ժամկետները, չկա հղում համապատասխան փաստաթղթերին: Վիճարկվող ակտում ստուգումն իրականացրած անձինք արձանագրել են. «Հիմնվելով հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների, կատարողական ակտերի վրա...», սակայն չեն մանրամասնել, թե ինչ հաշվետվությունների ու կատարողական ակտերի վերաբերյալ է իրենց կողմից կատարված գրառումը: Ավելին` ստուգումն իրականացրած անձինք իրացնելով օրենսդրի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի զ) կետով իրենց տրված իրավունքը կարող էին ստուգման հետ կապված փաստաթղթերից կատարել լուսապատճեներ և որպես ակտի անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթեր կցեին ստուգման ակտին, որպիսի գործողությունը կհիմնավորեր իրականացված ստուգումը գործող օրենսդրության պահանջների սահմաններում իրականացված լինելու հանգամանքը:

Բացի այդ, ակտում նշված չէ պարտավորության առաջացման կոնկրետ ժամկետները: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301 հոդվածի առաջին մասի համաձայն՝ հարկային oրենuդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապեu հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ ստուգման ժամանակահատվածն ընդգրկել է 21.07.2004 թվականից մինչև 29.08.2008 թվականն ընկած ժամանակահատվածը, ապա պարտավորություն կարող էր առաջադրվել միայն ակտը կազմելու օրվան նախորդող երեք տարիների համար` 29.08.2005 թվականից մինչև 29.08.2008 թվականը ժամանակահատվածի համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ չի համարում անդրադառնալ բողոքի մյուս պատճառաբանություններին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան