ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0173/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0173/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Է. Մուրադյան | |
Դատավորներ՝ Վ. Թորոսյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Անտոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Անտոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` առևտրի սրահի նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անուշ Անտոնյանը պահանջել է Երևանի Գ. Հասրաթյան փողոցի 10/3 հասցեում գտնվող 31.0քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը, իսկ շինությամբ զբաղեցված 31.0 քմ հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 06.06.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Անտոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ 20.11.2006 թվականին կնքված պայմանագրում հողամասը «կառուցապատման իրավունքով» տրամադրելու մասին ոչ մի նշում չկա:
20.11.2006 թվականին կնքված պետության սեփականություն հանդիսացող հողամասի փոխանակության պայմանագրով կողմերի միջև 17.09.2004 թվականին կնքված 31.0 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագրի պայմանները չեն փոփոխվել, այլ միայն 17.09.2004 թվականին կնքված պայմանագրով, վարձակալությամբ տրված 31.0 քմ մակերեսով հողամասի տեղն է փոխվել 1,5 մ չափով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008թ որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.06.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.11.2007 թվականի թիվ 18-06/2-22090 գրության համաձայն` 31.0 քմ մակերեսով հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին, սակայն այն ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, հետևաբար օտարվել չի կարող և կարող է տրամադրվել կառուցապատման իրավունքով:
ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերն ու շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 17.09.2004 թվականի թիվ 698/6-Պփ հողամասի վարձակալության պայմանագրի համաձայն՝ Քաղաքապետարանը Երևանի Լենինականի փողոցի թիվ 10 շենքի դիմացի մասում գտնվող 31.0 քմ մակերեսով հողամասը տիրապետման և օգտագործման իրավունքով տրամադրել է Անուշ Անտոնյանին: (գ. թ. 9, հ. 1-ին):
2. 30.09.2004 թվականի թիվ 1159868 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Լենինականի փողոցի թիվ 10 շենքի դիմացի մասում գտնվող 31.0 քմ մակերեսով առևտրի սրահի նկատմամբ գրանցվել է Անուշ Անտոնյանի սեփականության իրավունքը, իսկ 31.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալությամբ տրված օգտագործման իրավունքը (գ. թ. 31, հ. 1-ին):
3. 20.11.2006 թվականի պետության սեփականությունը հանդիսացող հողամասի փոխանակության թիվ 26/7-Պփ պայմանագրի համաձայն՝ Քաղաքապետարանը Երևանի Գ.Հասրաթյան փողոցի 8 և 10 շենքի դիմացի մասում գտնվող, պետության սեփականությունը հանդիսացող 31.0 քմ մակերեսով հողամասը առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով փոխանակել է Անուշ Անտոնյանին վարձակալության իրավունքով պատկանող 31.0 քմ մակերեսով, առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով համարժեք հողամասի հետ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել է Կադաստրում (գ. թ. 20, հ. 1-ին):
4. Քաղաքապետարանի թիվ 20/1-Ա-3661 գրությամբ մերժվել է Անուշ Անտոնյանին 31.0 քմ մակերեսով նոր կառուցված առևտրի սրահի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը: Մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հողամասը, որի վրա կառուցված է առևտրի սրահը, գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և այդ իսկ պատճառով հողամասը տրամադրվել է կառուցապատման իրավունքով (գ. թ. 37, հ. 1-ին):
5. Նոր առևտրի սրահի կառուցման համար Քաղաքապետարանի կողմից Անուշ Անտոնյանին տրվել են ճարտարապետաշինարարական փաստաթղթեր` 25.12.2006 թվականի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 14.02.2007 թվականի շինարարության թույլտվությունը, 20.02.2007 թվականի քանդման թույլտվությունը, 16.10.2007 թվականի շինարարության շահագործման փաստագրման ակտը, Գ. Հասրաթյան փողոցի թիվ 8 և 10 շենքերի դիմաց գտնվող, Անուշ Անտոնյանի կողմից կառուցված առևտրի սրահին տրամադրվել է նոր հասցե՝ Գ.Հասրաթյան փողոց 10/3 (գ. թ. 22-28, հ. 1-ին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն` հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:
ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վարձակալության պայմաններով հողամասեր են տրամադրել, կարող են այդ մարմինների համաձայնությամբ իրենց հողամասերը փոխանակել կամ կամովին հրաժարվել դրանցից:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ վարձակալության պայմաններով տրամադրված հողամասը կարող է փոխանակվել մեկ այլ հողամասի հետ:
Սույն գործով Անուշ Անտոնյանի հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման առաջին կետում նշվել է, որ հայցվոր Անուշ Անտոնյանին փոխանակության կարգով 31,0 քմ մակերեսով հողամասը տրամադրվում է «կառուցապատման իրավունքով», որը հակասում է ինչպես գործի փաստական հանգամանքներին, այնպես էլ հողի վարձակալության մասին և հողի փոխանակման մասին նշված պայմանագրերին, ՀՀ Սահմանադրության և օրենքների թվարկված հոդվածների պահանջներին, խախտվել է առևտրի սրահի նկատմամբ հայցվոր Անուշ Անտոնյանի ունեցած սեփականության իրավունքը, իսկ հողամասի նկատմամբ` վարձակալությամբ օգտագործման իրավունքը, դրանով իսկ վատթարացվել է վերջինիս իրավական կարգավիճակը, հետևաբար Երևանի քաղաքապետի 19.10.2006 թվականի թիվ 1659-Ա որոշման մեջ եղած «կառուցապատման իրավունքով» նշումն իրավաբանական ուժ չունի: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1 հոդվածի համաձայն` այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի և հայցվոր Անուշ Անտոնյանի միջև նման պայմանագիր չի կնքվել, այլ կնքվել է հողամասի փոխանակության պայմանագիր, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում նախկինում` 17.09.2004 թվականին կնքված 31,0 քմ մակերեսով հողամասի վարձակալության մասին պայմանագիրը»:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ Անուշ Անտոնյանը Երևանի քաղաքապետարանի հետ հողամասի փոխանակության պայմանագրի կնքումով ըստ էության իր ազատ կամահայտնությունն է հայտնել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը փոխանակելու կառուցապատման իրավունքով հատկացվող հողամասի հետ:
Սույն գործի փաստերից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Անուշ Անտոնյանին ոչ թե նոր հողամաս է տրամադրվել կառուցապատման կամ վարձակալության իրավունքով, այլ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով կատարվել է 17.09.2004 թվականի վարձակալության պայմանագրի առարկա հանդիսացող 31.0 քմ մակերեսով հողամասի փոխանակություն: Այսպիսով, 20.11.2006 թվականի հողամասի փոխանակության պայմանագրով կողմերի միջև 17.09.2004 թվականի 31.0 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագրի պայմանները չեն փոփոխվել, այլ միայն արդեն իսկ 17.09.2004 թվականի պայմանագրով, վարձակալությամբ տրված 31.0 քմ մակերեսով հողամասի տեղն է փոխվել 1.5 մետր չափով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 17.09.2004 թվականի հողի վարձակալության պայմանագիրը պահպանել է իր ուժը, այսինքն` Անուշ Անտոնյանը փոխանակված հողամասի նկատմամբ ունի օգտագործման իրավունք վարձակալության պայմաններով:
Միաժամանակ, հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պայմանագրի առարկան է Երևանի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 10 և 8 շենքի դիմացի մասում գտնվող 31.0 քմ մակերեսով հողամասը, որը տրվել է վարձակալության իրավունքով: Պայմանագրում նշված «կառուցապատման նպատակը» նույնական չէ «կառուցապատման իրավունք» հասկացության հետ:
«Կառուցապատման նպատակով» նշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ, այսինքն՝ նրանով ոչ թե սահմանվել են գույքային իրավունքներ, այլ որոշվել է հողամասի նպատակային նշանակությունը:
Պայմանագրում «առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակի» նշումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսդրության պահանջներով (մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը դասակարգվում է ըստ նպատակային նշանակության). պարտադիր է հողամասի նպատակային նշանակության նշումը, քանի որ հողամասերի դասակարգումով է պայմանավորված, թե ինչ իրավական ռեժիմ է նրա վրա տարածվում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն սկզբունքով պետք է ղեկավարվել նաև 21.11.2006 թվականի պայմանագիրը մեկնաբանելիս. «կառուցապատման նպատակ» նշումը ցույց է տալիս, թե ինչ նպատակային նշանակությամբ կարող է օգտագործվել հողամասը: Այսպիսով` քննարկվող պայմանագրի առարկան վարձակալությունն է, իսկ նպատակը` կառուցապատումը:
Վերը նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ 20.11.2006 թվականի պայմանագրի 12-րդ կետում նշված է. «Սույն պայմանագրի բաղկացուցիչ մաս է համարվում նաև հողի վարձակալության պայմանագիրը»: Այսինքն` 17.09.2004 թվականի Երևանի քաղաքապետարանի և Անուշ Անտոնյանի միջև վարձակալության պայմանագրի դրույթները 20.11.2006 թվականի պայմանագրի հետ միասին շարունակում են կիրառվել: Հետևաբար` այս երկու պայմանագրերի գործողության ուժով Անուշ Անտոնյանին փոխանակության պայմանագրով տրամադրված 31.0 քմ մակերեսով հողամասը տրվել է օգտագործման` վարձակալության իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված պատճառաբանություններից ելնելով պատշաճ գնահատականի չեն արժանացել Անուշ Անտոնյանի և Քաղաքապետարանի միջև կնքված 17.09.2004 թվականի թիվ 698/6-Պփ հողամասի վարձակալության պայմանագիրը, Անուշ Անտոնյանի և Քաղաքապետարանի միջև կնքված 20.11.2006 թվականի պետության սեփականությունը հանդիսացող հողամասի փոխանակության թիվ 26/7-Պփ պայմանագիրը, ինչպես նաև վարձակալած հողամասի վրա Անուշ Անտոնյանի կողմից սեփական գույք ստեղծելու տեսանկյունից ճարտարապետահատակագծային՝ 25.12.2006 թվականի առաջադրանքը, 14.02.2007 թվականի շինարարության թույլտվությունը, 20.02.2007 թվականի քանդման թույլտվությունը, շինարարության շահագործման փաստագրման 16.10.2007 թվականի ակտը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 31.10.2007 թվականի թիվ 4527-Ա որոշումը (որով Անուշ Անտոնյանի կողմից կառուցված առևտրի սրահին տրամադրվել է Գ. Հասրաթյան փողոց թիվ 10/3 հասցեն):
Վերը նշված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա Վերաքննիչ դատարանը կհանգեր եզրակացության, որ վարձակալության իրավունքով պատկանող հողամասում Անուշ Անտոնյանի կողմից բոլոր քաղաքաշինական կանոնների պահպանմամբ կառուցվել է շինություն, որի նկատմամբ վերջինս ձեռք է բերել սեփականության իրավունք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
- Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռին:
- Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Մ. Դրմեյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Ե. Խունդկարյան