Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին 1993 թվականի հունվարի 11-ի Համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառում համագործակցության մասին 1995 թվականի նոյեմբերի 13-ի Համաձայնագրով, նպատակ ունենալով երկու պետությունների ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում հետագա փոխգործակցության համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը Երևանում հիմնում են ռուս-հայկական համալսարան (այսուհետ` Համալսարան):
Համալսարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համատեղ վարման պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, օգտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական համալսարանների կարգավիճակից:
ՀՈԴՎԱԾ 2
Համալսարանի հիմնական խնդիրներն են.
անհատի կրթական պահանջմունքների բավարարում, բարձրագույն կրթությամբ մասնագետների և հումանիտար, բնագիտական, տնտեսագիտական և իրավաբանական պրոֆիլներով գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում,
աջակցություն երկու պետությունների գիտական և կադրային ներուժերի զարգացմանը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտամանկավարժական կադրերին Համալսարանում աշխատանքի համար ներգրավելու միջոցով,
առաջավոր ուսումնամեթոդական տեխնոլոգիաների կիրառում և կրթության ու գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ձեռք բերված նվաճումների և փորձի օգտագործում,
աջակցություն երկու պետությունների ժողովուրդների մշակույթի, լեզվի, պատմական և ազգային ավանդույթների պահպանմանը, զարգացմանը և փոխադարձաբար հարստացմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Ուսուցումը Համալսարանում իրականացվում է ռուսերենի, հայերենի պարտադիր դասավանդմամբ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կստեղծեն ռուս-հայկական համատեղ մշտական աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության ներկայացուցիչներից` Համալսարանի գործունեության նյութատեխնիկական, ֆինանսական և ուսումնամեթոդական ապահովման հարցերի լուծման, ինչպես նաև դիմորդների մրցութային ընտրության անցկացման պայմանների և կարգի որոշման համար:
Համալսարանի նյութական բազայի ձևավորումն իրականացվում է ռուս-հայկական համատեղ աշխատանքային խմբի հանձնարարականների համաձայն` հաշվի առնելով հատկացվող օբյեկտների` Կողմերի պետությունների օրենսդրությանը և բարձրագույն դպրոցի նորմատիվներին համապատասխանությունը:
ՀՈԴՎԱԾ 5
Հայկական Կողմը Համալսարանին տրամադրում է շենքեր, շինություններ, ուսանողական հանրակացարաններ, հողամասեր կամ պատրաստի օբյեկտներ Համալսարանի սպորտային, բուժպրոֆիլակտիկ և մշակութային հաստատությունների համար, ինչպես նաև պարտավորվում է աջակցել հրավիրված գիտամանկավարժական աշխատողների համար սոցիալ-կենցաղային պայմաններ ստեղծելու գործում` Կողմերի պետությունների օրենսդրությանը և բարձրագույն դպրոցի նորմատիվներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6
Համալսարանի գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարությանը և Ռուսաստանի Դաշնության ընդհանուր և մասնագիտացված կրթության նախարարությանը Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին կրթության ծախսերի համար նախատեսված հատկացումների շրջանակներում` հավասարության սկզբունքով:
Համալսարանին թույլատրվում է օգտագործել կամավոր վճարները` ստացված երկու պետությունների ձեռնարկատիրական կառույցներից, ոչ կառավարական հիմնադրամներից, հասարակական կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից և Կողմերի պետությունների օրենսդրությամբ չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներից:
ՀՈԴՎԱԾ 7
Համալսարանը Կողմերի շահագրգիռ գերատեսչությունների հրավերով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պետական ֆինանսավորման հաշվին իրագործվող գիտական ծրագրերի և նախագծերի կատարմանը, ինչպես նաև երկու պետությունների և արտասահմանյան երկրների տարբեր հումանիտար ֆոնդերում:
ՀՈԴՎԱԾ 8
Համալսարանի գործունեությունը կանոնակարգվում է նրա կանոնադրությամբ, որը սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության բնագավառում գործադիր իշխանության պետական մարմինների կողմից:
ՀՈԴՎԱԾ 9
Կրթական գործունեությունը Համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության ռուսական պետական կրթական ստանդարտի և հայկական Կողմի հաստատած ազգային-տարածաշրջանային բաղադրիչների հիման վրա:
Գործավարությունը Համալսարանում իրականացվում է ռուսերեն:
ՀՈԴՎԱԾ 10
Համալսարանի ռեկտորը ընտրվում է Համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով և հաստատվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության բնագավառում գործադիր իշխանության պետական մարմինների համատեղ որոշմամբ:
Իր առջև դրված խնդիրների լուծման գործում Համալսարանին աջակցություն է ցույց տալիս հոգաբարձուների խորհուրդը, որի մեջ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախարարությունների (գերատեսչությունների), Հայաստանի Հանրապետության ռուսական համայնքի, ձեռնարկատիրական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՈԴՎԱԾ 11
Համալսարան ընդունվելու իրավունքից օգտվում են ընդհանուր միջնակարգ (լրիվ) կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող և ռուսաց լեզվին տիրապետող անձինք` անկախ ազգությունից, սեռից, տարիքից, դավանանքից, սոցիալական դրությունից և քաղաքական հայացքներից:
Ուսանողների ընդունելությունը Համալսարան իրականացվում է մրցութային ընտրության հիման վրա` ընդունելության քննությունների արդյունքներով:
ՀՈԴՎԱԾ 12
Համալսարան ուսանողների ընդունելության հսկիչ թվերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության բնագավառում գործադիր իշխանության պետական մարմինների համատեղ որոշմամբ:
ՀՈԴՎԱԾ 13
Համալսարանի արտոնագրման և պետական հավատարմագրման, կադրերի պատրաստման որակի վերահսկողության, կրթության մասին փաստաթղթերի տրման, գիտական աստիճանների և կոչումների շնորհման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կրթության բնագավառում գործադիր իշխանության պետական մարմինների և ատեստացիոն մարմինների կողմից համատեղ:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է 10 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պետական ընթացակարգերը կատարելու մասին միմյանց ծանուցելուց հետո: Դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ տասնամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից ոչ մեկը հերթական ժամանակաշրջանի ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերը ապահովում են Համալսարանի ուսանողների ուսման ավարտը, նշանակում են լուծարային հանձնաժողով, որը կազմում է Համալսարանի գույքի լուծարային հաշվեկշիռ: Լուծարային հաշվեկշիռը ներկայացվում է Կողմերի հաստատմանը:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի դեկտեմբերի 9-ից: