Գլխավոր տեղեկություն
Համար
N 412
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.12.2001-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 412
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-577 հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 289 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 13 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. ՀՀ բնապահպանության նախարարություն  110   3   -»:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 3-ի N 412 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության

I. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության ոլորտում (այսուհետև` ոլորտ) իրականացնում է բնապահպանական պետական կառավարում և բնապահպանական պետական վերահսկողություն:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում որպես հայցվոր և պատասխանող:

4. Նախարարությունն իր սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

7. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանրապետության բնական ռեսուրսների` ընդերքի, հողի, ջրի, մթնոլորտի, բուսական և կենդանական աշխարհի, ներառյալ` անտառի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրության, պահպանության, արդյունավետ և ռացիոնալ օգտագործման, վերարտադրության պետական կառավարումն ու բնապահպանական պետական վերահսկողությունը: Շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության ուսումնասիրությունը, դրա բարելավման նպատակով աշխատանքների կազմակերպումն ու այդ գործունեության արդյունավետության բարձրացումը.

բ) ոլորտում պետական քաղաքականության ռազմավարության, ներդրումային քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.

գ) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու վերականգնման տնտեսական մեխանիզմների մշակման և ներդրման ապահովումը.

դ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության էկոլոգիական գիտակրթական ռազմավարության հիմնական ուղղությունների և գերակայությունների մշակումը, ոլորտի գիտական աշխատանքների փորձաքննությունը, բնապահպանական գիտելիքների տարածումը, գիտահետազոտական, գիտահանրամատչելի նյութերի հրատարակման ապահովումը.

ե) ոլորտին վերաբերող առաջարկությունների մշակումը` հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.

զ) ոլորտին առընչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, մեթոդական հրահանգների սահմանված կարգով մշակման ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների միասնական համակարգի ներդրմանը և բնականոն գործունեության ապահովմանը մասնակցությունը.

ը) իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և բնական ռեսուրսների օգտագործման պետական նորմավորումը.

թ) իր իրավասության սահմաններում բնական պաշարների միասնական հանրապետական ֆոնդերի տնօրինումը և համապատասխան կադաստրների վարումը.

ժ) բնառեսուրսային տվյալների բանկի ստեղծումը և վարումը, սահմանված կարգով այդ տվյալները պետական մարմիններին, կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրումը.

ժա) բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի վիճակի ուսումնասիրության ու պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումը, տեղադրումը և դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների հաշվառման կազմակերպումը, հաշվառման կարգի, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդի վրա ներգործություն ունեցող օբյեկտների, ջրային ռեսուրսների, կենսաբանական ռեսուրսների պետական հաշվառումը, ինչպես նաև ոլորտին վերաբերող պետական վիճակագրական հաշվետվությունների հաշվառման իրականացումը.

ժդ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական էկոլոգիական փորձաքննության ապահովումը.

ժե) շրջակա միջավայրի վիճակի պետական մոնիտորինգի կազմակերպումը.

ժզ) հիդրոօդերևութաբանական ռեժիմային և հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ու կանխատեսումների աշխատանքների կազմակերպումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգերի սահմանումը և դրանց վարման աշխատանքների կազմակերպումը.

ժը) օտարածին բուսական ու կենդանական տեսակներից և կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների համակարգումը.

ժթ) բնության հուշարձանների հաշվառման, անձնագրավորման աշխատանքների կազմակերպումը, դրանց ցանկի վարումը, պահպանության նկատմամբ վերահսկողությունը և բնության օբյեկտները բնության հուշարձաններ հայտարարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.

ի) իր իրավասության սահմաններում վտանգավոր նյութերի և թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) օգտագործման էկոլոգիական կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրերի փորձաքննությունը.

իա) սահմանված կարգով հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի, արտադրության և սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) հաշվառումը, պետական ռեգիստրի ստեղծումն ու վարումը.

իբ) օգտակար հանածոների հանքավայրերի օգտագործման տրամադրման, արդյունագործական ձկնորսության և անտառների վերականգնման ու օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրերի կնքումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.

իգ) ընդերքի, այդ թվում` նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրման, երկրաբանահետախուզական աշխատանքների պետական գրանցումը, հաշվառումը և օգտագործման աշխատանքների նկատմամբ պետական երկրաբանական վերահսկողության իրականացումը.

իդ) ընդերքի օգտագործման, այդ թվում` օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և վերամշակման հետ կապված նախագծերի երկրաբանական, լեռնաերկրաբանական ու երկրաբանաբնապահպանական փորձաքննության իրականացումը, կատարվող աշխատանքների` հաստատված նախագծերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը.

իե) հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատանքների կազմակերպումը և վարումը.

իզ) օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի փորձաքննությունն ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը.

իէ) հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներին համապատասխան ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննությունն ու այդ պաշարների հաստատումը, վերահաստատումը, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրումը.

իը) հանրապետության հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին մասնակցությունը, հողերի պահպանության և օգտագործման բնապահպանական նորմերի ու նորմատիվների մշակման ապահովումը.

իթ) հողերի ողողումներից, հողատարումից, ճահճացումից, ինչպես նաև քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական թափոններով աղտոտումից պաշտպանելու, պահպանելու միջոցառումների և պետական ծրագրերի մշակման ու դրանց իրականացման կազմակերպմանը մասնակցությունը.

լ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ սահմանված կարգով պետական վերահսկողության իրականացումը.

լա) օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի աղտոտվածության սահմանված նորմերի խախտման հետևանքով պետությանը հասցված վնասների փոխհատուցման համար հայցեր ներկայացնելը.

լբ) օրենքով սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտումներով կատարվող աշխատանքների վրա արգելք դնելը, շրջակա միջավայրի պահպանության նորմերն ու կանոնները խախտող կազմակերպությունների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը.

լգ) իր իրավասության սահմաններում նոր կառուցվող օբյեկտների տեղի ընտրության ու շահագործման հանձնման պետական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը.

լդ) օրենքով սահմանված կարգով փոխադրամիջոցների մուտքի ժամանակավորապես կամ մշտական սահմանափակումը հանրապետության որոշակի գոտիներ, բնակավայրեր և ռեկրեացիոն վայրեր.

լե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բույսերի և կենդանիների տեսակների, դրանց արգասիքների, հեղուկ վառելանյութի, վտանգավոր նյութերի և թափոնների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով թույլտվությունների ու լիցենզիաների (արտոնագրերի) տրամադրումը.

լէ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

լը) իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, վավերացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցության ապահովումը.

լթ) ոլորտին անհրաժեշտ կադրերի պատրաստման գծով պետական պատվերի տեղադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

8. Նախարարության համակարգը (այսուհետև` համակարգ) ընդգրկում է իր ենթակայության գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամբողջությունը:

9. Նախարարությունն ընդհանրացնում է ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

10. Նախարարությունը`

ա) իր կանոնադրական խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

բ) կազմակերպում է նախարարության աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները.

գ) կազմակերպում է նախարարության և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարբերաբար ստուգում աշխատողների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, դրա օտարումը և վարձակալության հանձնումը, իրականացնում է իր ոլորտի կազմակերպություններում պետական մասնակցությունից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ.

ե) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկում է քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց առաջարկությունները, դիմումները և բողոքները.

զ) նախարարության ոլորտի կառավարման հարցերը քննարկվում են կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցմամբ, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց լիազորությունների հստակ սահմանման հիման վրա:

11. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետև` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության գլխավոր պետական տեսուչը:

12. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ.

գ) սահմանում է իր տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, ինչպես նաև կոլեգիայի անհատական կազմը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկերում բացում է հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը, տալիս լիազորագրեր, կնքում քաղաքացիաիրավական և այլ պայմանագրեր.

ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին.

թ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության ենթարկում նախարարության պաշտոնատար անձանց և աշխատողներին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իրավաբանական անձանց` մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով, կամ նախարարության պաշտոնատար անձանց լիազորում է իրականացնել այդ իրավասությունները.

ժա) նախագահում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալներն ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ:

15. Նախարարության կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

16. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, ձևակերպվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

18. Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 3-ի N 412 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի

Կենսաբազմազանության և հողերի պահպանության վարչություն

Ընդերքի պահպանության և հանքային ռեսուրսների վարչություն

Ջրային ռեսուրսների պահպանության վարչություն

Մթնոլորտի պահպանության վարչություն

Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն

Օրենսդրության վարչություն

Բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Նախարարի աշխատակազմ

Քարտուղարություն

 

(կառուցվածքը խմբ. 12.11.01 N 799)