ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 ապրիլի 2009 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՍՈՖԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2009 թվականի ապրիլի 1-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին` Սոֆիայում:
2. «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ում վավերացվել է 1995թ. սեպտեմբերի 26-ին` Ազգային ժողովի Ն-012-I որոշմամբ:
3. Արձանագրության նպատակն է անհրաժեշտ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր), և Համաձայնագիրը համապատասխանեցնել երկու պետությունների տնտեսական և իրավական փոփոխություններին:
4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`
● Համաձայնագրի գործողությունը տարածել շահութահարկի, ֆիզիկական անձանց եկամտահարկի և գույքահարկի վրա,
● ուժը կորցրած ճանաչել Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետը և 28-րդ հոդվածը,
● երաշխավորել, որ գանձվող հարկը չի գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե ռեզիդենտը համարվում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 100.000 ԱՄՆ դոլարի կամ ազգային արժույթով դրա համարժեք գումարի սեփականատերը, եթե շահաբաժիններ ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է,
● երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում առաջացած տոկոսներից գանձված հարկը չի գերազանցի տոկոսների համախառն գումարի 5%-ը, եթե այդպիսի տոկոսները վճարվել են բանկի կամ ֆինանսական հաստատության կողմից տրված ցանկացած փոխառության դիմաց, կամ տոկոսների համախառն գումարի 10%-ը` մյուս բոլոր դեպքերում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը Բուլղարիայի Հանրապետության ռեզիդենտ է,
● երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռոյալթիից գանձվող հարկը չի գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5%-ը` ստացված որպես փոխհատուցում գրական, գեղարվեստական կամ գիտական ցանկացած ստեղծագործության, ներառյալ կինոժապավենների, կամ հեռուստառադիոհեռարձակման համար նախատեսված տեսաժապավենների կամ ձայներիզների հեղինակային իրավունքի, օգտագործելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման դիմաց, կամ ռոյալթիի համախառն գումարի 10%-ը` մյուս բոլոր դեպքերում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը Բուլղարիայի Հանրապետության ռեզիդենտ է,
● Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 3.ա կետերում չնշված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները ՀՀ-ում հարկել միայն այն պարագայում, եթե գույք օտարողը ՀՀ ռեզիդենտ է,
● երաշխավորել, որ Համաձայնագրի 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանմամբ` Բուլղարիայի Հանրապետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և այլ նմանատիպ վարձատրությունը և անուիտետը կհարկվեն միայն Բուլղարիայի Հանրապետությունում,
● չնայած Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին` երաշխավորել, որ վճարված կենսաթոշակները և Բուլղարիայի Հանրապետության սոցիալական ապահովման համակարգի մաս կազմող պետական ծրագրով կատարված նմանատիպ այլ վարձատրությունը կհարկվեն միայն Բուլղարիայի Հանրապետությունում,
● ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները Համաձայնագրի կամ ՀՀ օրենքների դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանցեն Բուլղարիայի Հանրապետության իրավասու մարմիններին ՀՀ կամ ՀՀ իշխանության տեղական մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի վերաբերյալ, քանի դեռ այդ հարկումը չի հակասում Համաձայնագրին,
● արձանագրությունը տարածել եկամտի և գույքի վրա` արձանագրության ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող հարկային տարում:
5. Հայաստանի Հանրապետության` արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Սոֆիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 ապրիլի 2009 թ. |