Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/1494/05/08
2008 թ.

Դատավոր՝ Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Լենո Զախարյանի՝ տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Երևանի քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Լենո Զախարյանից Երևանի քաղաքապետարանի 07.11.2007 թվականի որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել տարածքը բերել նախկին տեսքի:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.08.2008 թվականի վճռով 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցապահանջի նշված մասից հրաժարվելու հիմքով, իսկ տարածքը նախկին տեսքի բերելուն պատասխանողին պարտավորեցնելու մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը եզրահանգելով, որ բացակայում են տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու իրավական հիմքերը, սխալ է մեկնաբանել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետը, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետը քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Դատարանը հանգել է սխալ եզրակացության, որ «միջոցներ ձեռնարկելը» չի նշանակում առանց վարչական ակտի ընդունման պարտավորեցման հայցադիմում դատարան ներկայացնելը: Դատարանի նշված եզրահանգումն անհիմն է, քանի որ տարածքը նախկին տեսքի բերելու առաջարկությունը նախատեսված է Երևանի քաղաքապետի՝ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ:

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը, որի հետևանքով սխալ եզրահանգում է արել այն մասին, որ ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ որևէ նորմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կամ որևէ այլ իրավական ակտով նախատեսված չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցն այդ մասով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.09.2005 թվականի թիվ 1212759 վկայականի համաձայն՝ Նորք-Մարաշ համայնքի Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող 63,9քմ մակերեսով բնակելի տունը, 21քմ օժանդակ շինությունը և 0,05հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Լենո Զախարյանին:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների 26.10.2007 թվականի արձանագրության համաձայն՝ Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում հայտնաբերել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի խախտման փաստ, այն է՝ Լենո Զախարյանի կողմից Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող սեփական տան վրա, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ինքնակամ կառուցվել է 64քմ մակերեսով մանսարդային հարկ:

3. Երևանի քաղաքապետի՝ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշման համաձայն՝ Լենո Զախարյանը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամ տուգանքի տեսքով: Նշված որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է նաև միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

4. Երևանի քաղաքապետի՝ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ նշանակված 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը Լենո Զախարյանի կողմից վճարվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում Երևանի քաղաքապետն իրականացնում է քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Սույն գործի փաստերից հետևում է, որ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, Լենո Զախարյանն ինքնակամ կառուցել է 64քմ մակերեսով մանսարդային հարկ, որի համար Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Ընդ որում, Երևանի քաղաքապետը, վերը նշված վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ առաջարկել է Լենո Զախարյանին միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

Փաստորեն, Երևանի քաղաքապետը, ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, միջոցներ է ձեռնարկել ապօրինի շինարարության վերացման ուղղությամբ, որպիսի գործողություններն իրենց մեջ ընդգրկում են նաև ինքնակամ կառույցի քանդման ու հողամասի սեփականատիրոջ հաշվին հողամասի նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ բացակայում է տարածքը նախկին տեսքի բերելուն Լենո Զախարյանին պարտավորեցնելու պահանջի բավարարման իրավական հիմքերը:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 07.11.2007 թվականի թիվ Վ-18/4 որոշմամբ Լենո Զախարյանին առաջարկվել է տարածքը բերել նախկին տեսքի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է դատարանի եզրահանգումն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը պարտավորեցման հայցադիմում է ներկայացրել դատարան առանց վարչական ակտի ընդունման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցը բավարարել. պարտավորեցնել Լենո Զախարյանին ք. Երևան, Նորքի այգիներ թիվ 180ա հասցեում գտնվող տարածքը բերել նախկին տեսքի:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան